Առանց ածխաջրերի դիետաներ. 5 ամենավտանգավոր հետևանքները
Կանայք պատրաստ են նույնիսկ ամենածայրահեղ քայլերի, երբ խոսքն ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին է։ Դիետաներ, ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածություն, կոսմետիկ միջոցներ… Ցավոք, իրենց երազանքին հասնելու ճանապարհին նրանք մեծ վնաս են հասցնում օրգանիզմին։ Lady-4-lady.ru-ն գրում է, որ խիստ դիետաներն այնքան վնասակար են, որ դրա հետևանքների դեմ պայքարը կարող է մի ամբողջ կյանք տևել։ Կայքը ներկայացրել է ածխաջրերի օգտագործումը բացառող կամ դրանք խիստ սահմանափակող դիետաների 5 ամենավտանգավոր հետևանքները։
Հորմոնալ ֆոնի խանգարում։ Առաջին բանը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգ ընտրելիս՝ ինչպե՞ս է այն ազդելու կնոջ առողջության վրա։ Ածխաջրերի օգտագործումը բացառող կամ դրանք խիստ սահմանափակող դիետաները կարող են առաջ բերել հորմոնալ անհավասարակշռություն։ Դա իր հերթին՝ կարող է առաջացնել դաշտանային ցիկլի և առհասարակ վերարտադրողական համակարգի խանգարում։
Թուլություն, քնի խանգարում։ Կալորիաների, ածխաջրերի անբավարար քանակը կարող է հանգեցնել թուլության, քնկոտության մշտական զգացման, աշխատունակության և տրամադրության անկումների։ Օրգանիզմը լուրջ սթրես է ապրում, երբ կտրուկ դադարում ենք նրա համար սովորական դարձած մթերք օգտագործել։ Խանգարվում է ներքին օրգանների և համակարգերի փոխգործակցությունը։ Օրինակ՝ չափից շատ ծանրաբեռնող մարզումներն ու հյուծող դիետաները կարող են մակերիկամների «հոգնածության» պատճառ դառնալ։ Այդպիսի խանգարումների հետևանքով կարող եք քաշ հավաքել, քրոնիկ հիվանդություններ ձեռք բերել։
Ածխաջրերից հրաժարվելու հետևանքով թուլությունն ու աշխատունակության անկումն առաջանում են այն պատճառով, որ առանց ածխաջրերի մասնակցության՝ ամինաթթուները չեն յուրացվում. հենց դրանք են ազդում սերոտոնին հորմոնի մակարդակի վրա, որը պատասխանատու է դրական տրամադրվածության և ամբողջ օրվա ընթացքում ակտիվության պահպանման համար։ Ածխաջրերից հրաժարվելու հետևանքով կարող են նկատվել նաև քնի խանգարումներ, այդ թվում՝ անքնություն։
Վահանաձև գեղձի խնդիրներ։ Տրիյոդտիրոնինը վահանաձև գեղձի հորմոն է, որի մակարդակն ուղղակիորեն կապված է ստացվող ածխաջրերի հետ։ Եթե սննդակարգից բացառեք կամ խիստ սահմանափակեք ածխաջրերի օգտագործումը, վահանաձև գեղձի աշխատանքը կխանգարվի, դրա հետ միասին՝ կխանգարվի նյութափոխանակությունը։ Դա կհանգեցնի ավելորդ քաշի կուտակման, դեպրեսիվ վիճակի, օրգանիզմի այլ համակարգերի խանգարման։ Եթե արդեն իսկ փորձել եք այսպիսի դիետաներ, խորհուրդ է տրվում ստուգել վահանաձև գեղձի վիճակը։
Թույլ իմունիտետ։ Ածխաջրերից հրաժարվելու ևս մեկ վտանգ. օրգանիզմը կորցնում է վարակների ու հիվանդությունների դեմ պայքարելու կարողությունը։ Ածխաջրերի անբավարար քանակի հետևանքով օրգանիզմն էներգիայի այլ աղբյուրներ է որոնում, ինչի հետևանքով ընտրությունը հաճախ կանգ է առնում գլյուտամինի պահուստների վրա։ Գլյուտամինի մակարդակի նվազման հետ մեկտեղ՝ օրգանիզմում խանգարվում է իմունային համակարգի աշխատանքը։
Անարդյունավետ մարզումներ։ Եթե մարզվում եք և փորձում գեղեցկացնել մարմինը, ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել ածխաջրերից։ Այո, մկանային զանգված ձեռք բերելու համար սպիտակուցներ են հարկավոր, բայց ածխաջրերը բացառելու դեպքում էականորեն կդանդաղեցնեք մկանների աճը, քանի որ օրգանիզմը սպիտակուցները չի սինթեզի առանց գլիկոգենի։ Գլիկոգենի մակարդակն օրգանիզմում լրացվում է բացառապես ածխաջրերի միջոցով։ Մկանային բջիջներում էներգիայի բացակայության պայմաններում նոր մկանների ձևավորումն անհնար է։
Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ ածխաջրերի քանակը կազմում է մոտավորապես 100-150 գրամ։ Ճիշտ սննդակարգ կազմելիս հարկավոր է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները՝ տարիք, սեռ, քաշ, ֆիզիկական ակտիվության մակարդակ, օրգանիզմի ընդհանուր վիճակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը