«Հայաստանը կատարել է ԵԽ առջև ստանձնած ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները». Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կամքի ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ կարողացավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նախորդ անգամ պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ այս բարձր ամբիոնից 2013 թվականին, երբ Հայաստանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում: Այդ առաքելությունը կարևոր հանգրվան էր Եվրոպայի խորհրդի ընդարձակ ընտանիքում մեր ինտեգրվելու տեսանկյունից: Կարծում եմ՝ մենք այն պատվով իրականացրինք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ վաղը՝ հունվարի 25-ն այն օրն է, երբ Հայաստանը 17 տարի առաջ անդամակցեց ԵԽ-ին: «Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչ ճանապարհ էինք անցնելու: Գիտակցում էինք նաև, որ ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումն առանց ԵԽ կառույցների աջակցության և անմիջական մասնակցության դյուրին չէին լինելու: Իսկապես, քաղաքական կամքի ու համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների:
Այսօր վեհաժողովի այս դահլիճում հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սա միայն մեր պնդումը չէ: Ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են ԵԽ մոնիտորինգային մարմինների զեկույցներում: Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, և այսօր մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի: Ասեմ, որ սա սոսկ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթաց չէ մեզ համար, մենք առաջին հերթին մեր հավատամքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով: Եվ դա շարունակելու ենք: Ավելին, այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նորարարություն է ստանալու, քանի որ նախ այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և երկրորդ՝ մենք արդեն սկսում ենք ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը»,- ասաց ՀՀ նախագահը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր ժողովրդավարություն կենդանի օրգանիզմ է: «Մեր պետականաշինության քառորդդարյա ջանքերն ուղղված էին հենց դրա սնուցմանը: Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է ուշադրություն, վերաիմաստավորում»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Եվրոպայի խորհուրդը բարեփոխումների իրականացմանը ցուցաբերել է համակողմանի աջակցություն:
«Ապրիլին ավարտին կհասնի այդ գործընթացը Եվրոպայի խորհրդի 3 հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության կամարանման հստակ տեսլականով: Մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ուղի ընտրեցինք անցումը խորհրդարանական կառավարման ձևին: Այս գործընթացի մեկնարկը 2013 թվականին ազդարարեցի հենց այս բարձր ամբիոնից»,- ասաց նախագահ Սարգսյանը: