«Հայաստանի քվեարկությունը բացահայտ դեմարշ է Միացյալ Նահանգների դեմ». Հայկ Ա. Մարտիրոսյան
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում Հայաստանը կողմ քվեարկեց հակաթրամփյան բանաձևին, որը մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահի որոշումը։ Նշենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի քվեարկությանը դրել էին Թուրքիան և մի քանի այլ իսլամական երկրներ։ Բանաձևին կողմ քվեարկեցին 128 երկիր, դեմ՝ ինը՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն, իսկ ձեռնպահ՝ 35 երկիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի այս քվեարկությունը կանխատեսելի էր: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ նախագահի որոշման վերաբերյալ նշել էր, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը «միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»։ Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:
– Պարոն Մարտիրոսյան, Դուք դատապարտել էիք ՄԱԿ ԳՎ–ում Հայաստանի «կողմ» քվեարկությունն այն բանաձևի օգտին, որով անվավեր է ճանաչվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու սկանդալային որոշումն այն դեպքում, երբ բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր, և ընդհանուր առմամբ շատ է քննարկվել, քննադատվել ԱՄՆ նախագահի որոշումը: Ըստ Ձեզ` ի ՞նչ նպատակներից ելնելով է իրականում նման կերպ քվեարկելու որոշում կայացվել:
– Նախ՝ ԱՄՆ նախագահի որոշումը սկանդալային չէր: Դա անսպասելի էր, ռեակցիոն էր, ապտակ էր շատերին, բայց սկանդալային չէր: Այդ որոշմամբ Թրամփը հստակորեն կողմնակալ դիրքորոշում ընդունեց, բայցև իր դաշնակից պետության օգտին աննախադեպ մեծ քայլ կատարեց: Ճիշտ թե սխալ, արդար թե անարդար, միջազգային իրավունքին համահունչ թե հակադիր՝ դա այլ քննարկման թեմա է:
Հիմա՝ բուն հարցի մասին. Այդ 128 երկրները քվեարկել են՝ ելնելով իրենց շահերից: Հայաստանը քվեարկել է իր շահերի դեմ: Գրեթե բոլոր մահմեդական երկրները կողմ են քվեարկել: Ըստ իսլամական հանրային ընկալման՝ ումմայի դոգմայի՝ նրանք չէին կարող դեմ քվեարկել: Դա դավաճանություն կհամարվեր, և այդ պետությունների հասարակություններում բողոքի մեծ ալիքներ կբարձրացներ: Սրանով է բացատրվում, որ Ադրբեջանը, լինելով Իսրայելի դաշնակից և գործընկեր՝ նույնպես կողմ է քվեարկել: Եվ Իսրայելը, անշուշտ, դրան ըմբռնումով է մոտենում: Մինչդեռ Հայաստանի պարագան այլ է: Կողմ է քվեարկել նաև, ասենք, Շվեյցարիան: Ի՞նչ խնդիրներ կամ շահեր ունի Շվեյցարիան, որ կարող են վնասվել: Հայտնի է, թե ինչու է կողմ քվեարկել նաև Ռուսաստանը: Եվ այսպես շարունակ: Հիմա Հայաստանն ինչո՞ւ է կողմ քվեարկել: Չգիտեմ: Անպատկերացնելի է:
Միակ բացատրությունն այն է, որ Հայաստանին կարգադրվել է քվեարկել մի բանաձևի կողմ, որն ընդդեմ Միացյալ Նահանգների է: Այլ տրամաբանական բացատրություն մի իրավիճակում, երբ Հայաստանի ԱԳ նախարարն ամեն կերպ փորձում էր Իսրայելի հետ դիվանագիտական որոշակի ակտիվություն ապահովել, երբ Իսրայելն Ադրբեջանի կարևոր մատակարարն է, և խնդիր կա դա կասեցնելու, որի միակ ճանապարհն այդ պետության հետ հարաբերությունները չսրելն է՝ նման քայլ անելն ուղղակի հակատրամաբանական է: Իհարկե, Երևանում կսկսեն հեքիաթներ պատմել, խոսել միջազգային իրավունքից, հավասարակշռությունից և այլն, բայց դրանք դատարկ խոսքեր են:
Որևէ երկիր չի քվեարկել հենց այնպես: Սա ՄԱԿ ամենաքաղաքականացված և ամենակողմնակալ քվեարկություններից էր, և այստեղ յուրաքանչուրը գործել է՝ ելնելով սեփական շահերից: Բացառություն է Հայաստանը, որ գործել է սեփական շահերի դեմ: Միակ ճիշտ վարքագիծը կլիներ՝ կա՛մ ձեռնպահ քվեարկել, կա՛մ էլ չքվեարկել ընդհանրապես: Ուկրաինան և Վրաստանն ամենաիմաստուն վարքագիծը դրսևորեցին այս հարցում: Հայաստանը կամովին ինքն իրեն թակարդը գցեց:
– Որքանո՞վ էր սա անկախ քվեարկություն:
– Իմ համոզմամբ՝ եթե սա անկախ քվեարկություն էր Հայաստանի պարագայում, ապա մեր հայրենիքը պաշտոնապես որոշել է ինքնասպանվել, և սա դրան տանող արդյունավետ քայլերից մեկն է: Թշնամացնել բոլորին, բարեկամ գերտերության առաջնորդին մարտահրավեր նետել և զրկվել ֆինանսական աջակցությունից: Ու մինչև կողմ քվեարկած բազում երկրների այդ քայլին ըմբռնմամբ կմոտենան Սպիտակ տանը, Հայաստանը, որպես միջազգային ասպարեզում խղճալի վիճակում գտնվող և իրենից ոչինչ չներկայացնող արբանյակ-պետություն՝ շատ թանկ գին կարող է վճարել: Հարց է առաջանում. հանուն ինչի՞:
– Կարծիք կա, որ Հայաստանը հենց հայ համայնքի շահերից ելնելով է կողմ քվեարկել Երուսաղեմում ստատուս–քվոյի պահպանման օգտին: Ի՞նչ եք կարծում այս տեսակետի մասին:
– Ո՞ր հայ համայնքի: Պաղեստինյան ինքնավարության հատվածում ապրող մի քանի հայի՞: Կամ փոքրաթիվ կրոնական կալվածքների՞: Կամ այդ ի՞նչ բացատրություն է, որի համաձայն՝ հայ համայնքը դրանից շահելու է: Իսկ Արևելյան Երուսաղեմում հայ համայնք չկա՞: Իսկ հրեական հատվածում հայ համայնք չկա՞: Երբ կարևոր կողմերից ամենահզորին ես թշնամական քայլ կատարում՝ պաշտպանո՞ւմ ես արդյոք շահերդ նրա տիրույթում: Սպասեք և կտեսնեք, թե Հայաստանի «բարի քայլին» ինչպիսի «բարի պատասխաններ» է տալու Իսրայելը ժամանակի ընթացքում: Եվ դրանից հետո չի կարելի այլևս մեղադրել որևէ մեկին ոչ բարեկամական քայլերի համար:
– Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ֆինանսական օգնությունից զրկել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող ՄԱԿ–ի բանաձևը: Ըստ Ձեզ՝ այս սպառնալիքն ինչպե՞ս պետք է կիրառի ԱՄՆ–ը այս 128 երկրների դեպքում:
– Ինչպես արդեն նշեցի՝ 128-ի դեմ չի կիրառի: Կկիրառի նրանց հանդեպ, ովքեր կարևոր չեն, ոչնչով չեն կարող վնասել ԱՄՆ-ի շահերին, և իրենցից ըստ էության ոչինչ չեն ներկայացնում միջազգային ասպարեզում: Ու քանի որ այդ խումբը բավական փոքր է՝ ընտրությունը բարդ չի լինի: Կռահեցի՞ք՝ որ խմբում է Հայաստանը գտնվում: Եվ դա Թրամփի վարչակազմն անպայմանորեն կանի, որպեսզի «դաս» լինի այլոց համար այլ հարցերում: Նաև՝ իհարկե, դաս լինի հենց նույն այդ երկրների համար: Իսկ Թրամփն արդեն հայտնի է նրանով, որ պատրաստ է հանուն սեփական խոսքը պահող համարվելու՝ կատարել քայլեր, որոնք աննախադեպ են, առաջացնում են լուրջ հետևանքներ և բոլորովին դիվանագիտական չեն:
Ամեն դեպքում Սպիտակ տանն այս հարցում մեղադրել չի կարելի: Մարդիկ նախազգուշացրել էին: Հատուկ և շատ հստակ: Իրականում դրանով նաև ակնարկել էին երրորդ երկրներին՝ օգտվել հնարավորությունից, և, եթե չեն ուզում դեմ քվեարկել՝ գոնե կողմ չքվեարկել: Հայաստանը, իհարկե, անարգեց այդ հորդոր-ակնարկը և ինքնասպանի խիզախությամբ քվեարկեց կողմ:
– Ձեր կարծիքով` Հայաստանի այս քվեարկությունն ինչպե՞ս կանդրադառնա հայ–ամերիկյան հարաբերությունների վրա:
– Եթե ասեմ՝ լավ, կլինի՞ մեկը, որ կհավատա: Իսկ եթե ասեմ՝ որևէ կերպ չի անդրադառնա, արդյոք էլի՞ հավատացողներ կգտնվեն: Իհա՛րկե ոչ: Սա բացահայտ դեմարշ է Միացյալ Նահանգների դեմ: Մի պետության, որ Հայաստանին երբեք չի վնասել, երբեք հակահայկական քայլեր չի կատարել միջազգային ասպարեզում: Փոխարենը՝ միակ պետությունն է, որ ցեղասպանությունից հետո հայերի հայրենիքը՝ որպես պետություն, վերականգնելու քայլ է կատարել, փրկել է որբերին, իսկ նորագույն փուլում՝ անդադար ֆինանսական, ռազմատեխնիկական օգնություն է տրամադրել և հրաժարվել է զինել Հայաստանի դեմ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի թշնամի պետությանը:
– Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս կձևափոխվի Իսրայելի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ այս քվեարկությունից հետո:
– Այլևս բարոյապես Իսրայելն ազատ է բացահայտորեն աջակցելու Ադրբեջանին: Եվ եթե շատ օբյեկտիվ լինենք՝ սրանից հետո դրա բարոյական իրավունքն ինքն իրեն, թերևս, կարող է վերապահել: Եթե Հայաստանը լիներ Իսրայելի փոխարեն՝ ի՞նչ կաներ: Պետք է հասկանալ, որ խոսքն այստեղ պրոիսրայելական դիրքորոշում որդեգրելու մասին չէ ընդհանրապես:
Խոսքը տարածաշրջանային երկու կարևորագույն դերակատարների դեմ դեմարշային, բացահայտորեն թշնամական քայլեր կատարելու մասին է: Երկու լուրջ պետությունների, որոնք ակտիվ են մի միջավայրում, որտեղ Հայաստանը, իրոք, կենաց ու մահու կռիվ է տալիս՝ իրականում գոյության համար: Եվ բարեկամին վերածել ոչ բարեկամի, իսկ հակառակորդիդ հետ համագործակցողին վերածել արդեն ուղղակի քո հակառակորդի՝ անիմաստ, անչափ վտանգավոր և աննկարագրելի վատ հաշվարկի դրսևորում է՝ ինչպիսին էլ որ այդ հաշվարկը լինի: