«Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված փաստաթուղթը մեծ ձեռքբերում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար». Կախա Գոգոլաշվիլի
«Կարծում եմ` երկար ժամանակ չի պահանջվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Նա պարզաբանեց, թե ինչու այս համաձայնագիրը չարժանացավ ՀՀ-ԵՄ ԱՀ-ի և ԽՀԱԱԳ պայմանագրերի ճակատագրին:
Ըստ Գոգոլաշվիլիի՝ Հայաստանն ու Ռուսաստանը շատ են խորհրդակցություններ անցկացրել այս թեմայի շուրջ:
Գոգոլաշվիլիի կարծիքով՝ եթե համաձայնագրում չկա Ազատ առևտրի գոտու մասին դրույթ, ապա ինչո՞ւ պետք է Ռուսաստանն այս անգամ խոչընդոտեր համաձայնագրի ստորագրմանը:
«Ռուսաստանի մտահոգությունն Ասոցացման համաձայնագրի հենց այդ հատվածն էր: Կարծում եմ՝ ԱՀ-ն չստորագրելուց հետո բանակցել են, և Հայաստանը հասկացել է ակնարկը, թե որքան կարող է հեռուն գնալ ԵՄ-ի հետ հարաբերություններում»,- ասաց վրացի քաղաքագետը:
Կախա Գոգոլաշվիլին օրերս Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված փաստաթուղթը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար մեծ ձեռքբերում է համարում, քանի որ այս փաստաթղթով նախատեսվող բարեփոխումները Հայաստանին և Վրաստանին էլ ավելի կմոտեցնեն միմյանց:
Ըստ նրա` Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունն ու Վրաստանի ասոցիացումը բավականին լուրջ հակասություններ էին ստեղծում երկու երկրների քաղաքական և տնտեսական համակարգերում, անկախ նրանից, որ իշխանությունները, հասարակությունները տրամադրված էին հակառակին` հայ-վրացական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը մեր հարաբերություններում առկա դժվարությունները, որոնք պայմանավորված են ինտեգրացիոն տարբեր ուղիներով, փոքր-ինչ կմեղմի, որովհետև խոսքը ոչ թե Ասոցացման համաձայնագրի մասին է, այլ մի համաձայնագրի, որից Ռուսաստանի կամքով բացակայում է Ազատ առևտրի գոտու ձևավորման հատվածը:
Չնայած այդ հատվածը բացակայում է, ինչի առկայության դեպքում, վստահ եմ, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այլ որակի վերելք կապրեին, համաձայնագրում կան որոշակի առևտրատնտեսական չափանիշեր, որոնք, կարծում եմ, ևս կդյուրացնեն այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը, որը կարևոր է հայկական կողմի համար:
Ես դրանում համոզվեցի այն բանից հետո, երբ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ գործիչ, սա նշանակում է, որ հայկական կողմն առանձնահատուկ կարևորություն է տալիս հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ տնտեսագետի մասնագիտությամբ դիվանագետներ միայն այդ դեպքում են նշանակվում այս կամ այն երկրում: Կարծում եմ` այս համաձայնագիրը հարաբերությունների զարգացման լուրջ ազդակ կդառնա նաև մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասաց վրացի փորձագետը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը ստորագրել է Ասոցացման համաձայնագրին ոչ այնքան մոտ փաստաթուղթ, քանի որ այս դեպքում այն ձևավորել է Հայաստանը, և ոչ՝ ԵՄ-ն, իսկ ԱՀ-ների դեպքում ԵՄ-ն՝ հաշվի առնելով երկրների ցանկությունները, այնուամենայնիվ, իր կայուն փաթեթն էր ներառում ԱՀ-ում:
«Քանի որ Հայաստանը հրաժարվեց ԱՀ-ից, ԵՄ-ն առաջարկեց կազմել փաստաթուղթ, որում ոլորտային համագործակցությունը կառաջարկի Հայաստանը, իսկ ԵՄ-ն կներկայացնի այդ ոլորտում իր պայմանները, փաստորեն, այս ձևաչափով հաջողվեց կազմել համաձայնագիր, ինչի ստորագրման փաստը մեծ իրադարձություն ու նվաճում է ուկրաինական ճգնաժամից հետո:
Սա նոր փուլ է ԵՄ-արևելյան գործընկերներ, ՀՀ-ՌԴ, ԵՄ-ՌԴ հարաբերություններում, նոր ընկալում է, որ հարաբերությունները կարող են նաև այսպիսին լինել, որ հնարավոր է համատեղել, հնարավոր է զիջումների գնալ: Այս փաստաթուղթը հենց այդպիսի քաղաքականության հաղթանակի արդյունք է»,- ասաց Գոգոլաշվիլին:
Վերջինիս համոզմամբ՝ փաստաթղթի վավերացման գործընթացը երկար ժամանակ չի խլի, քանի որ այն կազմվել է Հայաստանի ցանկությունների համաձայն, ու Հայաստանի կառավարությունը շահագրգռված կլինի այն շուտափույթ վավերացնելու հարցում: «Կարծում եմ` երկար ժամանակ չի պահանջվի: Անհասանելի բարեփոխումների մասին խոսք չի գնում այս փաստաթղթում»,- ասաց Գոգոլաշվիլին: