«Ծնողները տրամադրված են վատ, որովհետև դպրոցի ուսուցիչները տրամադրում են, որ երեխաները չպատվաստվեն». «Կարմիր խաչի» պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու

Դեկտեմբերի 11-ից Շիրակի մարզի պոլիկլինիկաներում սկսվել են մարդու պապիլոմա վիրուսով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները: Այն ծնողները, ովքեր չեն ցանկանա՝ իրենց երեխաները պատվաստվեն, պետք է գրավոր հրաժարվեն:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրենի խորհրդական Սոնյա Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզում կա 13 տարեկան 792 աղջիկ, ովքեր պետք է պատվաստվեն: Նրանցից 429-ը Գյումրուց են:

«ՀՀ-ում մյուս կանանց և աղջիկների համար ազգային օրացույցով նախատեսված չէ պատվաստումներ կատարել: 2004 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերին ծնված աղջիկներին ենք պատվաստելու, որոնք դարձել են 13 տարեկան: Եթե դրա համար դիմեն այլ տարիքի կանայք և տղամարդիկ, մենք պատվաստումը չենք կարող կազմակերպել, քանի որ իրենց համար պատվաստանյութ չենք ստացել: Վճարովի կլինիկաներում, օրինակ, «Նաիրի» բժշկական կենտրոնում պատվաստանյութի մեկ դոզան արժե 40 000 դրամ, ուր կարող են դիմել այլ ցանկացողներ և այնտեղ պատվաստվել»,- ասաց Սոնյա Ոսկանյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ում տարեկան մոտ 130 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից, ինչը լուրջ խնդիր է:

Կարդացեք նաև

«Յուրաքանչյուր տարի ՀՀ-ում արգանդի վզիկի քաղցկեղի մինչև 150 առաջնային դեպք է հայտնաբերվում, տարեկան 2000-3000 կին էլ գտնվում է դիսպանսեր հսկողության տակ: Սա լուրջ խնդիր է, քանի որ, եթե կա արգանդի վզիկի քաղցկեղ, էլ ի՞նչ երեխա ունենալու մասին է խոսքը»:

Ս. Ոսկանյանի պնդմամբ, հանրապետությունում արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են սկրինինգներ՝ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով: Այսինքն ՊԱՊ քսուք են վերցնում, ինչն հնարավորություն է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը դեռևս նախաքաղցկեղային շրջանում:

«Մեր հանրապետությունում սկրինինգների միջոցով արգանդի վզիկի քաղցկեղի բավական հայտնաբերվածություն կա, չնայած որ դեռևս ենթակա կոնտինգենտի 50 տոկոսն է հաճախել այդ հետազոտություններին: Նախաքաղցկեղային շրջանում բուժում հնարավոր է կազմակերպել, կանխարգելել նախաքաղցկեղային վիճակից քաղցկեղի անցնելը նաև մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով, սակայն ուշացած քաղցկեղներ (երրորդ, չորրորդ ստադիաներում) հայտնաբերելիս՝ այլևս հնարավոր չէ բուժել այդ մարդուն: Հիմնականում արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերվում է այն ժամանակ, երբ կինն ունենում է ցավեր, արտադրություն: Ցանկացած կին, որն հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով, և ուշացած է հայտնաբերվում, նրա կյանքն ամենաշատը կարելի է 6-7 տարի ձգել: Փրկել նրան մահվանից հնարավոր չի լինում»:

Մեր զրուցակիցը հավաստեց, որ ԱՄՆ-ում արտադրվող քառավալենտ «Գարդասիլ» պատվաստանյութը պայքարում է մարդու պապիլոմա վիրուսի 4 տեսակի հարուցիչների դեմ՝ 6, 11, 16, 18:

«Երբ այն պատվաստում են կնոջը դեռ նախաքաղցկեղային վիճակում, դա համարյա 80-90 տոկոսով բուժում է ապահովում: Պապիլոմա վիրուսի պատճառով նաև վերին, ստորին շնչուղիների քաղցկեղ է առաջանում: Այն կարող է զարգանալ բերանի խոռոչում, ձայնալարերի վրա կարող է զարգանալ քաղցկեղ, հաստ աղիի վրա, մորից ծննդաբերության և կեսարյան հատումների ժամանակ պտղաջրերով կարող է անցնել պտղին և հետագայում պատճառ դառնալ երեխաների բերանի խոռոչի, շնչուղիների, ձայնալարերի քաղցկեղների, պապիլոմատոզների:

Մինչև 25 տոկոս կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը կարող է լինել այս վիրուսը: Ազգաբնակչության 80 տոկոսը հիվանդանում է պապիլոմա վիրուսով: Մի մասը, ելնելով օրգանիզմի իմուն վիճակից, ձերբազատվում է վիրուսից, մյուս մասը չի ազատվում այս հարուցչից: Դրանք մնում են օրգանիզմում՝արգանդի վզիկի լորձաթաղանթում: Գաղտնի շրջանը մարդու օրգանիզմում 7-10 տարի է տևում, որի ընթացքում մարդը կլինիկա չի ունենում, բայց հարուցիչն իր սև գործն անում է, և արդյունքում՝ երկարատև վնասելով լորձաթաղանթի բջիջները, բերում է քաղցկեղային ատիպիկ բջիջների առաջացման»:

Ս.Ոսկանյանը նշեց, որ զարգացած երկրներում, որոնք հարուստ են և հնարավորություն ունեն լայն տարիքային խմբեր ընդգրկել, իրականացրել են այդ պատվաստվումն այս պատվաստանյութով 9-ից մինչև 32 տարեկան կանանց մոտ:

«Երկրներ կան, որ իրականացրել են նաև տղամարդկանց մոտ՝ կանանց հետ միաժամանակ, ինչի արդյունքում հիվանդացությունը կարճ ժամանակում կտրուկ նվազել է: Մենք այդքան հնարավորություն չունենք և չենք կարող ավելի լայն տարիքային խումբ վերցնել, ուստի վերցրել ենք որպես նպատակային խումբ՝ 13 տարեկան աղջիկներին, որոնց ճնշող մեծամասնությունը, ելնելով մեր ազգային մենթալիտետից, սեռական կապերի մեջ կմտնեն 15 տարեկանից ոչ շուտ: Իսկ պատվաստանյութի ներարկումից հետո կայուն իմունիտետը կձևավորվի 1 տարի 10 ամսվա ընթացքում: Այսինքն՝ 15 տարեկանում աղջիկներն այլևս ընկալունակ չեն լինի պապիլոմա վիրուսի նկատմամբ, չեն հիվանդանա դրանով և վարակը չեն փոխանցի տղամարդկանց, որոնք էլ, լինելով վարակի հիմնական տարածողները՝ չեն հիվանդանա և չեն տարածի այն:

Այլ խոսքով, Հայաստանում պատվաստելով այդ աղջիկներին՝ հիվանդությունից զերծ են պահում և կանանց, և տղամարդկանց, նաև դադարեցնում ենք հարուցչի ակտիվ շրջանառությունը»:

Ս.Ոսկանյանը վստահեցնում է, որ այն ծնողները, որոնք կհրաժարվեն այս պատվաստումից, մեծ վնաս կհասցնեն իրենց երեխաներին, քանի որ, երբ երեխաները մեծանան և, Աստված չանի, հիվանդանան արգանդի վզիկի քաղցկեղով, և գինեկոլոգը նշի, որ, եթե հիվանդը պատվաստվեր մարդու պապիլոմայի դեմ, հիմա հիվանդ չէր լինի, պատկերացրեք, թե երեխան ինչպիսի մեղադրանքներ կներկայացնի ծնողին:

«Ուստի ծնողներին առաջարկվում է չենթարկվել նման ռիսկի և իրենց երեխային տանել պատվաստման պոլիկլինիկաներում»:

Նշենք որ վերջերս «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ «Գարդասիլի» մեկ դոզա պատվաստանյութն արժե 100 դոլար: Սա նշանակում է, որ Շիրակի մարզի 792 աղջկա պատվաստման համար ՀՀ ԱՆ-ն ծախսելու էր շուրջ 79.200 դոլար գումար, իսկ նրանց կրկնակի պատվաստման դեպքում՝ այդ գումարի կրկնապատիկը՝ 158.400 դոլար:

Սակայն, ըստ Ս.Ոսկանյանի, քանի որ աշխարհում պատվաստանյութերի ձեռքբերումով և պատվաստումների կազմակերպումով զբաղվող ԳԱՎԻ միջազգային հիմնադրամն օգնում է այն երկրներին, որոնց համար հասանելի չէ այդքան թանկ գինը, օգնել է նաև մեր երկրին՝ պետությանը թողնելով արժեքի քիչ մասը՝ 1 դոզայի համար՝ 2200 դրամ: Շնորհիվ այդ կազմակերպության՝ մեր երկիրը հնարավորություն է ունեցել իրականացնելու այս շատ կարևոր պատվաստանյութի ներդրումը:

Ստացվում է, եթե նախարարությունը պատվաստանյութի մեկ դոզայի համար 2200 դրամ է վճարել, իսկ պատվաստանյութի արժեքի մնացած մասը՝ այլ կազմակերպություն, ուրեմն՝ Շիրակի մարզի պարագայում պատվաստումների առաջին փուլի համար կծախսվի 1.742.400 դրամ, երկու փուլի համար՝ ընդհանուր 3.484.800 դրամ գումար:

Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ Հայաստան ներկրված մարդու պապիլոմա վիրուսի վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան «Մերկ» ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ 3 տարի պիտանելիության ժամկետով: Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը նախքան Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում: Այն ստացվել է գենային ինժեներիայի ճանապարհով:

Ի՞նչ են մտածում գյումրեցի աղջիկների ծնողները «Գարդասիլի» վերաբերյալ

Մեր հարցումները ցույց տվեցին, որ շատերի մոտ առկա է անորոշություն, քանի որ այս պատվաստանյութի հանդեպ մամուլում առկա են ծայրահեղ՝ և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ: Ոմանց համար հուսադրողն այն է, որ պատվաստանյութը ծանր հիվանդության՝ քաղցկեղի կանխարգելմանն է ուղղված:

Սակայն «Կարմիր խաչի» պոլիկլինիկայից տեղեկացնում են, որ դպրոցների տնօրենները վախեցնում են ծնողներին:

«Պատվաստումները նոր են սկսվել: Գոնե մի շաբաթ պետք է անցնի, նոր տեսնենք, թե հետևանքներն ինչ եղան: 80-ից ավելի 13 տարեկան պատվաստման ենթակա աղջիկ ունենք: Ծնողները տրամադրված են վատ, որովհետև դպրոցի ուսուցիչներն իրենց դրել են գիտնականի տեղ, իրենք տրամադրում են, որ երեխաները չպատվաստվեն, ասում են՝ վատ բան է, և այլն: Դպրոցները շատ վատ ինֆորմացիայով մարդկանց շեղում են, ու այդտեղից մարդկանց մեր դաշտը բերելը շատ դժվար է: Նույնիսկ դպրոցների տնօրեններ են եղել, որ երեխաների մայրերին ասել են՝ հետներդ գանք, որ հանկարծ բժիշկները չգան, ձեզ չսրսկեն»,- մեզ հետ զրույցում նշեց «Կարմիր խաչի» պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանտրոսյանը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս