Ուղեղն ստեղծագործական աշխատանքում գործի է դնում միանգամից մի քանի հատվածներ. գիտնականներ

Ավստրիայի Կառլի եւ Ֆրանցի անվան Գրացի համալսարանի գիտնականները ԱՄՆ-ի եւ Չինաստանի իրենց գործընկերների հետ համատեղ բացահայտել են, որ մարդու ստեղծագործական գործունեության ընթացքում նրա ուղեղն ակտիվացնում է միանգամից մի քանի տեղամաս: Ուսումնասիրության արդյունքների մասին հայտնել է Wiener Zeitung թերթը։

Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալները ցույց են տվել, որ տեղեկատվության արդյունավետ մշակման համար ուղեղը միաժամանակ ներգրավում Է մի քանի մասնագիտացած տեղամասեր: «Ուղեղում չկա որեւէ մի ստեղծագործական տեղամաս»,-նշում է Գրացի համալսարանի դիֆերենցիալ հոգեբանության ինստիտուտից հետազոտություններին մասնակցած նյարդաբան Անդրեաս Ֆինքը:

Իր գործընկերների հետ միասին Ֆինքն ուսումնասիրել է գիտափորձի մասնակիցների՝ ստեղծագործաբար մտածելու ունակությունը ոչ մեծ եւ ժամանակի առումով սահմանափակ առաջադրանքներ կատարելիս: Օրինակ, այն հարցին, թե ինչ կարելի է անել պահածոյի բանկայի հետ, փորձի մասնակիցները պատասխանել են, որ այն կարելի է բացել, ուտել դրա պարունակությունը, կապել հարսանեկան ավտոմեքենային, ինչպես նաեւ դրանից ամենապարզ հեռախոս կամ ավազի ժամացույց պատրաստել:

Փորձին մասնակցած 164 մարդկանցից մի քանիսի մոտ, որոնք ամենաինքնատիպ պատասխաններն էին տվել, ուժեղ կապեր են հաստատվել ուղեղի այն տեղամասերի միջեւ, որոնք սովորաբար գործում են միմյանցից անկախ կամ նույնիսկ հակառակ խնդիրներ են կատարում: Դիտարկվող կապերը, մի կողմից՝ կարեւոր դեր են խաղում երազելու ընթացքում եւ երբ մարդը հանգիստ վիճակում է գտնվում, իսկ մյուս կողմից՝ կատարում է վերահսկողության եւ հիշողության գործառույթներ:

Սակայն կանխատեսելի պատասխաններ տված մասնակիցների մոտ, ընդհակառակը, ցրված կապեր են դիտվել: «Մենք նաեւ ցանկանում էինք իմանալ՝ կարելի է արդյոք կանխատեսել մարդկանց կրեատիվությունը,-նշել է Գրացի համալսարանի դոկտոր Մատիաս Բենեդեկը:-Ինչպես պարզվել է, ստեղծագործական մարդկանց մոտ բնորոշ կապն ավելի արտահայտված է. համապատասխան տեղամասերը միասին ավելի ուժեղ են աշխատում, ավելի ամուր ուղիներ են ձեւավորում: Դա թույլ է տալիս կանխատեսել արդյունքները»:

Տեսանյութեր

Լրահոս