«Ապակայունությունն Իրանում կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա». Իրանցի քաղաքագետ

«Ցանկացած ապակայունություն տարածաշրջանում այդ թվում՝ Իրանում, կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»,- 168̣am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով դեկտեմբերի 28-ից Իրանում ծավալվող զանգվածային բողոքի ակցիաներին, որոնք այս օրերին թուլացրել են իրենց ինտենսիվությունը:

Նրա խոսքով՝ ծավալված ակցիաները լուրջ իրադարձություն էին Իրանի համար վերջին տասնամյակի ընթացքում, որոնցից Իրանի իշխանությունները համապատասխան արտաքին քաղաքական և ներքաղաքական հետևությունները կանեն:

Ըստ Կայհան Բարզեգարի՝ երկրում ներքին սոցիալական բնույթի խնդիրները շատ են, դա ընդունում է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ևս:

«Հաշվի առնելով Իրանի արտաքին քաղաքական խնդիրները և թշնամիների ցանկը, ինչպես իրենք՝ իշխանություններն են պնդում, այդ խնդիրները պետք է իրենց լուծումները գտնեին, ոչ թե լուծումները հետաձգվեին անորոշ ժամկետներով: Սա իշխանությունները հասկանում են, և կարծում եմ՝ կառուցողական քայլերի են պատրաստվում: Նրանք նաև հասկանում են, որ իրավիճակից օգտվեցին Վաշինգտոնը, Էլ-Ռիադն ու Թելավիվը, նրանք փորձեցին էլ ավելի մեծ թափ հաղորդել խռովություններին: Այդ վերաբերմունքն ակնհայտ էր և՛ Արևմուտքի պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական քայլերը դիտարկելիս:

Տեսեք, թե մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ վարչակազմը քանի անգամ է անդրադարձել Իրանի իրադարձություններին՝ իշխանություններին զսպվածության կոչեր անելով: Արտաքին ուժերն Իրանի նախագահին ցույց տվեցին, որ կարող են օգտագործել նրա դեմ երկրում կուտակված ողջ բողոքի ալիքը ցանկացած համարձակ քայլի դեպքում, նրանք կարող են այդ բողոքը նաև կազմակերպել: Սա ներկայումս Իրանի նախագահը չի կարող հաշվի չառնել»,- ասաց Բարզեգարը:

Վերջինս ասաց, որ այս պահին դեռ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում ցույցերը շարունակվում են ոչ այն թափով, ինչ չորս օր առաջ, քանի որ իշխանությունները դրական ազդակներ փոխանցեցին, ազատեցին մի շարք ձերբակալվածների:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա, նրա կարծիքով, հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերի բազմազանությունը, դրանով պայմանավորված՝ անկայուն իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է սրվում՝ լարվածության նոր օջախների առաջացմանը զուգահեռ:

«Կարող ենք հիշել ռուս-թուրքական կոնֆլիկտը, որից հետո տեղի ունեցավ կարճաժամկետ պատերազմ Ղարաբաղում, այսինքն՝ անկայունության նոր օջախները կարող են հրահրել իրավիճակի սրում այնտեղ, որտեղ ևս կա լարվածության դեռևս չմարվծխ օջախ, ինչպիսին Ղարաբաղն է, որը գտնվում է Իրանի հարևանությամբ: Նման դեպքերում օգտվում է այն կողմը, որին անհրաժեշտ է արագ և առանց փոխզիջումների կարգավորում: Բայց ես չեմ կարծում, որ իրավիճակն Իրանում այդքան կխորանա, որպեսզի տարածաշրջանը ևս դրանից տուժի: Ինչպես ասացի, Իրանի իշխանությունները համապատասխան դասեր կքաղեն և թույլ չեն տա լարվածության խորացում Իրանում»,- ասաց Բարզեգարը:

Տեսանյութեր

Լրահոս