«Հնարավորություն կա հաջողության հասնելու, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում»
Մարզական տարին մոտենում է ավարտին և անցնող տարին ամփոփելու ժամանակն է: Սպորտային 2017 թվականը լի էր ձեռքբերումներով, ինչ-որ տեղ կորուստներով, բայց նաև նոր գրված էջերով: Այսպիսի նոր էջ էր նաև հեծանվասպորտի աշխարհի գավաթի առաջին փուլում Էդգար Ստեփանյանի նվաճած արծաթե մեդալը: Այն անկախ Հայաստանի պատմության մեջ այդ մարզաձևի առաջին մեդալն էր միջազգային մրցահարթակներում: Էդգարի հետ հանդիպեցինք մեր խմբագրությունում: Հաճելի և ջերմ զրույցի ընթացքում Ստեփանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց ձեռքբերումների, մարզաձևում առկա խնդիրների, երկար սպասված մեդալի մասին:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել հեծանվասպորտով:
–Հեծանվասպորտով սկսել եմ զբաղվել 2009 թվականից: Սկզբում ընկերներս էին մարզվում, ես էլ որոշեցի միանալ նրանց: Հետո մասնակցեցի մրցաշարերի: Առաջին մրցաշարերում պարզապես հաճույք էինք ստանում: Սակայն հետո, երբ սկսեցի հաղթել իրար հետևից, ավելի խորը սկսեցի զբաղվել:
-Ինչպիսի՞ արձագանք տվեցին ընտանիքի անդամները:
-Առաջին հեծանիվս նվեր եմ ստացել հորիցս, 5 տարեկանում: Բոլորն էլ լավ արձագանքեցին, ուրախ էին ինձ համար: Թեպետ ուզում էին, որ դպրոցում գրանցածս հաջողությունները շարունակական լինեն: Սկզբնական շրջանում համատեղում էի, հետո արդեն կենտրոնացա հեծանվասպորտի վրա: Ոչ միայն ընտանիքում, այլև ամբողջ ցեղում ոչ մեկ սպորտով չի զբաղվել, ես առաջինն եմ:
-Էդգար, այս տարին բացառիկ էր հայկական հեծանվասպորտի համար: Դուք աշխարհի գավաթի խաղարկությունում դարձաք արծաթե մեդալակիր: Ի՞նչ է այդ մեդալը ձեզ համար:
-Նախ հպարտ եմ, որ կարողանում եմ հայկական հեծանվասպորտը ճանաչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այս մեդալը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Պորտուգալիայում Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում վնասվածք ստացա: Դրանից հետո Եվրոպայի մեծահասակների և աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը դեռ առջևում էր: Վնասվածքով մասնակցեցի Ֆրանկոֆոն խաղերին: Հետո բժշկի` Դավիթ Մոսինյանի և մասաժիստ Էդգար Ավետիքյանի օգնությամբ վերականգնվեցի: Միաժամանակ թե բուժվում, թե մարզվում էի:
Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ արդեն ցավեր չունեի և ինձ լավ էի զգում և սկրեչ ձևում 11-րդն էի: Եվ միայն 10 օր անց մասնակցեցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Սկրեչում մրցում էին Օլիմպիական խաղերի մեդալակիրները, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները: Եզրափակիչ դուրս եկա 6-րդ տեղով, իսկ եզրափակչում «Start list»-ը նայելիս դժվարանում էի պատկերացնել, թե ինչ կստացվի: Բայց ինձ հաջողվեց երկրորդը հատել եզրագիծը: Հայաստանը, որ մեկ մարզիկով էր ներկայացել, կարողացավ մեդալ նվաճել:
-Ո՞վքեր են ձեր մարզաձևում քեզ համար օրինակելի մարզիկները:
-Կան օրինակելի շատ մարզիկներ և հիմնականում անգլիացիները: Օրինակելի է անգլիացի Բրեդլի Ուիգինսը, ով Օլիմպիական խաղերի քառակի հաղթող է, «Tour de France»-ի և աշխարհի յոթակի չեմպիոն: Հետևում եմ բոլոր մարզիկներին, ովքեր մեծ հաջողության են հասել՝ նոր բաներ սովորելով:
-Կա՞ մի բան, որը չեք սիրում հեծանվասպորտում:
-Գուցե այն, որ քիչ մրցաշարերի եմ մասնակցում: Հնարավորություն կա հաջողության հասնելու, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում: Ֆեդերացիան ամեն ինչ անում է մեզ` մարզիկներիս աջակցելու համար:
-Կա՞ն ակումբներ, որոնց հետ ապագայում կհամագործակցեք:
-Դեռ, ոչ: Աչքիս առաջ ունեմ ակումբներ Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հիմնական մրցաշարերը լինում են Եվրոպայում:
-Բոլոր մարզիկների մեծագույն երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցել և մեդալակիր դառնալն է: Ի՞նչ է պետք ձեզ դրան հասնելու համար:
-Հեծանվասպորտը թանկ մարզաձև է, և Օլիմպիական խաղերին հասնելու համար պետք է մասնակցել մի շարք մրցաշարերի: Մեր դեպքում օլիմպիական ուղեգրերը տրվում են վաստակած միավորի շնորհիվ: Բայց կան մի քանի մրցաշարեր, որոնց մասնակցությունը պարտադիր է: Հիմա ես աշխարհում 23-րդն եմ, և հաջորդ տարվա գավաթի խաղարկությունում աշխարհից մասնակցում է միայն մեկ մարզիկ: Վարկանիշային միավոր տալիս է աշխարհի առաջնությունը, և այս պահի դրությամբ ես իրավունք ունեմ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Ձգտում եմ միավորներս հասցնել 1100-ի, որպեսզի աշխարհում դառնամ 12-րդը և վերջնականապես ապահովեմ տեղը աշխարհի առաջնությունում:
-Էդգար, սնահավատ եք արդյո՞ք:
-Ոչ, չեմ: Առաջին հերթին քրիստոնյային բնորոշ հավատքով եմ: Ունեմ մի խաչ, որը հետս է մրցումների ժամանակ:
-Մարզիկը պետք է ավելի շատ տաղանդավո՞ր լինի, թե աշխատասեր:
-Իմ կարծիքով մարզիկը կարող է շատ տաղանդավոր չլինել, բայց աշխատասեր` պարտադիր: Կարևոր է, որ նաև նպատակասլաց լինես, իմանաս՝ ինչի հետևից ես գնում:
–Ամփոփելով 2017 թվականը՝ ինչպիսի՞ տարի էր այն ձեզ համար:
-Թե լավ տարի էր, թե` վատ: Նորմալ մեկնարկեց, հետո մի պահ վնասվածքի պատճառով վատացավ, բայց, ընդհանուր առմամբ, հաջող էր:
-Էդգար, մի քանի բլից հարցեր: Ֆուտբոլ, թե՞ թենիս:
-Ֆուտբոլ:
-Պիցցա, թե՞ պաղպաղակ:
-Պիցցա:
-Թոմը, թե՞ Ջերին:
-Ջերին:
-Սև, թե՞ սպիտակ:
-Սև:
-Լենս Արմսթրոնգ, թե՞ Գրեգ վան Ավերմատ:
-Ավերմատ:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի