«Այդ որոշումն ուղիղ հարված է գիտության զարգացմանը, որ նշանակում է գիտության մահը». Դավիթ Գասպարյան
Գիտության պետական կոմիտեն թեմատիկ ֆինանսավորվող մրցույթ է հայտարարել և այնտեղ սահմանափակում մտցրել, որի համաձայն՝ 70 տարեկանը լրացած գիտնականներին ու արվեստագետներին, ըստ էության, արգելվում է զբաղվել գիտությամբ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնում է գրականագետ Դավիթ Գասպարյանը և մեկնաբանում՝ ըստ նոր հայեցակարգի՝ 70 տարին լրացած գիտնականներն ու արվեստագետները զրկվում են թեմատիկ ֆինանսավորվող գիտական խմբի ղեկավար դառնալու հնարավորությունից.
«Թեմատիկ ֆինանսավորվող մրցույթի կարգը, որոնց մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող գիտնականներ, որն անցկացվում է պարբերաբար և պետության ֆինանսավորմամբ, փոխվում է: Այս տարի սահմանափակում է մտցվել, որ 70 տարին լրացած անհատը չի կարող լինել գիտական խմբի ղեկավար: Երկիրը զարգանում է գիտությամբ, իսկ այս մոտեցումը ուղիղ հարված է գիտության զարգացմանը, որ նշանակում է գիտության մահը: Ուզում եմ՝ խոսքս հասնի մինչև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որպեսզի նա վերանայի այս մոտեցումը՝ ոչ թե սահմանափակումներ մտցնելով, այլ բարեփոխումներ իրականացնելով: Յուրաքանչյուր արվեստագետ և գիտնական, հատկապես 70-ամյա տարիքի մատույցներում՝ մի քիչ ավել կամ պակաս, ապրում է իր իմաստնության և փորձի կուտակման լավագույն շրջանը, հետևաբար՝ նրա ամբողջ մասնագիտական գործունեության խտացումը հենց այստեղ է:
Եթե նա այլևս զրկված է լինելու գիտական խումբ ղեկավարելու հնարավորությունից, ապա մեծ է վտանգը, որ այդ գիտնականները մեխանիկորեն դուրս կմնան որևէ խմբում ներգրավվելու հեռանկարից, հետևաբար՝ նաև դուրս գալով շարքից, որովհետև ուրիշ խմբերում տեղ գտնելը բավական դժվար պրոցես է: Սրանից տուժում է ոչ միայն գիտնականը, այլ առաջին հերթին՝ հենց գիտությունը»:
Գրականագետը նշում է՝ հարգելով Գիտության պետական կոմիտեի աշխատանքն ու նրա ղեկավարին, որովհետև իր ողջ գիտակցական կյանքն անցել է հենց այդ ոլորտում, առաջարկներ ունի. «Առաջարկում եմ հետևյալ տարբերակը՝ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ ֆինանսավորվող մրցույթում ոչ թե տարիքային սահմանափակումներ մտցնել, այլ յուրաքանչյուր գիտնականին դիտարկել վեջին մի քանի տարիների գիտական արտադրանքի տեսանկյունից՝ ի՞նչ գրքերի կամ գյուտերի հեղինակ է եղել նա, այսինքն՝ հայացքն ուղղել յուրաքանչյուրի մասնագիտական որակներին, այլ ոչ՝ տարիքին:
Կարծում եմ, այս ուղղությամբ առաջնորդվելով՝ կշահի և՛ գիտությունը, և՛ ինքը՝ գիտնականը: Հակառակ դեպքում արանքում խցկվում են շատ երկրորդական և ոչ կարևոր դեմքեր, իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերում: Սրա դրսևորումներին մենք ծանոթ ենք արդեն նախկին մրցույթների օրինակներից: Ես գիտեմ, թե շատերն ինչ զարտուղի ճանապարհներով են անցնում, ուրեմն՝ հենց այդ ճանապարհները պետք է փակել, այլ ոչ թե տարիքային ցենզ մտցնել, որովհետև սա գիտություն է»:
Դավիթ Գասպարյանն ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ դրույթի՝ «բարեխիղճ գիտնական» հասկացություն վրա, որի համաձայն՝ Կրթության նախարարության կողմից ևս լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսվում. «Խնդիրը նրանում է, որ այս երկրորդ ֆինանսավորման հնարավորությունը միայն ու միայն նրանց համար է, ովքեր արդեն անցել են թեմատիկ մրցույթով, այսպիսով ակնկալելով պետական միջոցներից ստանալ կրկնակի գումարներ:
Ստացվում է այնպես, որ նրանք, ովքեր դուրս են մնացել Գիտության պետական կոմիտեի թեմատիկ ֆինանսավորվող մրցույթից, ընդհանրապես զրկվում են որևէ հնարավորությունից պետական միջոցներով գիտական գործունեություն ծավալելու համար, իսկ ուղղակի աղետ է, ուրիշ ոչինչ»:
Թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այս նորամուծությունը, Դավիթ Գասպարյանը մեկնաբանում է ամեն տեղ և ամեն ինչում կրճատելու, սեղմելու վերջին տարիների անհասկանալի և շատ դեպքերում՝ չարդարացված միտումով: Պաշտոնական մեկնաբանություններ, մրցույթի դրույթներում, որ հայտարարվել է անցյալ տարվա դեկտեմբեր ամսին և ավարտվում է արդեն 2018 թվականի փետրվարի վերջին, չկան:
Հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով 168.am-ը պաշտոնական նամակով դիմեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին՝ խնդրելով մեկնաբանել Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանասավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հրավերի 2-րդ կետով սահմանվող՝ մասնակիցներին ներկայացվող պահանջների 2.3 դրույթը, ըստ որի՝ Խմբի ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող մինչև 70 տարեկան անձը (ում 70 տարին չի լրացել մինչև Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը), ով ունի առնվազն 5 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ և վերջին 5 տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Scopus, Thomson Reuters և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ-պետությունների Բարձրագույն որակավորման հանձնաժողովների ցանկերում ընդգրկված գրախոսվող ամսագրերում հրապարակված առնվազն 5 հոդված կամ 2` առնվազն 5 տպագրական մամուլ ծավալով, գիտական կազմակերպության կամ բուհի գիտական խորհրդի երաշխավորություն ունեցող և ISBN նշումով հրապարակում (մենագրություն):
Թե ինչո՞վ է պայմանավորված խմբի ղեկավարի տարիքային ցենզի սահմանափակման դրույթը, մեզ պատասխանեցին. «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի 15141–Ա/2 հրամանով կազմակերպվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթը: Մրցույթի հրավերի 2-րդ մասի «2.3» ենթակետով սահմանվել են հայտ ներկայացնող գիտնականների խմբերի ղեկավարներին առաջադրվող պահանջները, այդ թվում՝ «ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող անձը, որի 70 տարին չի լրացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը…»:
Նախ` թեմաները ֆինանսավորվում են մրցութային հիմունքներով, իսկ ցանկացած կազմակերպության կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու պահանջները սահմանվում են տվյալ կազմակերպության կողմից, ինչն էլ իրականացվել է կոմիտեի նախագահի հրամանով, և դա չի հակասում որևէ այլ իրավական ակտի:
Բացի այդ, գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրման, երիտասարդ գիտնականների մոտ կառավարչական հմտություններ զարգացնելու և մասնագիտական առաջխաղացման համար անհրաժեշտ հիմք նախապատրաստելու նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել են գիտական կազմակերպություններում վարչական պաշտոններում աշխատանքային տարիքը 70 տարեկանով սահմանափակելու մեխանիզմներ և համապատասխան օրենդրական ակտեր, ինչպես նաև՝ նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիր:
Գիտական մրցութային թեմաների ղեկավարների տարիքի սահմանափակման նշված դրույթն առաջին հերթին բխում է գիտության ոլորտի երիտասարդացմանն ուղղված ՀՀ կառավարության նշված ծրագրային քայլերից՝ նպատակ ունենալով խթանել կադրերի առաջընթացը, ճանապարհ հարթել երիտասարդ գիտնականների համար, ովքեր այդ ճանապարհով պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները՝ միաժամանակ ապահովելով ոլորտում սերնդափոխության բնականոն ընթացքը:
Ընդ որում, տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն թեմայի ղեկավար լինելուն (չի վերաբերում բազային ֆինանսավորման ծրագրերին) և ամենևին չի սահմանափակում գիտնականների աշխատելու իրավունքը, այդ թվում՝ տվյալ գիտական թեման կատարողների շարքում ընդգրկվելու իրավունքը: Ավելին, հարկ է նշել, որ գիտական հայտ ներկայացնող խմբերի անդամները հիմնականում ընդգրկված են բազային ֆինանսավորման ծրագրերում, և գիտական մրցութային ծրագրերը նրանց համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և աշխատանք:
Տարիքային սահմանափակման դրույթը, ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմ է. հաշվի են առնվում անձի թե՛ ֆիզիոլոգիական վիճակը, թե՛ ժամանակակից մեթոդներին տիրապետելու ունակությունը, թե՛, ընդհանրապես, վարչական կամ այդպիսի տարրեր պարունակող աշխատանք իրականացնելու ֆիզիկական հնարավորությունները: Գիտակազմակերպչական ակտիվ գործունեության մակարդակի ինտենսիվության նվազումը բնական ֆիզիոլոգիական երևույթ է և տեղի է ունենում բոլորի հետ, այդ թվում նաև՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող գիտնականների:
Ի վերջո, վերոնշյալ մոտեցման հիմքում դրված է գիտության ոլորտից տաղանդավոր երիտասարդ կադրերի օրեցօր ահագնացող արտահոսքին խոչընդոտելու միտումը, ինչի անտեսումը կարող է հանգեցնել ողբալի հետևանքների»: