Բաժիններ՝

«Մշակված ռազմավարությունը նպատակ ունի լուծել տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները». Անահիտ Գևորգյան

Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրներ, ծերացման հետևանքների հաղթահարում, սոցիալական օգնականի ծառայության ներդրում. Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Ըստ պատասխանատուի՝ բնակչության ծերացումը գլոբալ, անխուսափելի գործընթաց է, որը լրջագույն ազդեցություն է թողնում սոցիալական ապահովության, սոցիալական և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացի վրա: Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները ՀՀ կառավարության կողմից ճանաչվել են որպես գերակա ուղղություն: 2017թ. մարտի 17-ին ընդունվել է «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունն ու դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է տարեց մարդկանց համար ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը:

«Նախարարության կողմից  մշակված ռազմավարությունը նպատակ ունի լուծել տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները, որոնք բաժանված են մի քանի խմբերի. համայնքային կյանքին մասնակցություն, սոցիալական ներառում, այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրում, առողջապահական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն, աշխատանքի և զբաղվածության խնդիրների լուծում, կրթության ապահովում կյանքի ողջ ընթացքում, բնակարանային պայմանների բարելավում, տարեց ունեցող ընտանիքին աջակցություն: Այս բոլոր միջոցառումները նախատեսված են ռազմավարության գործողությունների ծրագրում, որոնք կիրագործվեն առաջիկա 5 տարիների ընթացքում»,- պարզաբանել է Անահիտ Գևորգյանը:

Պատասխանատուն անդրադառնալով տարեցների ոլորտում առկա խնդիրներին՝ ընդգծել է, որ լուծման գործընթացում մեծ կարևորություն ունի միջոլորտային սերտ համագործակցությունը: «Այս պահին գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամները տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ են: Յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում իրականացվող քաղաքականության և ծրագրերի մեջ հաշվի է առնում ծերացման խնդիրները և տարեցների օրինական շահերը: Իրագործվող ծրագրերի շնորհիվ հնարավորության դեպքում ապահովում ենք տարեցների ներառումը հասարակություն, ստեղծում՝ համապատասխան պայմաններ առողջ ու ակտիվ ծերացման համար»,-փաստել  է Անահիտ Գևորգյանը:

Խոսելով տարեցների փորձառության ու ներուժի օգտագործման կարևորության մասին՝ Անահիտ Գևորգյանը նշել է, որ այն չի կարելի անտեսել և անհրաժեշտ է օգտագործել երկրի զարգացման գործում: «Կարևորելով տարեցների սոցիալական ներառումը և աշխատաշուկայում երկար մնալու անհրաժեշտությունը նախարարությունը որոշակի օրենսդրական փոփոխություններ է կատարել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ հանդիպումներ և քննարկումներ են եղել գործատուների, արհմիությունների, զբաղվածության տարածքային մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների  հետ: Նպատակը՝ աշխատանքը կորցրած կամ ազատված տարեցների համար, ովքեր դեռ հնարավորություն ու ցանկություն ունեն աշխատելու վերապատրաստման դասընթացների ու վերամասնագիտացումների միջոցով նրանց ընդգրկելն է աշխատաշուկա և աշխատանքով ապահովելը:

Հարցին, թե արդյոք գործատուները շահագրգռված կլինեն ընդունել տարիքն առած կենսաթոշակառու աշխատակիցների, տիկին Գևորգյանը պատասխանել է, որ իհարկե առաջին հայացքից գործատուն նախընտրում է երիտասարդ ու ավելի ակտիվ կադրերի, սակայն կան աշխատատեղեր, որտեղ երիտասարդները չեն համաձայնվում աշխատել ցածր աշխատավարձի կամ համապատասխան մասնագիտական ունակություններ չունենալու պատճառով:

Առ այսօր օրենսդրական բացի պատճառով կենսաթոշակառու տարիքի աշխատունակ անձինք չեն կարողացել դեռևս զբաղվածության տարածքային մարմիններում հաշվառվել որպես աշխատանք փնտրողներ, հետևաբար չեն օգտվել նաև նախատեսված վերապատրաստման դասընթացներից: Ընդունված ռազմավարության գործողությունների ծրագրից ելնելով 2018թ. նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք հիմք կհանդիսանան տարեցներին ևս հաշվառել որպես աշխատանք փնրողներ և նրանց ընդգրկել զբաղվածության պետական ակտիվ ծրագրերում:

Այնուհետև տիկին Գևորգյանը խոսել է տարեցներին տրամադրվող այսօրյա ծառայությունների մասին: Ըստ նրա, ներկայում տարեցներին տրամադրվում է խնամքի և սպասարկման երեք տիպի ծառայություն՝ տուն-ինտերնատներ, տնային պայմաններում խնամվող տարեցներ և բարեգործական ճաշարաններ: Ծառայություները զարգացնելու և ավելի հասցեական դարձնելու նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը և մշակվել մի քանի մոդելներ՝ փոքր ընտանեկան տիպի խնամքի համայնքային տներ, ցերեկային կենտրոններ, սոցիալական օգնականի ծառայություն: Մշակված մոդելները նախատեսվում են իրականացնել 2018-2019թթ.: Սկզբնական շրջանում կներդրվեն փոքր ծավալով, այնուհետև կընդարձակվեն:

«Նոր մոդելների և այլընտրանքային ծառայությունների տրամադրման համար պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում: Մենք նախատեսում ենք  իրագործել դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների և ոլորտում գործող հասարական կազմակերպությունների օգնությամբ: Ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերն իրականացվում են դոնորների աջակցությամբ: Մեր նպատակն է նաև հասաակության մեջ արթնացնել այն գիտակցությունը, որ, ունենալով մեծ ֆինանսական միջոցներ, պետք է որոշակի մասհանում կատարել և տարեցների համար իրագործել փոքրիկ սոցիալական ծրագրեր»,-հավելել է պատասխանատուն:

Անդրադառնալով սոցիալական օգնականի ծառայության ներդրման գործընթացին՝ Անահիտ Գևորգյանը այն համարել է տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող հավելյալ ու անհրաժեշտ ծառայություն: «Երբ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձը գտնվում է ժամանակավոր դժվարության կամ վատառողջ վիճակում, սոցիալական օգնականը մշտապես նրա կողքին պետք է լինի՝ հոգալու համար ոչ միայն նրա  կենցաղային, առողջապահական խնդիրները, այլև, անհրաժեշության դեպքում, պաշտպանի նրա իրավունքները»,-ամփոփելով՝ նշել է պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս