Բաժիններ՝

«Տնտեսական աճը պետք է նպաստի միջին խավի կենսունակության բարձրացմանը»

Նախորդ տարեվերջին Հայաստանի տնտեսական ակտիվության 7.7 տոկոսանոց ցուցանիշը իրատեսական է դարձնում 2017 թվականին 6.7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշն իսկապես աննախադեպ է, կարծում եմ միանգամայն իրատեսական է, որ մարտի վերջին հրապարակվելիք տնտեսական աճի ցուցանիշը կարող է համապատասխանել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հնչեցրած գնահատականին` 6.7 տոկոս»,-ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանի խոսքով` տնտեսական ակտիվության աճին հանգեցրել են ոչ միայն առևտրի, ծառայությունների ոլորտներում երկնիշ աճողական ցուցանիշները, նաև շինարարության ոլորտի 2.2 տոկոսանոց աճը:

«Վերջապես շինարարության ոլորտը դուրս է եկել լճացման երկարաժամկետ փուլից: Ցավոք գյուղատնտեսության ոլորտն է դեռևս շարունակում խնդիրներ ստեղծել ու 3 տոկոսի անկումով է եզրափակել նախորդ տարին»,-հավելեց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է արտահանման 25.2 տոկոսանոց աճին` Ատոմ Մարգարյանը նկատեց, որ վերջինիս մեջ կարևոր դերակատարում են ունեցել 2017-ի ընթացքում միջազգային շուկայում պղնձի բարձր գները, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության ճյուղերում ակտիվությունը:

«Արտադրական ոլորտի ճյուղերից ես կառանձնացնեի սննդի արդյունաբերության ոլորտը, կոնյակի, ծխախոտի արտադրությունն ու արտահանումը, տեքստիլի արտահանումը, գյուղատնտեսական ոլորտից մսամթերքի արտահանումը»,-նշեց տնտեսագետը: Նրա խոսքով` որքան էլ քննադատենք եվրասիական ձևաչափը, միևնույն է այնտեղի գործընթացները ուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա: «Եթե ռուսական տնտեսությունը վերականգնվում է, իսկ դա այդպես է, քանի որ ՌԴ տնտեսական աճը 2 տոկոսի սահմաններում է գնահատվում, վերականգնվում է հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկը:

Նաև այն, որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների պայմաններում այդ երկիրն առևտրային հարաբերությունները հորիզոնական սկզբունքով վարում է իր գործընկեր երկրների հետ»,-նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա Ատոմ Մարգարյանն այն անփոխարինելի է համարում բարձր մասնաբաժին ապահովելու և տեխնոլոգիական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրանքի տեսանկյունից: Սակայն այս շուկայի հետ աշխատանքի առումով տնտեսագետը խնդրահարույց է համարում եվրոյի ամրապնդումը դոլարի նկատմամբ, նաև ինստիտուցիոնալ և օրենսդրական բնույթի խնդիրները, որոնք կարգավորման կարիք ունեն:

«2017-ին եվրոն դոլարի նկատմամբ 15 տոկոսով ամրապնդվել է, դա, այսպես ասած, վատ նորություն է եվրոպական շուկա արտահանողների համար: Այնպես որ, այդ խնդիրները հնարավորիս հաշվի առնելով, նվազ ծախսերով պետք է փորձել լուծել արտահանման խնդիրը»,-ասաց տնտեսագետը:

Երկրում տնտեսական գործընթացները վերընթաց գնահատելուն զուգահեռ, տնտեսագետը կոչ է անում աճի ներառականության հարցը չանտեսել: «Վերջին տարիներին այս մասին են խոսում Դավոսի` միջազգային տնտեսական ֆորումի փորձագետները: Նրանք մասնավորապես ներառական զարգացման ինդեքսում առաջարկել են, բացի համախառն ներքին արդյունքի ցուցանիշից, ևս 11 ցուցանիշ հաշվի առնել: Դրանք վերաբերում են եկամուտների հավասար բաշխմանը, կյանքի որակի այն չափանիշներին, կրթության հարցերին, կյանքի միջին տևողությանը, շրջակա միջավայրի պարամետրերին:

Աշխարհն ավելի լայն է գնահատում տնտեսական աճն ու դրա ազդեցությունները: Այնպես որ՝ մենք առաջիկայում պետք է տեսնենք հիմնական այն խնդիրները, որոնք օրակարգային են»,- ասաց Ատոմ Մարգարյանը` հավելելով, որ աճը պետք է փոխակերպվի բոլորի համար բարեկեցության:

Նրա խոսքով` տնտեսական աճը չպետք է ավելի խորացնի հարուստների և աղքատների միջև անջրպետը, այլ տանի կենտրոնամետ հասարակության ձևավորման:

«Տնտեսական աճը պետք է նպաստի միջին խավի կենսունակության, քանակի, ազդեցության աճի, ինչու չէ նաև քաղաքական դերակատարության բարձրացման: Հիմնական մարտահրավերները, որ այսօր առկա են, կոռուպցիան է, ստվերային տնտեսությունն ու աղքատությունը: Աճը պետք է առաջիկայում լուծի նաև այս խնդիրները»,-եզրափակեց տնտեսագետը:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս