«Ենթադրում եմ, որ հենց Odnoklassniki-ից ներհոսք կլինի, 100-200 հազար թարմ ականջներ կգան, կլցվեն Facebook»

Սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցության, Հայաստանում սոցցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների, երեխաների առցանց պաշտպանության և այլ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այսօր Facebook-ը դասվում է աշխարհում ամենամեծ հաճախելիություն ունեցող վեբ-կայքերի եռյակում՝ ամենի տարի գրանցելով միլիարդավոր այցելություններ. «Ամեն օր այս սոցիալական կայքը 80-90 միլիոն մարդ է օգտագործում: Նույնքան այցելու էլ ամեն օր կիրառում է կայքի հեռախոսային տարբերակը: 14 տարիների ընթացքում ցանցը դարձել է աշխարհի թիվ 1-ը՝ օգտատերերի թվով: Ամերիկայում նախորդ տարի մոտ 20 տոկոսով նվազել են ակտիվ օգտատերերը, իսկ Հայաստանում Facebook-ը, ընդհակառակը, ամրապնդվում է, եթե վերցնենք 2017 թվականը, մասնավորապես՝ մինչև 2017-ի ավարտը, շարունակվում էր այն, ինչ միշտ եղել է, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ Facebook-ը թիվ մեկ սոցիալական ցանցը չէր, այլ Odnoklassniki-ն էր, բայց վերջին մի քանի ամիսների տենդենցը ցույց է տալիս, որ Odnoklassniki-ն զիջում է իր դիրքերը, հատկապես հունվարից շատ կտրուկ անկում է դիտվում»,- ասում է բանախոսը:

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը Հայաստանում կտրուկ ավելանալու միտում ունի: Պատճառը, ըստ փորձագետի՝ Odnoklassniki-ից լուրջ արտահոսքն է. «Ենթադրում եմ, որ հենց Odnoklassniki-ից ներհոսք կլինի, 100-200 հազար թարմ ականջներ կգան կլցվեն Facebook: Չնայած Facebook-ն այսօր օգտատերերի թվով Հայաստանում բացարձակ առաջատար է, այնուամենայնիվ ամենաարագ զարգացողը չէ: Փոխարենը՝ Հայաստանում ամենարագ զարգացող սոցիալական ցանցը Instagram-ն է, վերջին տարում 2.5 անգամ ավելացել են օգտատերերը, հիմա instagram-ի օգտատերերը մոտավորապես Facebook-ի կեսն են կազմում»:

Անդրադառնալով նաև սոցիալական ցանցի նոր ալգորիթմներին՝ բանախոսը նկատեց՝ վերջին ամիսներին Ֆեյսբուքը սկսել է փորձարկել դրանք, և կարելի է տեսնել, որ մի շարք լրատվականների այցելությունները մոտ 15-20 տոկոսով նվազել են Հայաստանում. «Կարծում եմ՝ մինչև այս տարվա ավարտը Ֆեյսբուքն ամբողջությամբ կգործարկի նոր ալգորիթմը, որը նպատակ ունի նվազեցնել լրատվական հրապարակումների ցուցադրությունները նյուզֆիդում, փոխարենը՝ նախապատվությունը տալով անձնական հրապարակումներին»։

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի երիտասարդ ուսանող Մարկ Ցուկերբերգի ու նրա ընկերների՝ Էդուարդո Սևերինոյի, Դաստին Մոսկովիցի, Քրիս Խյուզոնի կողմից ստեղծվեց այսօր արդեն ամենամեծ սոցիալական ցանցը՝ Facebook-ը:

Այսօր Facebook-ը դասվում է աշխարհում ամենամեծ հաճախելիություն ունեցող վեբ-կայքերի եռյակում, ամենի տարի այն միլիարդավոր այցելուներ է ունենում: Ամեն օր այս սոցիալական կայքը 80-90 միլիոն մարդ է օգտագործում: Նույնքան այցելու էլ ամեն օր կիրառում է կայքի հեռախոսային տարբերակը:

Տեսանյութեր

Լրահոս