«Այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս բացահայտեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման և իրականացման ժամկետները: 2017 թվականի իր ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացմանը, նախարարը նախ ասաց, որ համաձայնագիրը լուրջ հանգրվան է ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

Ըստ Նալբանդյանի՝ այսօր Հայաստանը պետք է ամփոփի այն ձեռքբերումները, որոնք եղել են ԵՄ-ի հետ հարաբերություններում, դրա հիման վրա նախանշենք անելիքները գալիք տարիների համար։

«Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: ՀՀ-ն հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որ այս փաստաթուղթը վավերացվի մինչև ապրիլ, բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում։ Իհարկե, հուսով ենք, որ առանց որևէ խոչընդոտի՝ կվավերացվի ԵՄ այլ երկրների կողմից, բայց արդեն մեր վավերացումից հետո կարող է ժամանակավոր սկսվել պայմանագրի իրագործումը, հնարավոր է, որ դա լինի մայիսի մեկից սկսած կամ հուլիսի մեկից։

Մենք շարունակելու ենք նաև մեր ակտիվ ներգրավվածությունն այն ծրագրերի շրջանակներում, որոնց Հայաստանը միացել է կամ պատրաստվում է միանալ, նկատի ունեմ «Հորիզոն 20/20», «Կոսմե». «Ստեղծարար Եվրոպա», «Միասնական ավիացիոն գոտի», և այլն։ Կարևոր է նաև, որ առավել ջանքեր գործադրվեն Եվրոպական միության երկրների հետ հարաբերությունների առավել զարգացման, ընդլայնման, ամրապնդման համար»,- մանրամասնել էր Նալբանդյանը։

«168 Ժամի» հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ նման համաձայնագրի վավերացման գործընթացները թե՛ ԵՄ-ում, թե՛ մյուս կողմում սովորաբար այնքան են երկարաձգվում, որ դժվար է ասել, թե ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետն ո՞ւշ է, թե՞ ոչ: Ըստ նրա, բնականաբար, ցանկության և քաղաքական նպատակահարմարության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել վավերացման գործընթացը:

«Սակայն հայկական կողմը, ինչպես երևում է, հաշվի է առնում, որ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը կարող է ձգձգվել, ուստի առանց շտապողականության կենտրոնանում է ներքաղաքական փոփոխությունների վրա, որին ԵՄ-ն դեմ չէ, կարծես այս հարցի վերաբերյալ կողմերը կոնսենսուս ունեն: ԵՄ-ն հասկանում է, որ միայն փոփոխություններից հետո Հայաստանը կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները, հավելյալ ճնշումներ ԵՄ-ն կիրառել չի ցանկանում, գլխավոր որոշումները թողել է Հայաստանի հայեցողությանը»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը:

Վերջինիս կարծիքով՝ իրերի նման դրությունը ձեռնտու է նաև ԵՄ-ին, որը ժամանակ է շահում, որպեսզի ԵՄ մյուս երկրները ևս հասցնեն վավերացնել համաձայնագիրը:

«Բայց հարկ է նշել, որ Հայաստանը կարողանալու է օգտվել համաձայնագրի համարյա թե կեսից՝ առանց ԵՄ բոլոր անդամ երկրների վավերացման, այդ մասին ԵՄ-ն տեղեկացրել է, սա արտոնություն է, ԵՄ-ն այդ զիջումն անում է՝ կանխատեսելով հնարավոր ժամանակային խնդիրները, որոնք սովորաբար առաջանում են ԵՄ-ում: Բայց ԵՄ-ն ներկայիս իշխանությունների հետ արդյունավետ աշխատել է, սա ևս կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար այն ժամկետները, որոնք նշվում են: ԵՄ-ի համար կարևոր է այն հանձնառությունը, որը կա, և որում համոզվել է եվրոպական կողմը»,- ասաց Զաշտովտը:

Բայց նա նաև համաձայն է հայաստանյան մամուլում շրջանառվող այն կարծիքին, որ հստակեցված չեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման, իրականացման ժամկետները, ձևաչափերը, ընդհանուր առմամբ չկա հստակություն գործընթացի իրականացման վերաբերյալ, որը, բնականաբար, հարցեր է առաջացնում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ ԵՄ-ում ամրացնում է այն կարծիքի դիրքերը, որի համաձայն՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունն անկեղծ չէ և ռեսուրսի անիմաստ ծախս է: Լեհ քաղաքագետի խոսքով՝ համաձայնագրի լիակատար իրագործման համար անհրաժեշտ է հստակություն բոլոր կողմերից, որն այս դեպքում չկա:

«Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ համաձայնագիրը կիրագործվի, ինչպես կողմերը նախատեսել են, պարզապես այս պահին յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում` հասկանալով, որ հենց այս պահին այդ իրագործումը հնարավոր չէ»,- նկատեց լեհ վերլուծաբանը: Ինչ վերաբերում է եվրոպական կողմի դիրքորոշմանը, ապա լեհ վերլուծաբանը հորդորում է հասկանալ այն, որ Եվրոպայի համար առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն հարաբերություններ է զարգացնում կոնֆլիկտի մեջ գտնվող երկրի գործընկերոջ հետ: Նման օրինակներ եղել են, սակայն ներկայումս ԵՄ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրները չեն վերացել, ուստի ԵՄ-ն զգույշ է թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա գործընկերների հետ: «ԵՄ-ի կողմից ցանկացած լծակի կիրառում, ճնշում կարող է սխալ մեկնաբանությունների տեղիք տալ, ուստի, հատկապես՝ Հայաստանի դեպքում, ԵՄ-ն շատ ավելի ազատ քաղաքականություն է որդեգրել՝ վստահելով իշխանությունների հավաստիացումներին»,- ասաց Զաշտովտը:

Իր հերթին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը մեզ հետ զրույցում ասաց, որ հայ պաշտոնյայի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չի տեսնում: «Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` համաձայնագիրը ստորագրվել է, դրանից ետդարձ չեմ կանխատեսում, ամեն բան, կարծում եմ, տեղի կունենա ժամանակին»,- ասաց Թեննոքը:

Նա նշեց, որ չնայած Հայաստանը հրաժարվել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի նոր համաձայնագիր ստորագրվի:

«Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար: ԵՄ-ի համար կարևոր են այս հարաբերությունները, քանի որ Հայաստանն ապացուցել է, որ քաղաքակրթապես Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է»,- ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս