Թուրքական PR գործակալ Ռոն Թորոսյանի հայրը և նախնիները հայեր են
Անցյալ շաբաթ ես մի հոդված էի գրել Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահ Ռոն Թորոսյանի մասին, որը 60 հազար դոլարի պայմանագիր էր կնքել, որպեսզի PR աշխատանքներ կատարի Թուրքիայի Հանրապետության համար Միացյալ Նահանգներում:
Ես գրել էի, որ չգիտեմ, թե արդյոք Թորոսյանն ազգությամբ հայ է, թե պարզապես կրում է հայկական ազգանուն, քանի որ որոշ հրեաներ և իրանցիներ նույնպես ունեն հայկական ազգանուններ: Նախքան նախորդ հոդվածիս գրելը ես փորձել էի կապվել նրա հետ և երկու ձայնային հաղորդագրություն թողել նրա գրասենյակում, սակայն նա չէր պատասխանել իմ հեռախոսազանգերին:
Այդ հոդվածը գրելուց հետո, ես Ռոն Թորոսյանից մի քանի էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր ստացա: Սակայն, նա խնդրեց չհրապարակել մեր հեռախոսազրույցները: Ես նաև բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների հայերից, որոնք ծանոթ էին Թորոսյանների ընտանիքին:
Միաժամանակ նկատեցի, որ որոշ ընթերցողներ մեկնաբանություններ էին թողել որոշ կայքերում տեղադրված իմ հոդվածի տակ՝ պնդելով, որ Թորոսյանը հայ չէ, այլ պարզապես հրեա կամ իրանցի, որը կրում է հայկական ազգանուն: Այս մեկնաբանների ենթադրությունների հիմքում ընկած էր այն փաստը, որ համացանցում բոլոր հոդվածներում Թորոսյանի մասին հիշատակում են որպես հրեայի և նշում նրա ակտիվ գործունեությունն ու մասնակցությունը հրեական հարցերում և կազմակեպություններում:
Սակայն, մի կանադահայ, որը նախկինում ապրել է Երուսաղեմում, ինձ տեղեկացրեց, որ ինքն այդ քաղաքում մեծացել է Ռոնի հոր՝ Հարութ Թորոսյանի հետ, որն այժմ բնակվում է Նյու Յորքում: Ռոնի պապը Ոսկան Թորոսյանն էր, իսկ տատը՝ Մարիամը:
Ոսկանն ու նրա ընտանիքը ապրել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածքում: Ոսկանը որպես վարպետ աշխատել է պատրիարքարանում: Ռոնի հայրը հաճախել է Սրբոց Թարգմանչաց հայկական վարժարան: Եվ հայրը, և պապը եղել են ՀՄԸՄ-ի անդամներ (հայկական մարմնամարզական և սկաուտական կազմակերպություն): Ոսկանը եղել է նաեւ ՀՅԴ-ի հավատարիմ անդամ:
Քանի որ Ռոնի հայրն ամունացած էր հրեա կնոջ հետ, ապա հրեական համայնքը Ռոնին համարում է հրեա: Նա մեծացել է որպես հրեա և իրեն համարում է հրեա և ոչ թե հայ: Ես շատ բան իմացա Ռոնի ընտանեկան ընկերներից և հոր դասընկերներից նրա հարազատների ու նրանց կյանքի մասին, սակայն Ռոնի անձնական կյանքի գաղտնիության պահպանման համար, ես որոշեցի այլ մանրամասներ չհրապարակել: Միայն նշեցի նրա հորը և նախնիներին, որպեսզի ապացուցեմ, որ նա մասնակիորեն հայկական ծագում ունի, այլ ոչ թե իրանցի է, կամ ամբողջովին հրեա:
Հետաքրքիր է, որ էլեկտրոնային նամակներից մեկում, որը Ռոն Թորոսյանը ուղարկել էր իմ առաջին հոդվածից հետո, նա հայտարարել է. «Ես հրեա էմ: Ես ծնվել եմ Ամերիկայում և մեծացել հրեական ընտանիքում, իսկ իմ երեխաներին հպարտությամբ կրթում եմ հրեական ցերեկային դպրոցներում: Ես ինձ երբեք հայ չեմ համարել: Դուք իրականացնում եք զավեշտալի, անհեթեթ և քայքայիչ տգեղ լակմուսային քննություն»: Նա խնդրել է, որ իր նամակի մնացած հատվածը չհրապարակեմ:
Ես պատասխանեցի Թորոսյանի նամակին. «Շնորհակալ եմ, որ վերջապես կապ հաստատեցիք ինձ հետ: Կցանկանայի, որ Դուք պատասխանած լինեիք իմ երկու հեռախոսային հաղորդագրություններին, որոնք ես ուղարկել էի անցած ամիս: Հրեա զգալը Ձեր ընտրությունն ու որոշումն է, որը ես հարգում եմ: Այնուամենայնիվ, հրեա լինելը չի ազատում Ձեզ Ցեղասպանությունը ժխտող երկրի համար PR անելու անընդունելիությունից, անկախ նրանից, թե Դուք հրեա եք, հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ: Հայկական և հրեական էթնիկ ծագում ունենալը Ձեզ դարձնում է ինչպես Հոլոքոստի, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդ, որը կրկնակի բեռ է դնում Ձեզ վրա՝ հատկապես զգայուն լինելու Ցեղասպանությունը ժխտողների հանդեպ: Միայն այն պատճառով, որ դուք փող եք աշխատում PR անելով Ցեղասպանությունը ժխտողների համար, չի արդարացնում Ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ինչպես նշել էի իմ հոդվածում, Դուք ինքներդ քննադատել էիք նրանց, որոնք PR էին անում բռնապետերի համար: Միչդեռ հիմա Ձեզ են վճարում PR անելու բռնապետ Էրդողանի համար: Եթե Դուք կարծում եք, որ Էրդողանը բռնապետ չէ, ուրեմն Դուք այն սակավաթիվ մարդկանցից մեկն եք, որոնք այդպես են մտածում…»:
Ռոն Թորոսյանը պատասխանեց իմ նամակին. «Քննադատեք ինձ ինչքան ուզում եք: Սակայն, խնդրում եմ առաջ մի քաշեք իմ ընտանիքի կամ իմ ազգային պատկանելության մասին Ձեր տեսակետները: Ես ինձ երբեք հայ չեմ համարել իմ ամբողջ կյանքի ընթացում»:
Պետք է տեղեկացնեմ Ռոն Թորոսյանին, որ ես տարիներ շարունակ տասնյակ հոդվածներ եմ գրել, քննադատելով բոլոր նրանց, անկախ նրանց ազգությունից, որոնց թուրքական իշխանությունները վարձել են լոբբինգի կամ հանրային կապերի նպատակով: Անընդունելի է փողի համար ներկայացնել Թուրքիան, մի երկիր, որը ղեկավարում է բռնապետը, ոտնահարում է իր քաղաքացիների իրավունքները և ժխտում Հայոց ցեղասպանությունը.
Հետաքրքիր է, որ 2010 թ. հունիսին, մինչ Թուրքիայի հետ Թորոսյանի PR պայմանագրի ստորագրումը, նա հակաթուրքական բողոքի ցույց էր կազմակերպել Մանհեթենում, թուրքական մարդասիրական նավատորմի վրա իսրայելցի զինվորների հարձակումից հետո: Մեջբերվում է նրա հայտարարությունը. «այն, ինչ այսպես կոչված խաղաղ ակտիվիստներն արեցին թուրքական նավի վրա, ոչ այլ ինչ էր, քան խորամանկորեն մշակված հակահրեական մաքրագործում»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի