Ռուսաստանը ՀԱՊԿ-ում աջակցել է հայաստանյան նախագծին

Օրերս ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների (ՀԱՊԿ) ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում առաջին անգամ իրենց հրապարակային աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։

Նոյեմբերի 30-ին Մինսկում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Համատեղ նիստին անդրադարձ է կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա կատարելագործմանն առնչվող հարցերին։

Հայկական պատվիրակության անունից ելույթ ունենալով համատեղ նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ անցյալ տարի կազմակերպության երևանյան գագաթաժողովին ընդունված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայցեակարգում» հստակ նախանշված են ՀԱՊԿ կազմակերպության հետագա անելիքները։ Նալբանդյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը, որը ժամեր անց հաստատվել է ՀԱՊԿ նախագահների կողմից:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունն է՝ աջակցություն ցուցաբերել քաղաքական-դիվանագիտական ուղիներով ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- նշված է ՀԱՊԿ հայտարարության մեջ:

Նաև ասվում է, որ ՀԱՊԿ անդամ պետություններն աջակցություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

«Աջակցում ենք այն համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում գագաթաժողովների շրջանակում և որոնք ուղղված են՝ թույլ տալ խուսափել իրավիճակի սրացումից, պահպանել հրադադարի ռեժիմը, հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռնարկել ու բանակցային գործընթացն ինտենսիվացնել»,- նշվում է հայտարարության տեքստում:

Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների, հատկապես՝ Ղազախստանի և Բելառուսի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը սովորաբար խուսափում էր միասնական դիրքորոշում հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, չնայած ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության երաշխավորն է և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում պարտավոր է արձագանքել, իսկ Հայաստանի դիմումի համաձայն` նաև միջամտել և պաշտպանել Հայաստանին արտաքին ագրեսիայից, ինչին հայկական կողմը բախվում է Ղարաբաղյան հակամարտության շրջանակում, երբ ադրբեջանական կողմը թիրախավորում է ՀՀ սահմանները:

Բավական է հիշեցնել նախորդ տարի հայկական Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որը չկիսեցին ՀԱՊԿ մյուս անդամ երկրները՝ պնդելով, թե Բորդյուժան չի արտահայտել միասնական դիրքորոշումը, թեև Բորդյուժայի հայտարարությունը բավականին հավասարակշռված էր: Մտահոգության առիթ էր դարձել հատկապես Բորդյուժայի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ վերջին բոլոր տարիների ՀԱՊԿ փաստաթղթերում Ղարաբաղյան հակամարտությունը ներառված է ՀԱՊԿ տարածաշրջանի մարտահրավերների թվում, Ղարաբաղին անդրադարձ եղել է պարբերաբար, քանի որ ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ այդ գոտում պատերազմական ողբերգական իրադարձությունները լիովին իրատեսական են: Սակայն, ըստ նրա, ՀԱՊԿ-ի միասնական դիրքորոշման բացակայությունը Ղարաբաղի վերաբերյալ անհանգստության առարկա էր Հայաստանի համար, այնինչ ՀԱՊԿ-ը չունի պարտավորություններ Ղարաբաղի վերաբերյալ, ՀԱՊԿ-ի պարտավորությունները սահմանափակվում են Հայաստանի սահմանով:

«Հենց այս պատճառով կոնկրետ անդրադարձն այս հակամարտությանը ՀԱՊԿ անդամ երկրները տեղին չէին համարում, հատկապես, երբ առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ի տարբերություն Հայաստանի:

Պարզ է, որ Բելառուսն ու Ղազախստանն են մշտապես խոչընդոտում այս թեմայի անդրադարձերին, նույնիսկ, երբ Ադրբեջանը գործողություններ էր ձեռնարկում հայկական սահմանների ուղղությամբ»,- պարզաբանեց Ֆելգենգաուերը:

Նա ուշադրություն հրավիրեց հայտարարության տեքստի վրա: Նրա գնահատմամբ՝ հայտարարության տեքստը չեզոք է, այն լիովին համապատասխանում է ՄԽ շրջանակում ընթացող բանակցային գործընթացին:

«Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար:

ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հաստատել է իր դիրքորոշումը, որ չի կարող միջամտել և կարող է միայն աջակցել այն հարթակին, որը կոչված է զբաղվելու այս խնդրի կարգավորմամբ: Սա հայամետ հայտարարություն չէ, սակայն երեք սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, հայկական դիվանագիտական ձևակերպումներ են, դրանք մենք շատ ենք լսել»,- նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

Վերջինիս խոսքով՝ նման հայտարարության նախագիծ Հայաստանը չէր կարող անցկացնել առանց Ռուսաստանի աջակցության:

«Ռուսաստանն աջակցել է նման հայտարարություն կազմելուն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո քննադատության թիրախ դարձան թե ՀԱՊԿ-ը, և թե Ռուսաստանը, որոնք հերթականությամբ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել: Սա նաև Հայաստանի հասարակության համար արված քայլ կարելի է համարել, այդ թվում՝ այն բոլոր միջոցառումները, որոնք Ռուսաստանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմից հետո՝ վերազինելով Հայաստանին շատ ավելի հզոր սպառազինությամբ, ձևավորելով հայ-ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ»,- շեշտեց ռազմական վերլուծաբանը:

Մեզ հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ չնայած զուսպ ձևակերպումներին՝ հայտարարությունն Ադրբեջանի համար զսպող դերակատարություն կունենա:

«Հենց այդ նպատակով էլ այս հայտարարությունը տարածվել է: Չեմ հերքում, որ կա Հայաստանի նախագահության դերակատարությունը ևս: Ադրբեջանը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում, դրա հետ պետք է հաշվի նստեն նաև իր գործընկերները:

ՀԱՊԿ-ի պարտավորությունն է՝ անդրադառնալ այն խնդիրներին, որոնք ունի անդամ երկիր Հայաստանը: Իսկ Հայաստանի սահմաններին պարբերաբար ռազմական վտանգներ են առաջանում: Նման վտանգների դեպքում ՀԱՊԿ-ը պետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Հայաստանին, չի ցուցաբերել, քանի որ Հայաստանը չի դիմել նման խնդրանքով և դիմումով, ուստի մեծ զիջում չէր ՀԱՊԿ-ից այս հայտարարությունը, նման հայտարարությունները պետք է ավելի հաճախակի լինեն, և անհրաժեշտության դեպքում՝ հասցեական: ՀԱՊԿ-ը պետք է անդրադառնա նաև միջադեպերին, որոնք տեղի են ունենում Հայաստանի սահմաններին»,- ասաց նա:

Հարցին, թե նման հայտարարությունները շարունակական կլինե՞ն, հնարավո՞ր է՝ ՀԱՊԿ-ը փոխի իր քաղաքականությունն այս հարցում, Եվսեևը պատասխանեց, որ չի կարծում, թե Բելառուսն ու Ղազախստանը կփոխեն իրենց դիրքորոշումը նույնիսկ հանուն Ռուսաստանի, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը չի ստանա այս երկրների աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս