Գյումրու Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող կիսակառույցներն այլևս բանի պետք չեն
Լուսանկարներում Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող կիսակառույց շենքերն են: Այս շենքերի շինարարությունն անավարտ մնաց, քանի որ Հայաստանն անկախացավ, իսկ շինարարությունն իրականացնող ուկրաինացիները, ռուսները, ղազախները և ուզբեկները լքեցին մեր երկիրը:
Ժամանակի ընթացքում այս կիսակառույցները դարձան ալան-թալանի զոհ: Մեծամասամբ դրանց հիմքերը թուլացել են, ամրանների մեծ մասը բացակայում է, վտանգավոր է անգամ դրանց մոտենալը:
Տեղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ, երբ «ՀՀՇ-ն եկավ իշխանության, այդ ժամանակվանից սկսվեց ալան-ալանը»:
«Կիսակառույցներին տեր էղնող չկար, ամրանները թալանեցին-տարան»:
Տարիներ առաջ Գյումրու քաղաքապետարանը խոստացել էր զբաղվել շենքերի հիմնանորոգմամբ, սակայն մինչ օրս դրանցով զբաղվող չկա:
Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը պարզաբանել էր, որ միայն «Մուշ-2» թաղամասում ռուսները 35 հատ շենք էին կառուցել, սակայն, քանի որ կիսակառույցների շինարարությունն ավարտին չէր հասցվել, ուստի դրանց մեծ մասն ապամոնտաժվել էր:
Միաժամանակ քաղաքապետարանի պաշտոնյան խոստացել էր, որ կզբաղվեն կիսակառույց 71 շենքերով, որոնց հիմքերն առկա են, քանի որ դրանց վրա հնարավոր է ինչ-որ աշխատանքներ իրականացնել:
Հ. Կարապետյանը վստահեցնում էր, որ դեռևս պահպանված շենքերից մի քանիսի հիմքերի վրա հնարավոր է նոր շենքեր կառուցել:
Թե ինչպիսին է այժմ այդ կիսակառույցների վիճակը՝ փորձեցինք պարզել երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանից:
«Երկրաշարժից հետո սկսվեց շենքերի շինարարությունը: Այսօրվա վիճակում միայն Անի թաղամասում է, որ այդ նախագիծն իրականացված է: Մոտ 20000-25000 մարդ ապրում է Անի թաղամասում, և այնտեղ ներդրված միջոցները չփոշիացվեցին: Սակայն Մուշ-1, Մուշ-2 թաղամասերում, որոնք կառուցապատվեցին, հատկապես, երբ կառուցապատվեց Մուշ-2 թաղամասը, հին շենքերի նորմերը փոխվել էին, և կիսակառույցները չօգտագործվեցին: Փաստորեն, Մուշ-2-ի հին շենքերը լրիվ քանդվեցին, ու նոր սեյսմիկ նորմերով նախագծված շենքեր կառուցվեցին: Մնացած թաղամասերում խայտառակ վիճակ է: Մինչև հիմա չգիտեն, թե ով է այդ կիսակառույցների տերը:
Մեր ժողովուրդն էլ, փառք Աստծո, այս հարցում շատ աչալուրջ է, սկսեցին ամրանները հանել պանելների միջից: Այնպես որ, դրանք դարձել են պրոբլեմ թե քաղաքի, թե մարզի համար: Նույնիսկ կային թաղամասեր, որտեղ լրիվ կառուցված շենքեր կային, մարդիկ էին ապրում, հիմա մարդկանց թիվը գնալով՝ և քաղաքում է նվազում, և այդ թաղամասերում: Եղած շեքների հիմքերն օգտագործման համար պիտանի չեն: Եթե որոշեն դրանք վերականգնել, ապա պետք է քանդեն, դրանց տեղում լրիվ նորը կառուցեն, ոնց որ Մուշ-2-ում արեցին:
Եթե այն ժամանակ տեր լինեին, գոնե մարդիկ չքանդեին պատերը, ամրանները չհանեին, կարելի էր օգտագործել: Շարունակել ավարտել այդ շինարարությունն անհնարին է, քանի որ հասցված վնասն այնքան մեծ է, որ զրոյից պետք է սկսեն: Քաղաքապետարանի բալանսին մնա, թե մարզպետարանի, միևնույն է, դրանք զրոյական արժեք ունեն»,- պարզաբանեց Սերգեյ Նազարեթյանը:
Անահիտ Սիմոնյան