Բաժիններ՝

«Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի վրա». Մոգերինի

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:

Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով Իրանի եւ հանրակցության այն երեք երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքները, որոնք մտնում են իրանական միջուկային դոսիեի գծով ՄԱԿ-ի միջնորդների վեցյակի մեջ: Խոսքը վերաբերում է Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային:

«ԳՀՀԾ-ի կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Իրանի հետ Եվրամիության տնտեսական հարաբերությունների վրա, ինչը, մասնավորապես, նպաստել է իրանական ժողովրդի բարօրությանը»,-հայտարարել է նա: Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն պնդելու է «ԳՀՀԾ-ով նախատեսված պատժամիջոցների չեղարկման գործընթացի լիակատար ավարտումը համաձայնագրի բոլոր մասնակիցների կողմից»:

Նա նաեւ հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքն աշխատում է, եւ ԵՄ-ն շարունակելու է պնդել դրա ամբողջական կատարումը բոլոր մասնակիցների կողմից: «Իրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների ամբողջական կատարումը հաստատված է ՄԱԳԱՏԷ-ի ինը հաշվետվություններում: Կազմակերպությունը հավաստել է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Այդ համաձայնագիրը թույլ է տալիս հսկողություն ապահովել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ:

Ուստի ԵՄ-ն պնդում է, որ բոլոր մասնակիցները շարունակեն կատարել իրենց հանձնառությունները»,-ասել է Մոգերինին: Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային ծրագիրը եւ տարածաշրջանում նրա գործողությունները կապված չեն ԳՀՀԾ-ի կատարման հետ: «Մենք մտահոգություն ենք հայտնում Թեհրանի հրթիռային ծրագրի զարգացման եւ տարածաշրջանում նրա գործողությունների կապակցությամբ, սակայն ընդգծում ենք, որ դրանք պետք Է զատվեն միջազգային համաձայնագրի կատարումից»,-հայտարարել է նա:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս