
Ինչպե՞ս է Թրամփը վնասում աշխարհում մամուլի վարկանիշը

«Կեղծ լրատվություն» եւ «վաճառված մամուլ»՝ նախագահ Թրամփն իր նախագահության 11 ամիսների ընթացքում օգտագործել է այս արտահայտությունները 180 անգամ: Վերլուծաբանների կարծիքով, Դոնալդ Թրամփի հարաբերությունները մամուլի հետ փոխկապակցված են:
«Նա գրում է Թվիթերում, լրատվամիջոցները հրապարակում են նրա գրածը, այնպես որ, նա լիարժեք օգտվում է հենց այդ նույն լրատվամիջոցների ընձեռած հնարավորություններից, որոնք քննադատում է», – ասում է Ամերիկայի մամուլի ինստիտուտի վերլուծաբան Թոմ Ռոզենթյելը:
Քննադատությանն ի պատասխան, զայրացած լրատվամիջոցները նույնիսկ տեսահոլովակ պատրաստեցին, որտեղ շեշտում էին, որ խնձորը խնձոր են անվանելու, որքան էլ իրենց փորձեն համոզել, որ դա այլ միրգ է: Սակայն իրականում, համաշխարհային մակարդակով լրատվամիջոցների նկատմամբ Թրամփի հռետորաբանությունն ուրախությամբ սկսեցին կրկնօրինակել աշխարհի ամենավառ բռնապետերը, ավելացնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Քորթնի Ռադչը.
«Կեղծ լրատվություն» արտահայտությունն օգտագործում են Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում՝ մամուլի վրա ճնշումների արդարացման համար»:
Ավելին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը վերջերս հայտարարել է, որ իրավապաշտպանների մեղադրանքներն իր հասցեին անհիմն են, քանի որ այդ ամենը «կեղծ լրատվություն» է: Ասադի օրինակին են հետեւել Թաիլանդի եւ Քամբոջայի ղեկավարները, իսկ Սինգապուրում քննարկում են «կեղծ լրատվության» արգելման վերաբերյալ հատուկ օրենք ընդունելու հեռանկարը:
«Այդ ամենը քաջալերում է նման ղեկավարներին, քանի որ նրանց կարծիքով, նույնն անում է ամերիկյան իշխանությունը», – նշում է Լրագրողներ առանց սահմանների ներկայացուցիչ Մարգո Էվենը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաեւ հիշեցնում է, որ իր նախագահության օրոք Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է մի շարք բռնապետերի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է լրագրողներին բանտարկելու իր հակումներով: