«Քրդերը նույնիսկ ասում են, որ հայերն իրենց տարածքում են ապրում, մեր եկեղեցիներն էլ քրդական են». Գառնիկ Ասատրյան

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով քրդական հարցին՝ ասաց, որ ի սկզբանե պարզ էր, որ քրդական անկախ պետություն չի ստեղծվելու.

«Քրդական պետություն ոչ մի կերպ չի կարող ստեղծվել։ Քրդական պետության ստեղծումը, առհասարակ, ոչինչ չի տալու ո՛չ տարածաշրջանի ժողովուրդներին, ո՛չ էլ քրդերին։ Ընդհանրապես, քրդական հարցը 30-40 տարին մեկ ակտուալանում է, այդ մասին սկսում են խոսել, խոստանում, որ կլինի պետություն, բայց վերջին պահին դա տեղի չի ունենում»։

Նրա խոսքով՝ այս ամենի հիմքում ընկած է քրդական պրոյեկտը, որը ենթադրում է ինչ-ինչ նպատակներով քրդերի օգտագործում.

«Շատ հարմար զանգված է, հեշտ է հրապուրվում, հեշտ է վաճառվում, չունի գաղափարախոսություն, իսկ եղածն էլ՝ ֆանտաստիկ է։ Քրդական իդեոլոգիան իր ապերասանությամբ նույնիսկ պանթյուրքիստական ամենասանձարձակ իդեոլոգիաներից այն կողմ է գնում։ Ըստ նրանց՝ աշխարհում ամեն ինչ քրդերն են ստեղծել, բոլորը քրդեր են։ Նույնիսկ ասում են, որ հայերն իրենց տարածքում են ապրում, մեր եկեղեցիներն էլ քրդական են։ Այս ամենը ցույց է տալիս քրդական գաղափարախոսության դատարկությունը»։

Քրդերն, ըստ նրա՝ չունեն կամք, պարզապես կա անկախության դիսկուրս. «Քրդական այդ մասսան քաղաքական պրոյեկտներում օգտագործելու համար շատ հարմար է։ Քրդական այս ամբողջ զարգացումները ցույց տվեցին, թե ինչքան մակերեսային է մեր հանրույթի ընկալումները քրդական խնդրից ու տարածաշրջանային զարգացումներից»։

Այս ամենը, Գառնիկ Ասատրյանի խոսքով՝ մի քանի նպատակ է հետապնդում. «Տարածաշրջանից քրիստոնյաների վերացումը, ինչին որոշ չափով հասան «Իսլամական պետության» ստեղծմամբ, որը ևս ԱՄՆ-ի պրոյեկտն էր։ Քրդերը, որպես օժանդակ պրոյեկտ, հանդես եկան այստեղ։ Հիմնական նպատակը Սիրիայի, Իրաքի մասնատումն էր, այսինքն՝ այսօր Արևմուտքը հստակ նպատակ է հետապնդում՝ վերաձևավորել տարածաշրջանը։ Իրանն ամենալավ պատառն է, որին ձգտում են արտատարածաշրջանային ուժերը։ Իրանի շուրջ խտանում են ամբողջ գույները»։

Ինչ վերաբերում է Իրան-Թուրքիա-Ռուսաստան մերձեցմանը, ապա նա չի կարծում, թե դա հիմնարար է.

«Դա ավելի շատ տակտիկական, հանգրվանային մերձեցում է, շատ շուտ էլ կվերանա և չի հասցնի լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։ Իրանը միշտ էլ Թուրքիայի հետ ստաբիլ, թվացյալ բարյացակամ, բայց խորքային խնդիրներ ունեցող հարաբերություններ է ունեցել։ Նույնն էլ այսօր է, դրա մեջ ինչ-որ առանձին բաներ չպետք է դիտել։ Պարզապես որոշ տարածաշրջանային հարցեր ստիպեցին Իրանին և Թուրքիային մի փոքր վերանայել իրենց հարաբերությունները»։

Տեսանյութեր

Լրահոս