Ինչպես և ինչքան են ծախսում Հայաստանի բնակիչները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային վիճակագրական ծառայությունը նախորդ շաբաթ հրապարակեց «Պարենային ապահովություն և աղքատություն, 2017թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցը։ Հենց այս զեկույցում են տեղ գտնում աղքատության մակարդակի վերաբերյալ տվյալները։
Ի սկզբանե սպասվում էր, որ 2016 թվականի աղքատության մակարդակը վերջապես կհրապարակվի, սակայն ԱՎԾ-ն զեկույցում նշել էր, որ աղքատության մակարդակի ցուցանիշը կհրապարակվի դեկտեմբերին։
Փոխարենը՝ զեկույցում կան այլ, ոչ պակաս հետաքրքիր տվյալներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել սոցիալական վիճակի մասին։ Խոսքը վերաբերում է բնակչության եկամուտներին և ծախսերին։ Եկամուտների մասին արդեն գրել ենք, այս անգամ կանդրադառնանք ծախսերին։
Եվ այսպես, տնային տնտեսությունների միջին ամսական անվանական սպառողական ծախսերը 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 43 978 դրամ։ Ինչպես տեսնում եք աղյուսակում՝ 2013-2016 թվականներին ծախսերն աճել են բոլոր տարիներին, ինչը դրական երևույթ է։
Սակայն ընդհանուր ցուցանիշը քիչ բան է ասում։ Բնակչության ծախսերը հասկանալու համար պետք է դիտարկել նաև ըստ քվինտիլային խմբերի։ ԱՎԾ-ն ծախսերի վիճակագրությունը ներկայացնում է՝ ըստ 5 քվինտիլային խմբերի։ 1-ին քվինտիլային խումբն ամենախոցելի 20% բնակչությունն է, 5-րդ քվինտիլային խումբը՝ ամենաապահովված 20%-ը։
Ինչպես տեսնում ենք աղյուսակում, 1-ին քվինտիլային խմբի ամսական ծախսերը 2016 թվականին կազմել են 16 899 դրամ, իսկ 5-րդ քվինտիլային խմբի ծախսերը՝ 91 178 դրամ։
Եթե ընդունենք, որ Հայաստանի բնակչությունը մոտ 3 միլիոն է, ապա ըստ այս թվերի՝ կստացվի, որ առավել ապահովված 600 հազար քաղաքացիներն ամսական միջինը 5.4 անգամ ավելի շատ են ծախսում, քան ամենից քիչ ապահովված 600 հազարը։ Սա Ջինի գործակիցը չէ, սակայն նույնպես ցույց է տալիս ծախսերի բևեռացվածության աստիճանը։
Իհարկե, հարուստների և աղքատների միջև նման տարբերություն բոլոր երկրներում կա՝ մի տեղ այդ բևեռացումն ավելի խորն է, մեկ այլ տեղ՝ ավելի քիչ։ Կոնկրետ Հայաստանի դեպքում ավելի կարևոր է համեմատել, թե ինչպես է փոխվել այդ բևեռացվածության աստիճանը վերջին տարիներին։
Ինչպես նշեցինք, ամենաապահովված և ամենից քիչ ապահովված քվինտիլային խմբերի ծախսերը 2016 թվականին տարբերվում են 5.4 անգամ։ 2015 թվականին այդ տարբերությունը 5.54 անգամ էր, իսկ 2014 թվականին՝ 5.56 անգամ։ 2014 և 2015 թվականների համեմատ ծախսերի բևեռացվածությունը փոքր-ինչ նվազել է։ Սակայն 2013 թվականին այդ տարբերությունը 5.17 էր։ Այսինքն՝ 2013-2016թթ. ամենահարուստների և ամենաաղքատների միջև տարբերությունը մեծացել է։
2013 և 2016 թվականների համեմատությունը նաև ցույց է տալիս, որ 2016 թվականին՝ 2013 թվականի համեմատ, 1-ին և 2-րդ քվինտիլային խմբերի ամսական ծախսերն աճել են 14.7%-ով, 3-րդ և 4-րդ քվինտիլային խմբերինը՝ 22%-ով, 5-րդ քվինտիլային խմբի ծախսերը՝ 20 անգամ։ Սա նշանակում է, որ ամենախոցելի խավի ծախսերն ամենադանդաղն են աճել, ինչի արդյունքում էլ խորացել է անհավասարությունը։
Ծախսերի անհամաչափությունը նկատելի է ոչ միայն սոցիալական տարբեր խմբերի միջև, այլ նաև տարածքային բաշխվածության տեսանկյունից՝ ըստ մարզերի։
Երևանում, օրինակ, 2016 թվականին 1 շնչի հաշվով միջին անվանական ամսական ծախսերն ամենաբարձրն են՝ 55 428 դրամ։ Իսկ ամենից քիչ ծախսում են Տավուշի մարզի բնակիչները՝ ամսական 31 719 դրամ։ Այսինքն, երևանցիները միջին հաշվով 1.7 անգամ ավելի շատ են ծախսում, քան տավուշցիները։ Մարզերի մեջ ամենաբարձր ծախսերն Արարատի մարզում են՝ 48 491 դրամ։
2013 թվականի համեմատ՝ հանրապետական մակարդակով միջին ամսական անվանական ծախսերն ավելացել են 19.5%-ով։ Ամենից շատ՝ 30.6%-ով, ավելացել են Արարատի մարզի բնակիչների ամսական ծախսերը։ Երևանցիների ծախսերն աճել են 29.7%-ով, Կոտայքի բնակիչներինը՝ 24.5%-ով։ Տավուշի մարզում բնակչության ամսական ծախսերը չեն փոխվել։ Իսկ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ ամսական ծախսերը նվազել են 4.7%-ով։
Վերջում ավելացնենք, որ բնակչության ծախսերի հիմնական մասն ուղղված է սննդամթերքի ձեռքբերմանը։ 2016 թվականին անվանական սպառողական ծախսերի մեջ սննդամթերքի (առանց ալկոհոլային խմիչքների) վրա կատարված ծախսերի մասնաբաժինը կազմել է 42.1%: Նշենք, սակայն, որ վերջին 4 տարիների կտրվածքով սննդամթերքի մասնաբաժինը նվազել է. 2013 թվականին այն 47.9% էր, 2014 թվականին՝ 45.7%, 2015 թվականին՝ 43.6%: