«Այս անգամ ես տեսա, որ Խոսրով Հարությունյանն այդ հաճույքը չէր ստանում». Արամ Սարգսյան

«Շատ ծավալուն օրենք է և, իսկապես, ռադիկալ: Նման կարևոր օրենքը քննարկվում է կիսադատարկ դահլիճում, սովորության համաձայն՝ նույն մարդիկ են, նույն հարցեր տվողները, նույն ելույթ ունեցողները: Շատ ափսոս, որ ամեն ինչ այդպես է»,- այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Պատկերացրեք՝ մարդը գործ է նախաձեռնում, այդ գործի արդյունքում ինքը վճարում է պետության բոլոր հարկերը, վերջում, որ մնացել է իր շահույթը տուն տանի, պետությունն ասում է՝ այստեղից էլ պետք է հարկ վճարես, ընդ որում՝ ՀՀ-ի քաղաքացու համար ավելի քիչ, այլ երկրների քաղաքացիների համար՝ ավելի շատ, որը կրկին չի խրախուսում ներդրումները: Այնպես չէ, որ բոլոր երկրները շահութահարկը հարկում են, զարգացող երկրները չեն հարկում»,- նկատեց Ա. Սարգսյանը:

Նա նշեց, որ նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ամբողջությամբ տիրապետում է նյութին, ինչը շատ կարևոր է.

«Բայց բերել եք, մեզ ասում եք՝ մեկ շաբաթում այս ամեն ինչին դրական կամ բացասական վերաբերմունք տվեք: Հանրությունը մեզ քվե է տվել, որ մենք օրենքները կարդանք, հետևություններ անենք ու նոր քվեարկենք: Դուք մեզ զրկում եք այդ իրավունքից: Ես անձամբ չեմ կարողացել այդ ամբողջն ուսումնասիրել:

Խոսրով Հարությունյանը, որ բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը հաճույք է ստանում մեր քննարկումներից, այս անգամ ես տեսա, որ այդ հաճույքը չէր ստանում: Թողեք կարդանք, հասկանանք: Այս պարագայում ես չեմ կարող կողմ քվեարկել, կներեք»:

 

Տեսանյութեր

Լրահոս