Վայքի հիվանդանոցը վերազինվեց նոր սարքավորումներով «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ
Դեկտեմբերի 13-ին Վայք քաղաքի հիվանադանոցում բացվեց Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ վերանորոգված և բժշկական տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը, ինչպես նաև շահագործման հանձնվեց հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակը:
Նոր վիրահատարանի և վերելակի բացման արարողության ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության բուժծառայության ղեկավար Վիգեն Տատինցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի աշխատանքային ճամբարի տարածքում ընկերությունն ունի արագ արձագանքման պայմաններին հարմարեցված առաջնային օգնության բուժկետեր, բայց իրենք որոշեցին մասնագիտացված բուժօգնության օղակն ուժեղացնել:
«Չնայած Վայքի հիվանդանոցը գտնվում է մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա, և մենք ունենք առաջին բուժօգնության բուժկետեր հանքի տարածքում, համենայն դեպս, որպեսզի կանխենք հնարավոր պատահարները և բժշկական այլ իրավիճակները, մենք որոշեցինք ուժեղացնել նաև մասնագիտացված օղակը, որը հանդիսանում է Վայքի հիվանդանոցը: Այն, որ Վայքի հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը շատ փորձառու և հուսալի է, նաև դա մեզ համոզեց, որ ներդրումը ճիշտ և հասցեագրված կլինի: Եթե մենք համոզված չլինեինք, որ այստեղ շատ փորձառու մասնագետներ են աշխատում, երևի այդ որոշումը դժվար կայացվեր»,- նշեց Վ. Տատինցյանը:
Նա վստահեցրեց, որ Վայքի հիվանդանոցը հիմա լիովին ի վիճակի է վիրաբուժական ծառայություն մատուցել և կայունացնել ծայրահեղ ծանր հիվանդի վիճակը. «Քանի որ հանքն իրենից լուրջ արտադրություն է ներկայացնում, հնարավոր են ծանր դեպքեր: Չնայած մենք բոլոր կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկում ենք, որ նման դեպքեր չլինեն, ամեն դեպքում, պատրաստ լինելը միշտ ճիշտ է: Մինչ այսօր հանքում լուրջ պատահարներ չեն եղել»:
Վայքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանն էլ նշեց, որ հիվանդանոցն այս մեկ տարվա ընթացքում վերազինվել է բավականին լիարժեք տեխնիկայով, որ իրենք չեն ունեցել և չեն էլ պատկերացրել, որ կարող է՝ ունենան. «Լաբորատոր սարքավորումներից սկսած՝ վերելակով, վիրահատական սեղանով, վիրահատական պարագաների մեծ հավաքածուով, շարժական ռենտգեն ապարատով, ռենտգեն ապարատի վերանորոգումով և այլն: Վայքի հիվանդանոցում տարեկան արվում է 1500-ից ավելի վիրահատություն: Հիվանդանոցը սպասարկում է Վայք քաղաքին հարակից բոլոր համայնքներին, ամբողջ մարզին: Այն նախատեսված է Վայքը սպասարկելու համար, բայց սպասարկում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքը»:
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, որը նույնպես ներկա էր հիվանդանոցի վիրահատարանի և վերելակի բացման արարողությանը, նշեց, որ «Լիդիան Արմենիան» գրեթե 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծրագիր է իրականացրել Վայքի հիվանդանոցում. «Կարծում եմ՝ սա կնպաստի Վայոց Ձորի բնակչության հիմնական հիվանդների առողջության բարելավմանը, ինչո՞ւ չէ, նաև վճարովի ծառայությունների ավելացմանը: Մենք շատ լավ մասնագետներ ունենք, ու կարծում եմ՝ այսօրվա ժամանակակից սարքավորումները կնպաստեն մասնագետների լիարժեք աշխատանքին: Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Լիդիան Արմենիային» հերթական սոցիալական ներդրումը կատարելու համար: Այս պահի դրությամբ «Լիդիան Արմենիայում» աշխատում է 800 վայոցձորցի»:
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն էլ նշեց, որ մինչև հանքում շինարարական աշխատանքներ սկսելն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ, թե դժբախտ պատահարների դեպքում ինչպես պետք է տեղափոխեն հիվանդներին, և որ հիվանդանոցն է ավելի հարմար. «Վայք քաղաքը գտնվում է Երևան քաղաքի և Ամուլսարի մեջտեղում, դրա համար ընտրվեց այդ քաղաքի հիվանդանոցը: Մենք ունենք 1 միլիոն ժամ՝ առանց պատահարների ցուցանիշը, բայց մենք նախապատրաստվում ենք, որ, եթե հանկարծ լինի որևէ պատահար, ինչ ենք անելու: Երկրորդ նպատակն այն է, որ իրականացնենք այնպիսի ներդրում, որը կծառայի նաև հանրությանը: Շարունակելու ենք ներդրումները հիվանդանոցում, ծրագրեր կան, որոնք այս տարի են ավարտվելու»:
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի՝ 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290՝ Ջերմուկի, 44՝ Գորայքի, 114՝ Գնդեվազի, և 25՝ Սարավանի բնակիչներ են: Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետական բյուջե փոխանցած հարկերի ծավալն ավելացրել է 12,5 անգամ և ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 20 հարկատուների մեջ է՝ զբաղեցնելով 19-րդ տեղը՝ ավելի քան 4 մլրդ դրամ հարկային վճարումներով: