«Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները կառուցելու համար ամենևին Հայաստան պետք չէ». Մեսրոպ Առաքելյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ ակնկալիքներ ունի օրերս Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրից, որևէ բան կփոխվի՞ ՀՀ տնտեսության մեջ:
Ի պատասխան՝ Մ. Առաքելյանն ասաց, որ այն տեսքով, որով համաձայնագիրը 2013 թվականին քննարկվում էր, էականորեն տարբերվում է այս տարբերակից.
«Այն ժամանակ բավականին մեծ էր տնտեսական բաղադրիչն իր կոնկրետ չափորոշիչներով և որոշակի քվոտաներով: Համաձայնագրում այս պահին բացակայում է որևէ հստակ կետ, որը բիզնես միջավայրի համար որևէ բան է փոխում: Այսինքն՝ ընդամենը կան ամրագրված ցանկություններ, բարեմաղթանքներ, որոնք առանձին փաստաթղթերի միջոցով պետք է իրականություն դառնան:
Իհարկե, համաձայնագիրը որոշակի հնարավորություն տալիս է՝ զարգացնելու Հայաստանի և ԵՄ անդամ երկրների տնտեսական հարաբերությունները, սակայն միայն այս փաստաթղթի շնորհիվ ակնկալել, որ Եվրոպայից Հայաստան ներդրումներ են գալու, այդքան էլ այդպես չէ, որովհետև յուրաքանչյուր ներդրող, առաջին հերթին՝ իր մասնավոր շահերն է հետապնդում, և Հայաստանում գործող նույն Հարկային օրենսգիրքը և մնացած բիզնես միջավայրերը բավական են՝ ապահովելու այն խոչընդոտները, որպեսզի նույնիսկ այդ մեծ համաձայնագիրը հնարավորություն չտա ունենալ ներդրումներ»:
Մեր ճշտող հարցին, թե այն, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ավելի շատ կօգնի՞, թե՞ կխանգարի ԵՄ երկրների հետ տնտեսական համագործակցության հարցում՝ Մ. Առաքելյանն այսպես պատասխանեց.
«Զուտ տնտեսական հարթության մեջ եթե հարցը դիտարկենք, ցանկացած տնտեսական միության, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ-ի, գործոններից մեկն ընդհանուր մաքսային տարածքն է: Դա նշանակում է, որ մենք ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ գտնվում ենք մեկ մաքսային տարածքում, արդյունքում՝ երրորդ անդամ երկրներից ներմուծման մասով կա այլ ռեժիմ: Այսինքն՝ եթե մինչ այժմ մենք բոլոր երկրներից ներմուծման պարագայում կիրառում էինք նույն մաքսային ռեժիմը, ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում արդեն հաջորդ տարվանից մենք միանում ենք ընդհանուր դրույքաչափերին, որը ՀՀ-ի համար կիրառվելու է՝ սկսած 3 տարուց, աստիճանաբար, իսկ եթե ավելի երկար ժամկետով նայենք, մոտ 5 տարի հետո Եվրոպայից ապրանքների ներմուծումը բավականին թանկ է լինելու, այսինքն՝ մենք ստիպված ենք լինելու բավարարվել ռուսական շուկայով»:
Ըստ Մ. Առաքելյանի՝ մենք մեր հնարավորությունները շատ ենք ճոխացնում. «Հավատացեք՝ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները կառուցելու համար ամենևին Հայաստան պետք չէ: Գուցե քարտեզի վրա հայտնվել ենք մի այնպիսի տեղ, որ մեզ թվում է՝ մենք կարող ենք ինչ-որ տնտեսական կամուրջներ հանդիսանալ, բայց այսօր համաշխարհային ինտեգրացիան այնքան բաց է, այնքան արագ է զարգանում, որ ցանկացած երկու երկիր կարողանում են ունենալ մաքսիմալ փոխադարձ համագործակցություն՝ առանց երրորդ երկրների ներգրավման, առավել ևս՝ Հայաստանի»:
Մեր այն հարցին էլ, թե, փաստորեն, որևէ դրական ակնկալիք չունե՞ք այդ համաձայնագրից՝ Մ. Առաքելյանը պատասխանեց, որ ցանկացած միջազգային համագործակցության դրական ազդեցությունն առաջին հերթին կախված է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակից.
«Այսինքն՝ քանի դեռ ունենք նման իշխանություն, որը վարում է նման տնտեսական քաղաքականություն, ցանկացած համաձայնագիր, պայմանագիր, միության անդամակցություն չի կարող բերել այն առավելությունները, որոնք կան»: