
Գոյություն ունի՞, արդյոք, սեր՝ առաջին հայացքից

Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանի հոգեբաններն ուսումնասիրություն են անցկացրել, որը հարցականի տակ է դնում առաջին հայացքից սիրո գոյությունը։
Գիտափորձին մասնակցել է 396 մարդ, հիմնականում՝ ուսանողներ Գերմանիայից ու Նիդեռլանդներից, որոնց շուրջ 60 տոկոսը աղջիկներ էին: Հարցման մասնակիցները պատասխանել են՝ իրենք հանդիպում են արդյոք որեւէ մեկի հետ, այնուհետեւ ցույց են տվել անծանոթ մարդկանց լուսանկարներ եւ խնդրել են նկարագրել առաջացած զգացողությունը՝ կրքից եւ կապվածությունից մինչեւ խորը էմպատիան: Մասնակիցներին նաեւ հարցրել են՝ արդյոք նրանք երբեւիցե սիրել են առաջին հայացքից:
Այնուհետեւ գիտնականները կազմակերպել են «արագ տեսակցություններ», որոնց ընթացքում զույգերը միմյանց հետ անցկացրել են 90 եւ 20 րոպե՝ համապատասխանաբար: Հանդիպումների արդյունքում մասնակիցները պատմել են՝ փոխվել է արդյոք իրենց վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: Գիտափորձի ավարտին 32 մասնակիցներ հայտնել են այնպիսի զգացմունքի առաջացման 49 դեպքերի մասին, որը կարելի էր անվանել «սեր առաջին հայացքից»:
Նշվում է, որ «արագ տեսակցությունների» ժամանակ այդ էմոցիան, որպես կանոն, փոխադարձ չի եղել:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին հայացքից սերը, ըստ էության, սիրո հետ ոչ մի ձեւով չի հարաբերակցվում»,-եզրակացրել են հոգեբանները: Նրանց կարծիքով՝ զգացումները, որոնք ունեցել են գիտափորձի մասնակիցները, եղել են պարզ ֆիզիկական հակում, որն ուղեկցվել է «կրքի ուժգին հորդումով»: Ընդ որում՝ այն երկարաժամկետ ազդեցություն չի ունեցել մարդու հոգեհուզական վիճակի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: