Բաժիններ՝

Ձեռքի մատներն անդամահատված կինը ցանկանում է պարզել տեղի ունեցածի պատճառը

Գյումրեցի 39-ամյա Հռիփսիմե Հակոբյանը բողոքում է բժիշկների անփույթ վերաբերմունքից, ինչի հետևանքով անդամահատվել են իր աջ ձեռքի մատները:

Հ.Հակոբյանն ամուսնալուծված է, իր առաջին երեխային չի կարողացել ունենալ, քանի որ պտուղը մահացած է եղել:

«Կոնկրետ չեն ապացուցել, թե ինչ է տեղի ունեցել, բայց որ էդ ամեն ինչի հետևանքով մատներս անդամահատվել է, էդ հաստատ է: Դեպքը 2017 թվականի մայիսին է տեղի ունեցել: Ես արյունահոսությամբ դիմել եմ Գյումրու Ավստրիական հիվանդանոց, էդ ժամանակ արդեն պտուղը մահացած էր: Երբ ինձ վիրահատեցին, ըստ իս, էդ ժամանակ դեպքը տեղի ունեցավ: Դատախազություն եմ դիմել, գործն արդեն քննչականում է, քննչականից էլ եկել է Երևան՝ դատաբժշկական փորձաքննության: Ոււղղակի ես կսպասեմ, տեսնեմ, թե իրենց եզրակացությունն ինչ կեղնի, նոր ամեն տեղ իմաց տամ, որ մարդուն կարող են սարքել հաշմանդամ, ու հեչ մարդ պատասխան չտա դրա համար, ոնց որ նորմալ է ամեն ինչ, էդպես էլ պետք է լինի: Ձեռքիս խնդիրն առաջացավ, իրանք չհասկացան, Ավստրիականից ղրկեցին բժշկի մոտ, որը վապշե հեչ բան չհասկցավ՝ Գյումրի կենտրոնի անոթաբանը՝ Թոսունյանը, պահեց, պահեց, թե՝ արի, գնա:

Վերջը վիճակս շատ վատ էր: Ես էլ ասացի, որ հրաժարվում եմ այստեղի բուժօգնությունից, պետք է գնամ Երևան: Երբ անոթը վնասվել է, խախտվել է աջ ձեռքիս արյան շրջանառությունը՝ տրոմբ առաջանալու պատճառով: Դրա հետևանքով ձեռքիս սնուցում տեղի չէր ունենում: Սկսվել էին ցավեր, այտուց: Իրանք պետք է հանձնաժողով հրավիրեն՝ մի քանի բժիշկներից բաղկացած: Իրանք չպատկերացրին, որ խնդիրը լուրջ է: Եկել եմ «Էրեբունի» ԲԿ, որտեղ ինձ շտապ վիրահատել են, բայց արդեն ուշ էր, խնդիրն առաջացել էր, ու ժամանակը կորել էր, այն ժամանակը, որի ընթացքում կարելի էր կանխել այն, ինչ պետք է տեղի ունենար: Երբ գնացել էի Թոսունյանի մոտ, ասեց, հա, դե, սիկ ըմպես է, որ պետք է դիմանաս, երկար բուժում է պետք: Ես էլ մտածեցի, որ մարդու խելքը կհասնի բժշկությունից, բայց գնալով վիճակս ավելի վատցավ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հռիփսիմե Հակոբյանը:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի պատմելով՝ անդամահատումը Երևանում են կատարել: Հ.Հակոբյանի խոսքով, երբ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից իրեն ուղեգրով ուղարկել են «Գյումրի» բժշկական կենտրոն, արդեն զգացել է, որ իր վիճակը նորմալ չէ:

«Բարեկամուհիս զանգեց, սկսեցինք խոսել: Գործով զբաղվող փաստաբան հիմա չունեմ: Նախնական դիմել էի Թամարա Յայլոյանին: Փաստորեն, իրանց պատճառով ես դարձա հաշմանդամ՝ մեկ, գործից զրկվեցի՝ երկուս: Աշխատանք չեմ կարող գտնել՝ երեք: Գնացել եմ խանութ, դիմել եմ հասարակ վաճառողի աշխատանքի համար, հրաժարվել են գործ տալ, որովհետև ես մատներ չունեմ, որպեսզի կարողանամ ինչ-որ ֆունկցիաներ կատարել: Երբ հաշմանդամության համար դիմել եմ, ինձ երրորդ կարգ են տվել, ու գրել են, թե ես կարող եմ ինձ հարմարեցված աշխատանք գտնել: Ընդ որում՝ մի տարով են տվել հաշմանդամության կարգը: Ես էլ խնդացի, թե մյուս տարի գուկամ՝ ձեռքիս մատներն աճած կլինի, աչքերդ կմտցնեմ: Խնդրեմ ձեզ՝ արդարություն գոյություն ունեցող մեր Հայաստանի Հանրապետությունում: Հմի ասեմ ՝եղավ, անցա՞վ, ձեն չհանե՞մ»:

