Եթե Հայաստան-Ադրբեջան-Վրաստան տարածաշրջանը դարձնենք գրավիչ անցում՝ բոլորիս եկամուտները կավելանան. Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցերին՝ ի՞նչ տրամադրություններ են Վրաստանում Հայաստան-Ադրբեջան առևտրային հարաբերությունների համատեքստում, արդյո՞ք ոգևորություն կա տարածաշրջանայնացման առումով, և արդյո՞ք պաշտոնական Թբիլիսին թոթափում է այն մտահոգությունը, որ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման պարագայում կարող է իրենց տարանցիկ դերը նվազել:
«Վրաստանի գործընկերներին մանրամասն և ամբողջական տեղեկատվություն ենք փոխանցել՝ ինչ է տեղի ունենում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման համատեքստում, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, մեր գնահատականն ենք կիսել նրանց հետ: Ես կարծում եմ, որ կա դիտանկյունի հարց, եթե մենք վերցնենք նեղ գծերի տրամաբանությամբ, պատկերն այլ է: Եթե մենք վերցնենք տարածաշրջանի տրամաբանությամբ, պատկերն այլ է: Որովհետև եթե շատ նեղ գծերի տրամաբանությամբ վերցնենք, երբեմն նույնիսկ Հայաստանի ներսում այդպիսի ընկալում կարող է լինել:
Օրինակ, ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը և երկաթուղու բացումը Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ինչպիսի նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ: Բայց ինչ ենք մենք քննարկում, խոսքը վերաբերում է արևելքից արևմուտք, մասնավորապես՝ Չինաստանից դեպի Եվրամիություն և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքի մասին:
Եթե մենք այս տարածաշրջանում 20 երկաթուղի զուգահեռ բացենք և 20 հատ էլ ճանապարհ, մեկ է, չի հերիքի սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը: Եվ հետևաբար, կարծում եմ, որ շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն՝ որպես ընդհանուր հնարավորություն: Եթե հազարավոր կամ միլիոնավոր տոննաների բեռները, որոնք հիմա ճանապարհ են փնտրում, թե որտեղով կարող են գնալ, եթե մենք Հայաստան-Ադրբեջան-Վրաստան կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ, արագ և ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներ կավելանան»,- մանրամասնել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



