«Լավ է ուշ, քան երբեք». Ատոմ Մարգարյանը՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականների մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

168.am-ը ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի, նախագահի հանձնարարականների և հնչեցրած գնահատականների վերաբերյալ։

– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում այս խորհրդակցությունը, և Ձեզ համար որո՞նք են Սերժ Սարգսյանի ելույթի ամենակարևոր կետերը։

– Ընդհանուր արձագանքը նորմալ է, որովհետև Հարկային օրենսգիրք է փոխվել, էական փոփոխություններ են եղել՝ ակցիզային հարկի, երկամտային հարկի և այլ հարկատեսակների հետ կապված։ Բնական է, որ այդ ամենին չէր կարելի ոգևորությամբ արձագանքել, և կա որոշակի լարվածություն։ Լարվածությունը, նախ և առաջ, կապված է տրանսպորտի հետ։ Այս մի քանի օրերին տեսնում ենք, որ տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերությունները լրիվ ծավալով չեն դուրս բերում երթուղայինները, ավտոբուսները։ Գնաճի հետևանքով՝ հատկապես աղքատ բնակչության, նաև՝ միջին խավի վրա, ճնշումն ավելացել է, և, բնականաբար, հանրային որոշակի ոչ բարենպաստ արձագանք կա։

Այս ֆոնին պաշտոնական շրջանակները պետք է քննարկումներ անեն, վերլուծեն, պարզաբանումներ տան, հիմնավորումներ բերեն։

Ինչ վերաբերում է խորհրդակցության տոնայնությանը, ապա, բացի հիմնական ուղերձներից՝ կար որոշակի կշտամբանք այն պատասխանատուների, համապատասխան կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնք զեկուցում են, այսպես ասած՝ վերին իշխանությանը, որ ամեն ինչ նորմալ է, որ գնային փոփոխությունները միջազգային շուկայում գների տատանումներով են պայմանավորված։

Ինչ վերաբերում է հիմնական ուղերձներին, ապա նախ կառանձնացնեմ այն, որ մեկ գիշերում, օրինակ՝ վառելիքի շուկայում գնաճը կասկածահարույց է։

Նախ, որ նախագահն ասում է, թե դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք գների շուկայական տատանումների օբյեկտիվ գործընթացների արդյունք է, թե՞ պարզ մարդկային ագահության, իսկապես, դա ողջունելի է, և պետք է ուսումնասիրել, որովհետև ակցիզային հարկը հարկ է, որի համար վերջնական վճարողը սպառողն է։

Ծառայություն մատուցող ընկերությունները, ուշադրություն դարձրեք, այս օրերին ընդհանրապես չեն խոսում, բացատրություններ չեն տալիս, ինչը մտահոգիչ է։

Առաջին հերթին՝ խոսքն իրենց է ուղղված, ոչ իշխանությանը, իշխանությունն ինքը կարգավորող է։ Եթե որոշումներ են կայացնում տարբեր պետական, պաշտոնական կառույցներում, դա հասկանալի է, պետությունը կամ կառավարությունն անում է՝ ելնելով ընդհանուր իր քաղաքականության մոտիվացիայից և նպատակադրումներից, առաջին հերթին՝ բյուջետային ակնկալիքներից, բայց տնտեսվարող սուբյեկտները ևս պետք է հիմնավորումներ բերեն։

Օրինակ՝ տրանսպորտային ընկերությունները թող ասեն, որ՝ այսքան էր, այսքան է դարձել, և մենք կառավարող համապատասխան կառույցներից այսքանով պահանջում ենք բարձրացնել սակագները։

Մենք դա չենք տեսնում, դրանից էլ, իհարկե, օգտվում են քաղաքական որոշակի ուժեր։ Դա էլ է նորմալ։

Երբ հարցը համապատասխան հասցեատերերի կողմից չի բարձրացվում և չեն ներկայացվում հիմնավորումներ, բնական է, որ այն կքաղաքականացվի, որովհետև բոլորի շահերին է առնչվում։

– Սերժ Սարգսյանն ասել է, որ, եթե որոշ թանկացումներ ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածել, թե ինչպես մեղմել դրանց հետևանքները։ Այդ՝ մեղմելու ճանապարհն ինչպե՞ս եք տեսնում։

– Ընդհանրապես այս թանկացումների հիմնական ազդակը եղել են հարկային օրենսդրության փոփոխությունները․ առաջին հերթին՝ ակցիզային հարկի փոփոխությունները և ԵՏՄ մաքսային օրենսդրության պահանջները, որը մեկ տարի չէ, որ ազդելու է, այլ առաջիկա 3-4 տարիներին, հատկապես՝ այն 800 զգայուն ապրանքների գծով, որոնցից միայն 200-ի գծով արդեն այս տարի են փոփոխություններ լինելու։

Դա ազդելու է հայաստանյան շուկայի վրա։ Այդ 200-ից 30-ը գերզգայուն ապրանքներ են, որոնք դրված են սպառողական զամբյուղի մեջ, և, բնականաբար, գնաճի առաջնահերթ գործոններ են դառնալու։

Այդ մասին գիտեին բոլորը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը։

Նրանք շատ լավ պատկերացնում էին, հարկավոր էր գոնե շարունակաբար ներկայացնել, պարզաբանումներ այդ ազդեցությունների հնարավոր միտումների մասին, կամ կանխատեսումներ արվեին։ Մենք չենք տեսնում նման բան։

Թերևս, միայն Կենտրոնական բանկն է, որ իր գործը կատարում է պրոֆեսիոնալ, և նրա հաշվետվություններում (ճիշտ է՝ դեռ միայն երրորդ եռամսյակի հաշվետվությունն է հրապարակվել) այդ ազդեցությունների գնահատականներ կան։ Բայց լավ կլինի, որ հիմնավորումներ բերվեն նաև մուլտիպլիկատիվ ազդեցությունների մասով, ենթադրենք՝ վառելիքի թանկացումն ինչպես է ազդելու տրանսպորտային միջոցների գների վրա, և վերջիններիս հնարավոր թանկացումն ինչպես է ազդելու զգայուն ապրանքների գների վրա։ Այդպիսի հիմնավորումներ մենք չենք տեսել, այնպես որ, այս լարվածությունը պետք է համարել որոշակի սուբյեկտիվ վարքագծի հետևանք։

– Այսինքն՝ եթե Ձեր նշած կառույցներն իրենց տեղում լինեին, կատարած լինեին իրենց աշխատանքը, այս գնաճն այդքա՞ն էլ չէր զգացվի։

– Ոչ, ես այդպես միանշանակ չէի ասի, պարզապես միանգամից այսպես ճակատային փոփոխություններ անելը բերում է շատ հզոր ազդեցության, կարելի էր փուլերով բարձրացնել ակցիզային հարկը՝ նկատի ունենալով, թե ինչ է սպասվում մեզ ԵՏՄ կազմում, որտեղ գոյություն ունեն շուկաների ադապտացման խնդիրներ, տնտեսվարողների խնդիրներ՝ հաշվի առնելով նաև լոգիստիկ սահմանափակումները և բազմաթիվ այլ գործոններ։

Ռուսաստանում ևս նախատեսված է ակցիզային հարկի բարձրացում, հատկապես՝ բենզինի մասով, բայց նրանք դա անում են 2 փուլով՝ հունվարի 1-ից և հուլիսի 1-ից։ Այսինքն՝ ճնշումը սպառողի վրա, այսպես ասած՝ տեղաբաշխում են ամբողջ ժամանակահատվածի վրա, ինչը ճիշտ մոտեցում է։

Այն, որ օրթոդոքս մոտեցում է այսօր ցուցաբերում այս կառավարությունը, և պարբերաբար հայտարարվում է, որ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացում տեղի չի ունենալու, և տնտեսական քաղաքականության պարադիգման ծախսային մասով տեղաշարժվելու է՝ ընթացիկ ծախսերից՝ կապիտալ ծախսերի վրա, պետք է շատ զգույշ այդպիսի հայտարարություններ անել, որովհետև հետևանքները, տեսնում ենք՝ ինչպիսին կարող են լինել։

Հարկավոր է այս գնաճի հակազդման գործիքներն ավելի ճկուն կիրառել։ Ընդհանրապես, եթե գնաճը կառավարելիության տիրույթում է, բնականոն միջակայքում է, նորմալ է, բայց դրան զուգահեռ՝ պետք է լինի տնտեսական ակտիվության աճ, որը մենք որոշակիորեն տեսնում ենք, բայց նաև պետք է մարդկանց եկամուտները սինքրոն աճեն, որովհետև, ի վերջո, այդ աճն ապահովում են մարդիկ, աշխատողները, այդ ավելացված արժեքը նրանք են ստեղծում։ Ինչո՞ւ ոչ, սոցիալապես խոցելի շերտերի մասին էլ պետք է մտածել։

Սպառողական զամբյուղը թանկանում է, գները բարձրանում են, հատկապես՝ սննդամթերքի մասով, և պետք է մտածել այդ մասին։

Նախագահն ասաց, որ տարվա երկրորդ կեսին պետք է մտածենք, թե ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել, որպեսզի սոցիալական նշանակության ապրանքների գնաճը շատ ցավոտ չանդրադառնա խոցելի խմբերի վրա։

Նախագահը նաև նշեց, որ պարբերաբար սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ պետք է կազմել, մշտադիտարկում, մոնիտորինգ իրականացնել, զեկուցել, հանրությանը տեղյակ պահել։ Սա, թերևս, ուշացած է, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։

– Պարոն Մարգարյան, նախագահը նաև խոսեց ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու մասին, հատկապես՝ շեշտադրելով գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս առումով՝ հաշվի առնելով այն, որ նույնիսկ մսի գնի թանկացումը չկարողացան կանխել՝ պատճառաբանելով, թե ամռանը երաշտային իրավիճակ էր, անասնակեր չեն կարողացել հավաքել, և նման այլ պատճառաբանություններ։

– Այո, իրավացի եք։ Այդ մասին կառավարությունը պետք է դեռևս 2015 թվականից մտածեր, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին և պարզեց, թե ինչ է լինելու սննդամթերքի գների հետ, այդ թվում՝ նաև մսամթերքի, ինչ է լինելու հայաստանյան տնտեսության հետ այդ շուկաների ինտերգրումից հետո։

Այն ժամանակվանից, եթե տեղյակ եք, Ռուսաստանը դեռևս սանկցիաների պայմաններում մշակեց հրաշալի ծրագրեր` ներմուծման փոխարինման ռազմավարություն, համապատասխան քաղաքականություններ էին իրականացվում։ Հայաստանում որոշ պատասխանատուներ ուղղակի ուղտի ականջում քնած են եղել և համարել են, որ կարելի է  իներցիայով առաջ գնալ։ Բայց այդպիսի ծրագրերը պետք է հետևողականորեն նպատակային աջակցություններով, ռեսուրսներով ապահովել, փորձել հիմնական ապրանքախմբերի (որոնք հիմնականում սննդամթերքի արտադրության հետ են կապված) արտադրությունը խրախուսել, խթանել։

Իհարկե, որոշ առանձին էպիզոդներ եղել են, բայց ծրագիր, ներմուծման փոխարինման ռեալ ռազմավարություն չկա։ Հիմա, եթե նայենք այն սխեմային, որով առաջնորդվում է ԵՏՄ-ն, դա դասական կառույց է, այսինքն՝ ներքին արտադրությունը խթանելու, ներքին արտադրողին պաշտպանելու համար դու բարձրացնում ես մաքսատուրքերը։

Դրանով անցել են բոլոր զարգացած երկրները, դա կլասիկ սխեմա է։ Լավ կլիներ, որ մեր պատասխանատուները և՛ տեղյակ լինեին դրանից, և՛ քայլեր անեին։ Այդպիսի ծրագրեր պետք է մշակվեին լոկալ, առանձին ոլորտներում և ուղղություններով, ասենք՝ գյուղատնտեսության ոլորտի համար, ինչը, մեծ հաշվով, չի արվել։

Դա կարճաժամկետ լուծելիք խնդիր չէ, դա պետք է արվեր 2-3 տարվա ընթացքում․ մշակվեր, այդ ռազմավարությունները քննարկվեին, որոշումների, ենթաօրենսդրական ակտերի և այլ ձևերով դրվեին շրջանառության մեջ, և արդեն 2018 թվականից, երբ սկսվում է գնային, հարկային կամ մաքսահարկային զանգվածաբար ճնշումը, արդեն արտադրողները պետք է պատրաստ լինեին այս ամենին, առավել ևս, որ նախորդ տարիները բարենպաստ էին այն իմաստով, որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները որոշակի խորշեր էին բացել ռուսական շուկայում՝ գյուղատնտեսական մթերքի և այլնի արտահանումների համար։ Որոշ չափով, իհարկե, արտահանումներն ավելացել են, բայց դա շատ հեռու է այն պոտենցիալից և հնարավորություններից, որ Հայաստանն ունի։

Տեսանյութեր

Լրահոս