Բաժիններ՝

«Նավթ ու գազ փնտրում են նույնիսկ Սևանի տակ, այդ բոլորը պետք է դադարեցնել». Բնապահպանն ահազանգում է, որ մոլորակը հայտնվել է քաոտիկ վիճակում

«Սա ընդհանուր կլիմայի դեստաբիլիզացման գործընթաց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով ձմռանը նման անոմալ տաք եղանակի մասին:

Նա նկատեց, որ տաք հոսանքը մոլորակի որոշ վայրերում է՝ ներառյալ՝ Հայաստանում, բայց կան վայրեր, որտեղ բուք ու բորան է, ջերմաստիճանը նորմայից ցածր է, մարդիկ փողոցներում սառում են. «Սա ընդհանուր կլիմայի դեստաբիլիզացման գործընթաց է, մեզ մոտ այս տեսքով է արտահայտվում: Տեսաք՝ Սահարայում ձյուն եկավ, Միացյալ Նահանգներում նույնիսկ հրդեհներ եղան, հիմա՝ ջրհեղեղներ: Սա  ընդհանուր մոլորակի պատասխանն է մարդու  գործունեությանը, մեզ մոտ դեռ մեղմ է: Եթե այսպես շարունակվի, և հանգիստ անցնենք գարուն, լավ կլինի, բայց եթե այսպես տաք լինի, ծառերը ծաղկեն, բույսերը ծաղկեն, բողբոջեն, ու հետո միանգամից սկսվի ձյուն, ցածր ջերմաստիճան, քամիներ, այդ դեպքում մենք շատ լուրջ կորուստներ կունենանք գյուղատնտեսության ոլորտում»:

Հարցին՝ մարդկանց առողջության վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ եղանակային այս երևույթները՝ Կ. Դաինելյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, պետք է, որ նման բացասական բան չլինի: Մարդիկ վախենում են, շատերը դիմում են ինձ, թե երկրաշարժի տարին նույնպես այսքան ջերմաստիճանը բարձր էր, շատ տաք ձմեռ արեց, հետո երկրաշարժ եղավ: Ես միանգամից հերքում եմ դա, բայց մյուս կողմից մտածում եմ՝ միգուցե, իրոք, եթե ընդերքում մեծ քանակությամբ էներգիա է հավաքվում, նրա ժայթքումը տարբեր ճանապարհներով է լինում:

Իհարկե, կապը կլիմայի և երկրաշարժի գիտության մեջ չկա, բայց ես հիմա ոչինչ բացառել չեմ կարող, որովհետև մոլորակը բացարձակ քաոտիկ, լրիվ հավասարակշռությունից դուրս եկած վիճակում է»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող են անել մարդիկ այս իրավիճակը շտկելու համար: Ի պատասխան՝ բնապահպանն ասաց.

«Մարդիկ պետք է խելքի գան, հասկանան, որ իրենք ընդամենը բնության մի մասնիկն են, պարտավոր են ենթարկվել բնության օրենքներին, և ոչ թե՝ ագահի նման, ինչ հնարավոր է՝ բնությունից վերցնեն, հարստանան, ամեն մեկին մի մեքենա լինի: Դա հնարավոր չէ, բնությունը չի կարող այդպես, բնությունն ուղղակի պետք է ոչնչացնի մարդկությանը, եթե մենք այսպես շարունակենք: Իսկ Հայաստանի մասին՝ եթե անկախություն ստացանք ու միանգամից սկսեցինք ընդերքը քանդել ծայրից ծայր՝ չնայելով ոչ մի զսպող մի երևույթ, ես հասկանում եմ, թե ինչու նույն մոլորակը, տիեզերքն ուղղակի մեզ այլևս տարածք չեն տալիս, որովհետև մենք պղծում ենք այդ տարածքը»:

Կ. Դանիելյանը գտնում է՝ հնարավոր է՝ քայլ առ քայլ եղած սխալները փոխել, վերանայել երկրի զարգացման ռազմավարությունը.

«Ամեն տարի 30-40 թույլտվություն է տրվում ընդերքօգտագործման, նավթ ու գազ փնտրում են նույնիսկ Սևանի տակ, այդ բոլորը պետք է դադարեցնել, վերականգնել այն ճյուղերը, որոնք այդքան վնաս չեն տալիս բնությանը, այսօրվա տեխնոլոգիաներն ամեն ինչ թույլ են տալիս, պարզապես պետք է քաղաքական կամք, պետք է էկոլոգիական մշակույթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս