Այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք. ԱԺ-ում քննարկում են ԳՁՕ-ների խնդիրը
Այսօր ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով: Լսումների կազմակերպիչ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշեց, որ նախորդ գումարման ԱԺ-ն քննարկել էր Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործունեության կենսաանվտանգության մասին ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, բայց հետո կառավարությունը հետ է վերցրել։
«Խնդիրը կրկին քննարկման հրապարակ բերեցին ամերիկյան Monsanto ընկերության գործունեության հետ կապված իրարամերժ մոտեցումները և ընդհանրապես հասարակության կոմերցիոն և գիտական շրջանակներում իշխող հասարակական տրամադրությունները»,- ասաց Վ.Գրիգորյանը՝ նկատելով, որ հայտնի է, թե ինչ պատերազմ է ընթանում էկոլոգիապես մաքուր սննդի և ԳՄՕ պարունակող սննդի կողմնակիցների միջև։
Ըստ նրա՝ լսումների նպատակն է՝ լավագույն լուծումներ գտնել և ծառայեցնել ժողովրդին։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն իր զեկույցում նշեց, որ Monsanto ընկերությունը տարիներ շարունակ ներկայացված է հայկական շուկայում միջնորդների միջոցով, այստեղ դրա ներկայացուցիչը «Ագրոլայն» ընկերությունն է, և անցած տարի ՀՀ են ներմուծվել ԳՁՕ պարունակող բանջարաբոստանային մշակաբույսերի 125 կգ սերմեր։
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ում սերմերի շուկան ազատականացված է, ՀՀ-ում չկա որևէ օրենսդրական ակտ, որն արգելի գենետիկորեն ձևափոխված սերմերի օգտագործումը: Նա նշեց, որ ՀՀ-ն 2004-ին միացել է Կարթագենյան արձանագրությանը, որի հիմնարար սկզբունքն է՝ նախազգուշական սկզբունքը, այսինքն՝ երկիրն իրավունք ունի հրաժարվել ԳՁՕ ներմուծումից՝ զգուշանալով շրջակա միջավայրի և մարդկանց համար վտանգավոր հետևանքներից։
Ա. Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում ԳՁՕ-ի ներմուծումը սկսվել է 1990-ական թվականներին՝ հատկապես մարդասիրական օգնության խողովակներով, և շուկան անպաշտպան է գտնվել։ Այսօր աշխարհում, ըստ փոխնախարարի, մշակված է ԳՁՕ բույսերի ավելի քան 100 տեսակ՝ սոյա, եգիպտացորեն, դդմիկ և այլն։
Անցած տարի նախարարի մոտ խորհրդակցություն է անցկացվել ԳՁՕ-ների խնդրի շուրջ, որոշվել է ստեղծել հանձնաժողով՝ գյուղատնտեսության, բնապահպանության և առողջապահության նախարարությունների պատասխանատուների, հ/կ-ների, գիտնականների կիրառմամբ ԳՁՕ-ների հետ կապված անվտանգության հարցերն ուսոմնասիրելու նպատակով։ Ա. Հարությունյանը նշեց, որ որոշվել է օրենսդրական կարգավորումներն իրականացնելիս առաջնորդվել նախազգուշավորության սկզբունքով, բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը, լրամշակել ԳՁՕ-ների մասին օրինագիծը և դնել լայն քննարկման։