«Ռուսաստանը փորձեց Սիրիայից հեռանալ՝ որպես հաղթող». Մալաշենկո

Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Սիրիայից: Արդեն երկուշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի Խմեյմիմ ռազմաբազայում էր, որտեղ նրան դիմավորեց Բաշար ալ Ասադը: Խմեյմիմի ռազմաբազայում Պուտինը հայտնեց վերջին օրերի ամենակարևոր լուրը` Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը՝ միևնույն ժամանակ՝ նշելով. «Եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, մենք այնպիսի հարվածներ կտանք, որոնք նրանք դեռ չեն տեսել»: Այնուամենայնիվ, Տարտուսի և Խմեյմիմի ռուսական ռազմաբազաները կշարունակեն իրենց աշխատանքը:

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն պարզաբանեց, թե ինչու ՌԴ նախագահը նման որոշում կայացրեց հենց հիմա: Ըստ նրա՝ սա մշակված քայլ էր, ՌԴ նախագահին պետք էր հեռանալ Սիրիայից հենց հիմա, հաշվի առնելով ռուսական, սիրիական բանակների հաղթանակները ցամաքում և Սիրիայի շուրջ ծավալվող դիվանագիտական գործընթացն ու Արևմուտքի վերաբերմունքը:

«Պետք էր Սիրիայից հեռանալ՝ որպես հաղթող, սա շատ կարևոր հանգամանք է: Ընդհանուր առմամբ սիրիական բանակին ռուսական ուժերի օգնությամբ՝ կենտրոնում, իսկ քրդական ուժերին՝ հյուսիսում հաջողվեց ազատել Սիրիան «Իսլամական պետություն» խմբավորումից: Սրան զուգահեռ՝ տարածաշրջանային երկրներն են որոշում Սիրիայի քաղաքական ապագան՝ առանց ԱՄՆ ակտիվ միջամտության, ինչը գոհացնում է Ռուսաստանին, բայց դա չի նշանակում, որ միշտ կարող է այսպես շարունակվել, քանի որ Թրամփի հնարավոր քայլերն անկանխատեսելի են, կան կարծիքներ, որ այդ քայլերը կարող են Ռուսաստանի հանդեպ շատ ավելի կոշտ լինել, քան նախկինում, որովհետև ԱՄՆ-ում սրվել է հակառուսական տրամադրությունը: Ուստի ռուսական կողմը փորձում է սրանով չեզոքացնել հնարավոր ռիսկերը և Սիրիայից հեռանալ՝ որպես հաղթող, քանի որ կա հակառակի վտանգը: Ռուսական ներկայությունը Սիրիայում լուրջ խնդիր է ԱՄՆ-ի համար»,- պարզաբանեց Մալաշենկոն:

Նրա պնդմամբ՝ ամերիկացիների պասիվությունը Սիրիայում մի շարք պատճառներ կարող է ունենալ: Դրանցից ամենակարևորն այն է, ըստ վերլուծաբանի, որ ԱՄՆ-ը չկարողացավ այս խնդրում էական դերակատարություն ստանձնել, իրեն ճիշտ դիրքավորել, բեկումնային որոշումներ կայացնել: «Այստեղ մեծ ուժեր և համարձակ որոշումներ էին պետք, որը ամերիկացիներն այս անգամ չցանկացան անել, քանի որ, ամենայն հավանականությամբ, սիրիական հակամարտությունն իրենց համար երկրորդական է, հակառակի դեպքում այստեղ կարող էին լուրջ որոշումներ կայացվել: Ամեն դեպքում դեռ ամեն բան ավարտված չէ, որքան էլ որ ՌԴ նախագահը դուրս է բերում զորքերը, սա քաղաքականություն է, ամեն ինչ ավարտված չէ, և այդ մասին իրենց հայտարարություններով են հանդես եկել արևմտյան առաջնորդները: Ուստի պետք է սպասել և տեսնել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան այս որոշումից հետո»,- ասաց Մալաշենկոն:

Հարցին, թե ինչպես կանդրադառնա ՌԴ այս որոշումը Հարավային Կովկասի և ԼՂ հակամարտության վրա, Մալաշենկոն պատասխանեց, որ Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական առավելությունն այս տարածաշրջանում բխում է Հայաստանի և հայկական կողմերի շահերից:

«Հայկական կողմն է, որ պետք է որոշի՝ ինչպես օգտագործել պահը սեփական խնդիրների լուծման համար: Եվ, ի վերջո, ցանկացած խաղաղ գործընթաց իր դրական ազդեցությունն է ունենում ողջ տարածաշրջանի վրա, բայց կարծում եմ` էական փոփոխություններ Ղարաբաղի շուրջ չեն լինի: Կարևորն այն է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այստեղ կա կոնսենսուս իրավիճակի չբարդացման հարցում»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս