«Կատարողականի գնահատման համակարգ պետք է ունենանք, որից հետո էական չի լինի՝ այդ դպրոցի տնօրենը կուսակցակա՞ն է, թե՞ ոչ». Մհեր Սահակյան
Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Սահակյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ «Կրթության զարգացման ծրագիր 2030»-ը մշակվել է ԿԳՆ-ի և իրենց կենտրոնի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ.
«Սկզբնական շրջանում ուզում էինք հասկանալ՝ ինչպիսին պետք է լինի ծրագիրը։ Հասկացանք, որ 2030թ. վերցնելը մեզ տալիս է հնարավորություն ծրագիրը համահունչ դարձնել միջազգային փաստաթղթերին։ Սա պետք է լինի այն փաստաթուղթը, որն արձանագրում է զարգացման անհրաժեշտ ուղղությունները։ Փաստաթղթում կարևորն այն է, որ մենք ունենք ճանապարհային քարտեզ, որը ներկայացնում է, թե որ ծրագիրն ինչ ժամկետում է իրականացվելու։
Բոլորին թվում է, թե ծրագիրն այսպես կա ու այսպես էլ մնալու է, և կարող ենք հաշվել, ասել, թե բյուջեն ինչքան է։ Տարբեր հետազոտություններ են արվել, բայց դրանք չենք գրել ծրագրում։ Գուցե ակնհայտ չի երևում՝ ինչ նկատի ունենք, բայց բացելով՝ չգիտեմ՝ այս փաստաթուղթն ինչ կդառնար»։
Նա նշեց, որ ծրագրից բխող առաջնահերթություններ կան. «Հիմիկվանից արդեն մտածում ենք, թե ոնց անենք, որ ծրագրային բաներ ունենանք նշված, ու կարողանանք հաստատումից հետո արդեն իրականացնել»։
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին և դպրոցների տնօրենների կուսակցականացվածությանը, նա ասաց, որ ծրագրում հստակ նշված է դպրոցների կառավարման մասին. «Միգուցե նշված չէ, որ դա կոռուպցիայի դեմ պայքար է, բայց այդ խնդիրը լուծելու է։ Ես չեմ ուզում՝ մենք քաղաքականացնենք փաստաթուղթը, բայց մենք այդ առումով լուծումներ փորձել ենք տալ։ Երբ դպրոցների տնօրենների նշանակման մասին էինք խոսում, ես ասացի, որ կատարողականի գնահատման համակարգ պետք է ունենանք, որից հետո էական չի լինի՝ այդ տնօրենը կուսակցակա՞ն է, թե՞ ոչ, որովհետև նա պետք է ապահովի արդյունքներ»։