«Անցած 25 տարիների ընթացքում ՀՀ էներգետիկ ոլորտը երբևիցե չի ղեկավարել պրոֆեսիոնալ էներգետիկ». Արա Մարջանյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել, այսօր մասնակցում էր կառավարության նիստին։ Նրա դիմումը դեռևս չի բավարարվել, և Մանուկյանը պարտադրված է կատարել նախարարի պարտականությունները։ Նրա հրաժարականի պատճառները մինչ օրս հայտնի չեն։ Մանուկյանը, ինչպես միշտ, խուսափում է հրապարակայնությունից և այսօր էլ լրագրողների տեսադաշտում չհայտնվեց։
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հրաժարականի վերաբերյալ փաստացի ինֆորմացիան շատ սուղ է, և դրա պատճառների մասին հիմնավոր եզրակացություններ շատ դժվար է անել։
«Կարծում եմ՝ դա կապված է վարչապետի հին և նոր թիմերի ձևավորման հետ։ Բոլոր դեպքերում այստեղ շատ ավելի էական է փաստել, որ ՀՀ էներգետիկ ոլորտի առաջ լրջագույն խնդիրներ են կանգնած, և հանրությունն ու մասնագետները պետք է կենտրոնանան այդ խնդիրների վրա, և ոչ թե կոնյունկտուրային փոփոխությունների, անձանց հետ պայմանավորված հարցերի վրա»,- ասաց Ա.Մարջանյանը։
Ըստ նրա՝ էներգետիկայի կամ այլ ոլորտների ղեկավարներն առաջին հերթին պետք է լինեն մասնագետներ, և շատ կարևոր է, որ էներգետիկայի նման ոլորտը ղեկավարվի մասնագետի կողմից։ Ա.Մարջանյանը նշեց, որ անցած 25 տարիների ընթացքում ՀՀ էներգետիկ ոլորտը երբևիցե չի ղեկավարել պրոֆեսիոնալ էներգետիկ. «Կարծում եմ, որ այս հարցերի շուրջ խոհեմ է մտածել, և իմաստ ունի կենտրոնանալ այս խնդիրների վրա։ Ընդհանրապես այդ ճյուղային նախարարությունների ղեկավարումը հանձնել քաղաքական վայրիվերումներին, որոշակի անձանց հետ պայմանավորված թիմային ինչ-որ խաղերի, վերին աստիճանի սխալ մոտեցում է այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ Ոլորտը պետք է ղեկավարեն մասնագետներ, որոնք ունակ են տեսնել թե՛ ոլորտի խնդիրները, թե՛ ոլորտի զարգացման ուղիները, թե՛ այդ զարգացման համար առկա և անհրաժեշտ ներուժը։ Այս խնդիրը շատ ավելի կարևոր է, քան անձի հրաժարականը կամ նոր անձի նշանակումը»։
Ա.Մարջանյանը հույս հայտնեց, որ էներգետիկ ոլորտի ազատականացման ռազմավարության և մյուս ծրագրերի վրա Ա.Մանուկյանի հրաժարականը չի ազդի. «Հուսանք, որ դրանք երկարաժամկետ ռազմավարության մեջ են, հատկապես՝ շուկայի ազատականացումը և ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրագործումը հեռահար նպատակներ են և միտված են ոլորտի զարգացմանը։ Հուսանք, որ այս կարևոր ռազմավարական նշանակության խնդիրներն անձանց և քաղաքական վայրիվերումների հետևանքով չեն ազդվի։ Կրկնեմ՝ հիմնական խնդիրը ոլորտի մասնագիտական ղեկավարումն է՝ զերծ մնալով ավելորդ և ապակողմնորոշող ազդեցություններից»։