Խնդրի վերաբերյալ զանգահարեցինք Գյումրու բժշկական կենտրոնի անոթաբան Սուրեն Թոսունյանին:

Ահա թե ինչ պարզաբանեց վերջինս մեզ հետ զրույցում:

«Էդ աղջկան կեսարյան է արվել: Էնքան բարդ դեպք է, որ էնտեղ՝ Երևանում է եղել գանգրենան, մեր մոտ չի եղել: Մենք բուժում ենք նշանակել, բայց ցավերը, այտուցվածությունը չի անցել, ուղարկել ենք Երևան, հետո էնտեղ վիրահատել են, դրանից հետո երևի մի 4 օր անցել է, ձեռքի մատները գնացել է դեպի նեկրոզ (կենդանի օրգանիզմում առանձին օրգանների, դրանց ասերի, հյուսվածքների կամ բջիջների մահացում), որը, իհարկե, շատ անցանկալի բան է, բայց եղել է:

Հիմա էլ էդ աղջիկն այսպես տրամադրված, թե ինչու այսպես եղավ: Իհարկե, ինքն իր տեսանկյունից ճիշտ է, բայց, ցավոք, սրտի, նման դեպքեր լինում են:

Մի երակի փակ լինելով՝ ձեռքի գանգրենա չի գնում: Ես դրանից հետո էդ աղջկան տեսել եմ, պետք է լուրջ հետազոտվի, որպեսզի պատճառները կարողանան հայտնաբերել: Շատ դեպքերում իրենք խուսափում են, քանի որ ժառանգական գործոններ էլ միշտ կան:

Երևանում փորձաքննություն է նշանակվել, մասնագետները պետք է հավաքվեն, որպեսզի մասնագետները վերջնական կարծիք տան: Երբ փորձաքննության եզրակացությունը պարզ եղավ, ինչ-որ կողմնորոշիչ բան կասեն: Ես դեռ ինչ-որ բան ասել չեմ կարող: Ամենաճիշտ տարբերակը վիրահատող բժշկին հարցնելն է, որովհետև այնտեղ է եղել գանգրենան, և վիրահատող բժիշկը կարող է ռեալ ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել գանգրենայի»:

Ս. Թոսունյանի պարզաբանմամբ՝ շատ վատ դեպք է, նաև՝ բժշկական տեսանկյունից անհասկանալի:

«Կինը նաև մանկաբարձական լուրջ խնդիրներ է ունեցել, պտուղը մահացած է ծնվել, դա էլ է ինչ-որ անամնեստիկ նշան, որ օրգանիզմում ինչ-որ խնդիրներ է ունեցել: Նույնիսկ տարիքով ծանր հիվանդների մոտ էլի նման բարդություն չի լինում: Ես էլ իրեն ասացի՝ գնա, գենետիկ անալիզներ տուր: Ինքն էլ, թե՝ տեսաք, բան չկար, հիմա էլ գենետիկայի հետ եք կապում: Եթե անալիզներ տա, խնդիրները կհայտնաբերվեն: Մակարդելիության հետ կապված խնդիրներ են դրանք: Բացի այդ, եթե պտուղը մահացած է ծնվել, դա նշանակում է, որ ընկերքի հետ կապված արյան շրջանառության խանգարում էլ կա, և տրոմբային խնդիրները նաև այնտեղ է եղել, ձեռքում էլ»:

Զանգահարեցինք նաև Գյումրու Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանին՝ ներկայացնելով խնդիրը: «Եկեք, տեղում մենք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան տանք»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Երբ Ա.Կուրղինյանին հարցրեցինք՝ արյդոք հարմա՞ր է երկուշաբթի օրը հիվանդանոցում հանդիպել հարցազրույցի համար, վերջինս պատասխանեց. «Գալն իմաստ չունի: Ձեր հարցերը, խնդրում եմ, ուղղեք գրավոր և զանգահարեք գործնական հարցերով միայն հիվանդանոցի հեռախոսահամարրին»: Նշենք, որ դեռևս 2017 թվականի նոյեմբեր ամսին բժշկական սարքերի չափաբերման վերաբերյալ հարցում էինք ուղարկել Ավստրիական հիվանդանոցի տնօրենին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:

Զանգահարեցինք նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին, վերջինս պատասխանեց, որ այսօր զբաղված է, վաղը հնարավոր է խոսել խնդրի վերաբերյալ»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս