Սևանից՝ Գոա. Startup Summit-ի նոր հասցեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սևան Ստարտափ սամմիթը, որ ամռանը համախմբել էր 1000 մասնակիցների և հյուրերի, դուրս է գալիս միջազգային ասպարեզ:
Հայաստանից դուրս անցկացվող սամմիթները կկոչվեն Seaside Startup Summit: «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում: Արդեն իսկ նախատեսվում են սամմիթներ ԱՄԷ-ում, Հնդկաստանում, Իսպանիայում, Սինգապուրում և մի շարք այլ երկրներում:
«Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համաշխարհային պրոյեկտ դառնալու նպատակով՝ «Գրանատուս վենչուրս» առաջին հայկական վենչուրային ընկերության հետ համատեղ՝ հիմնադրվում է «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս» ընկերությունը։ Այս համագործակցությունը կարևոր հիմք է դնում ծրագրի հետագա զարգացման և տարածման համար։
«Ստարտափ Արմենիայի» համահիմնադիր Տիրան Հակոբյանը նշում է, որ 2016 թվականին առաջին «Սևան Ստարտափ Սամմիթից» հետո ակնհայտ դարձավ, որ ստարտափ համայնքը ոչ ֆորմալ պայմաններում հաղորդակցվելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու մեծ կարիք ունի:
«Այժմ մենք հասել ենք նրան, որ աշխարհի մի շարք երկրներից ներդրողներ առաջարկում են մեզ նույն ձևաչափով ստարտափ հավաքներ անցկացնել նաև իրենց երկրներում»,- նշում է Տիգրան Հակոբյանը:
«Գրանատուս Վենչուրսի» կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանի խոսքով՝ «Սևան Ստարտափ Սամմիթի» միջազգայնացումը հնարավորություն կտա հայկական ստարտափ էկոհամակարգին՝ ուղիղ կապ հաստատել միջազգային ներդրողների և ստարտափ համայնքների հետ:
«Մենք նախատեսում ենք սիսայդ սամմիթների լավագույն մասնակիցներին հնարավորություն տալ մասնակցելու «Սևան Ստարտափ Սամմիթին», որը լինելու է տարվա գլխավոր միջոցառումը։ Հայաստանն արդեն իսկ ունի արդի տեխնոլոգիական լուծումներով ստարտափների շարք, որոնց բարդ տեխնիկական լուծումները տեղական մասնագետների յուրահատուկ որակների վրա են հիմնված: Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համաշխարհային ստարտափ էկոհամակարգի կարևոր հանգույցներից մեկը և այդ կերպ աշխարհի տարբեր երկրներից ներգրավել օտարերկրյա կապիտալ»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2018 թվականի փետրվարի 8-12-ն Արաբական Միացյալ Էմիրություններում «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» կանցկացվի: Այնտեղ ներկայացված կլինենՄերձավոր Արևելքի հեռանկարային ստարտափները:
Հնդկաստանի Գոա քաղաքում սամմիթը կանցկացվի մարտ ամսին: Գոայում ներկայացված են լինելու հնդկական ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարները, ինչպես նաև՝ մի շարք թիմեր Հեռավոր Արևելքի երկրներից:
Սիրարփի Աղաբաբյան