Կառավարությունը նոր «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն կմշակի
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և հայտարարեց, որ նախատեսվում է նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:
Ըստ նրա` 2015 թվականից ի վեր, երբ ընդունվել էր Հակակոռուպցիոն ռազմավարությունը, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:
«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջացառումներ՝ նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմները»,- ասաց Կ.Կարապետյանը:
Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ավարտել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մաշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, նաև 30-օրյա ժամկետում ըստ ոլորտների մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնել արդարադատության նախարարությանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին Կ.Կարապետյանը հանձնարարեց 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող 4 ոլորտային հակակոռուպցիոն միջացառումների մոնիթորինգի և գնահատման մեխազնիզմների մշակման աշխատանքները, ամփոփել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջացառումներն ու դրանց արդյունքները:
Արդարադատության նախարարին վարչապետը հանձնարարեց նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ հստակ արձանագրել թիրախային ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:
«Նոր փաստաթղթի մշակման աշխատանքներին պետք է հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, իրավաբաններին, գիտնականներին և այլ շահագրգիռ մարմիններին»,- հավելեց վարչապետը: