«ԵՄ-ն մեզ տվել է 25 տարի ժամանակ և որոշակի գումար, որ «կոնյակի» փոխարեն` նոր բրենդ ստեղծենք ու դնենք շրջանառության մեջ». Ավագ Հարությունյան
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրով գլոբալ տնտեսական առումով ոչինչ չի փոխվել և չի փոխվելու գինեգործության և կոնյակագործության ոլորտներում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ մենք ԵՄ արտահանում էինք մեծամասամբ գինեգործական արտադրանք, և մինչև 2013թ. ունեինք որոշակի արտոնություններ ԵՄ շուկաներում:
«Ունեինք նաև հատուկ քվոտաներ, և մեր ծավալներն այնքան շատ չէին, որ կարողանայինք այդ քվոտաներից դուրս գալ: Մի խոսքով՝ հարկային բավականին բարենպաստ ռեժիմում էինք գտնվում: 2013թ. երբ չստորագրեցինք Ասոցացման համաձայնագիրը, դրանից ոչինչ չփոխվեց և չի փոխվելու նաև հիմա: Սա ավելի շատ քաղաքական հարց է, և ներդրումային առումով՝ վստահության, չնայած՝ մարդիկ, ովքեր ներդրում էին կատարում այստեղ, լավ գիտեն, որ որևէ մեծ բան տեղի չի ունեցել:
Նույնն էլ վերաբերում է ԵՏՄ-ին. մինչև ԵՏՄ մտնելը մեր հիմնական շուկան Ռուսաստանն էր, ԱՊՀ երկրները, հիմա էլ է այդպես, և որևէ նոր բան չի փոխվել: ԵՏՄ-ն, իհարկե, մի քիչ մեզ վնասեց, դա վերաբերում էր այն բնագավառներին, որտեղ ներկրում էին՝ խցան, շիշ: 10 տոկոս վնասի մասին է խոսքն արժեքի, որը կոմպենսացվում է այն լրացուցիչ արտոնություններով, որ տալիս է մեզ ԵՏՄ շուկան»:
168.am-ի հարցին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում կոնյակի անվանափոխության վերաբերյալ դրույթ կա, այդ գործընթացն ինչպե՞ս է տեղի ունենալու, և որքա՞ն փոխհատուցում է տրվելու Հայաստանին, նա այսպես պատասխանեց.
«Կոնյակի կապակցությամբ՝ ԵՄ-ի հետ բանակցություններ միշտ էլ ընթացել են: 1959 թվականից, երբ ընդունվեց օրենք, արգելվեց մեր կողմից եվրոպական երկրներ կոնյակի արտահանումը՝ «կոնյակ» անվան ներքո: Այսինքն՝ 1959 թվականից մենք իրավունք չունեինք և Սովետական Միության ժամանակ Եվրոպա արտահանում էինք կոնյակ՝ «Արարատ» բրենդով: Կոչվում էր «Արարատ բրենդի», «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» և այլն: Այսպես շարունակվեց մինչև 1972թ., երբ ԱՄՆ-ը Եվրոպայի հետ վեճի մեջ մտավ՝ աշխարհագրական անվանումների հետ կապված: ԱՄՆ-ը ԽՍՀՄ երկրների նման երկրներին հավաքեց, որոնք չէին հարգում միջազգային իրավունքները, և ստեղծեց նոր համաձայնագիր, որը ստորագրեց ԽՍՀՄ-ը:
Հիմա եկավ 2013թ., ԵՄ-ն պայման դրեց, որ՝ քո ներքին շուկայում չգործածվի «կոնյակ» բառը: Հիմա այս բանակցություններում մենք պնդեցինք, որ ներքին շուկայում «կոնյակից» հրաժարվելու համար մեզ մեծ ժամանակահատված է պետք: Մեզ տվեցին 25 տարի, և պնդեցինք, որ տան գումար, որպեսզի անուն հնարենք ու դնենք շրջանառության մեջ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: