Բաժիններ՝

«Նախագահի խորհրդակցությունը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ, ու «Ելքի» միտինգներն իմաստ չունենան». Տնտեսագետ

«Նախագահը շատ լավ, դիպուկ ընտրել էր, թե ովքեր պետք է ներկա լինեին, և հարցադրումները շատ կոնկրետ էին, ուղղակի զարմանալի էր, թե այդ մարդիկ ինչքան հեզ կեցվածքով, խելացի դեմքերով նստել էին այնտեղ, մի մասն էլ նույնիսկ գրառումներ էր կատարում, թե ի՞նչն էր իրենց համար նոր այդ թեմաների մեջ, ես մի քիչ այդ առումով զարմացած եմ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ ՀՀ նախագահի մոտ գնաճը մեղմելու հարցով տեղի ունեցած խորհրդակցության մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ նախագահը նշել էր, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում:

Գ. Մակարյանի խոսքով՝ մինչև հիմա այդ գերատեսչությունների ղեկավարները որակով չեն կատարել իրենց առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում էլ հիմա չունենք մրցակցային միջավայր.

«Մի մասի մոտ պատասխանատվության մակարդակը ցածր է, կապ չունի՝ երեկվա նստածներն ովքեր էին, ու նրանցից ոչ բոլորին է վերաբերում ասածներս: Ընդհանրապես պետական մարմինների մեծ մասում շատ ցածր է պատասխանատվության գաղափարը:

Կարդացեք նաև

Այդ նույն պետական մարմիններն իրար հետ ներդաշնակ չեն աշխատում, անջատական են աշխատում, մի տեղ, որտեղ նրանք հավաքվել էին, դա նախագահի մոտ էր, կամ կարող է կառավարությունում լինեն նման ֆորմատներ, բայց հիմնականում նրանցից ամեն մեկը կարծես սպասում է, որ այդ թեմաներն ինչ-որ մեկն իրենց հանձնարարի, կամ իրար կողքի բերեն նստեցնեն, որ իրենք մտածեն, որ միասին պետք է այդ խնդրի դեմ պայքարեն»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ վերջին մի քանի տարում Հայաստանը շատ կրիտիկական ցուցանիշներ ունի.

«Եթե նման ցուցանիշներին գումարվում է նաև գնաճը, ու փորձում են բոլորը միայն արդարանան ու բացատրեն, որ դա արգելային դրույքաչափն է, կամ ԵԱՏՄ-ի 800 ապրանքների մի մասը պետք է թանկանա, կամ եվրո-դոլարի կուրսն է բարձր, դրա համար թանկացավ, ու դրանով քաշվել այն կողմ, այդպես խնդիրը չի լուծվում: Աղքատության և գործազրկության այդպիսի օժտվածությամբ պետությունը պետք է մի քիչ զգույշ վերաբերվի այդ հարցերին»:

Գ. Մակարյանի կարծիքով՝ նախագահն այդ հարցերին շատ լավ, խորքային տեղեկացված է.

«Դրա համար ինքը շատ արագ, կանխարգելիչ քայլեր արեց՝ երեկ այդ ժողովը հրավիրելով: Կարծում եմ՝ նախագահի խոսքը և ազդեցությունը շատ արագ զգոնության կբերի, որ իրենք շատ արագ իրենց գործերը կատարեն և զեկուցեն: Կարծում եմ՝ երեկվա խորհրդակցությունը նաև քաղաքական կողմ ուներ, դա այն է, որ խոսակցություններ կան, որ «Ելք» խմբակցությունն ուզում է միտինգներ կազմակերպել: Կարող է՝ այդ միտինգներն արդեն իմաստ չունենան, ու սա կանխարգելիչ նշանակություն ունենա, որովհետև «Ելքի» միտինգները հարցի լուծում չեն: Նախագահի քննարկումն ավելի կառուցողական է, որովհետև, երբ ինքն այդ խնդիրները լուծեց, կարող է՝ արդեն իմաստ չունենա, որ «Ելքը» միտինգներ անի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս