Եթե մարդը 1 ամիս է՝ Շրի Լանկայից լողազգեստով նկար է հրապարակում, նշանակում է՝ վճարունակ է. Միրզոյան
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ասաց, թե կառավարությունը հոգում է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հայերին ցամաքային սահմանով Օման տեղափոխելու ծախսերը։
«Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում է դրա համար և Դուբայից հասցնում է Մասկատի օդանավակայան։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք, մեծ հավանականությամբ, գնացել են այդտեղ զբոսաշրջային նպատակներով, կարող են լինել նաև այլ պատճառներ։ Բայց ներողություն, եթե մի մարդ, որը համարյա մի ամիս է՝ Շրի Լանկայում ինչքան հնարավոր է՝ լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, կարող է տոմս գնել։ Մի քիչ արդար չի պահանջը կառավարության նկատմամբ։
Կլինե՞ն այլ խմբեր, կմտածենք, կդիտարկենք նաև ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը»,-ասաց Միրզոյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Մասկատից Երևան թռիչքի ավիատոմսերի գները թանկ են, իսկ կառավարությունը չի հոգում քաղաքացիների տեղափոխության հարցը։
Արարատ Միրզոյանն ասաց նաև, թե երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել։
«Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու, Իսրայելում 15 քաղաքացի ունեն, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ովքեր ուզում են վերադառնալ։ 17 քաղաքացի ունենք Քուվեյթում, նրանք էլ են ուզում վերադառնալ, դեռևս իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորն անվտանգ են։ Դոհայում ևս ունենք քաղաքացիներ, որոնց վերադառնալու հնարավորություն առայժմ չկա, բայց բոլորն ապահովված են հյուրանոցով և սնունդով, քաղաքացիներից երկուսը նաև դեղորայքի կարիք է ունեցել, դեսպանության միջոցներով է հասցվել։ 1 քաղաքացի կա Վիետնամում, 117 քաղաքացիներ՝ Հնդկաստանում»,- նշեց Միրզոյանը։



