Չմոռանալով Վրաստանի մասին՝ ԱՄՆ-ն փորձում է նոր իրողություններ ձևավորել Կովկասում. Թուրքիան և Հայաստանը ուղիղ առևտուր են հաստատում

Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են ուղիղ երկկողմ ցամաքային առևտուր սկսել, օրերս տեղեկացրել է թուրքական T24 հեռուստաալիքը: Իսկ Al Monitor պարբերականի տեղեկություններով՝ Անկարան և Երևանը պայմանավորվածություն են ձեռք բերել ցամաքային ուղիղ առևտուր սկսելու վերաբերյալ։

Այդ քայլն արվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերի ակտիվացման խորապատկերին՝ «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ավելի լայն տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների շրջանակներում»։ Ակ-Սարայում բազմիցս ընդգծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության աջակցությունը և նրա կողմից իրականացվող «խաղաղության օրակարգ» ուղեգծին, ինչը նշանակում է, որ Հայաստանը կներգրավվի թուրք-ադրբեջանական կոմունիկացիոն նախագծերում։

Երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերին Հայաստանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը՝ նվիրված հարաբերությունների կարգավորման ջանքերին: Աղբյուրներից մեկի խոսքով՝ այդ հանդիպումներից հետո Քըլըչը նոյեմբերին բանակցություններ է վարել Թուրքիայի առևտրաարդյունաբերական պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուի հետ՝ «նոր պայմանավորվածության տեխնիկական մանրամասները քննարկելու համար»։ «Որոշումը կայացվել է որոշ ժամանակ առաջ, և տեխնիկական աշխատանքներն արդեն ընթանում են»,-հայտնել է թուրք-հայկական բիզնեսի զարգացման գործադիր խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակը:

Մինչ այժմ երկու երկրների միջև ցամաքային առևտուրն ընթանում էր վրացի միջնորդների միջոցով՝ «քվազիրէքսպորտի» սխեմաներով. Հայաստան մեկնող թուրքական ապրանքները «ձեռքի թեթև շարժումով» Վրաստան մուտք գործելիս վերածվում էին առանձին արտահանման։ Նոր համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներն ավելի շատ կպահպանեն իրենց նախնական արտահանման կարգավիճակը Վրաստանի տարածքով տարանցման ողջ ընթացքում: Այսպիսով, ուղիղ երկկողմ առևտուրը հնարավոր կլինի առանց միջնորդների մասնակցության և առանց դեռևս փակ ցամաքային սահմանի բացման։ Նման դասավորվածությունը, կարծես թե, նպատակ ունի օգնել Փաշինյանի կառավարությանը «պահպանել քաղաքական դեմքն» արևմտյան հարևանի հետ հարաբերությունները կարգավորելիս-զարգացնելիս:

Կարդացեք նաև

Պրոֆիլային աղբյուրները նշում են, որ փաստի առթիվ Վրաստանի տարածքով թուրք-հայկական արտատարածքային առևտուրն արդեն իսկ հնարավոր է դարձել, սակայն ընկերություններին ժամանակ կպահանջվի իրենց գործունեությունը նոր կանոններին հարմարեցնելու համար: Ավելի վաղ՝ 2022 թվականին, Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակներում գործարկել էին ուղիղ բեռնափոխադրումների ավիափոխադրումներ։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Թուրքիայի հետ երկկողմ առևտուրը 2024 թվականին գերազանցել է 336 միլիոն դոլարը, որից 335 միլիոն դոլարը ստացվել է ԵՄ-ից։ Այս բեռնափոխադրումների մոտ 40%-ը կատարվել է ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։ Սա նշանակում է՝ նոր ուղիղ տարանցման համաձայնագիրը հիմնականում օգուտ կբերի Թուրքիային։

Թուրքիայից Հայաստան արտահանման հիմնական ապրանքներն են մեքենաները և մեխանիկական սարքավորումները, երկաթից և պողպատից պատրաստված իրերը, այլ արդյունաբերական ապրանքներ և տեքստիլ: Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, Սոյակի գնահատմամբ՝ առևտրի ընդհանուր ծավալը կարող է կազմել մոտ 400 միլիոն դոլար։ Ակնկալվում է նաև, որ վերաարտահանման մեխանիզմի չեղարկումը թույլ կտա վերացնել թուրքական ընկերությունների համար 10-15 տոկոս լրացուցիչ ֆինանսական բեռը, ինչը կարագացնի փոխադարձ առևտրի աճը:

Հատկանշական է՝ վերոնշյալ որոշումները ձեռք են բերվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ընթացքում և դրանից կարճ ժամանակ անց։ Եթե Բաքվում հրապարակվեց Բաքվի փորձագետների համար երկար սպասված ռազմավարական գործընկերության խարտիան, ապա մեկ օր առաջ Երևանում Դոնալդ Թրամփի «տեղակալը» հնչեցրեց հավակնոտ և հեռուն գնացող, բայց որոշ չափով արկածախնդիր նախագծեր, որոնք հղի են ոչ միանշանակ հետևանքներով։

Հայտնի հայ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը նշում է՝ Վենսի հայտարարած պայմանավորվածությունների ռազմատեխնիկական բլոկը, ներառյալ 11 մլն դոլարի ամերիկյան V-BAT ԱԹՍ-ների մատակարարումները, ԱՄՆ-ն պետք է դիտարկի որպես Հայաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին փոխանցելու փորձ։ Սպիտակ տան կողմից առաջ քաշված, այսպես կոչված, փոքր մոդուլային ռեակտորների հիման վրա ատոմակայան կառուցելու գաղափարը կոչված է «Ռոսատոմին» դուրս մղել հայկական ատոմային սեկտորից՝ Հայաստանը (մտահղացման իրականացման դեպքում) վերածելով տեխնոլոգիական էքսպերիմենտի դաշտի։ Հայտնի է՝ ԱՄՆ-ն ՓՄՌ-ի շահագործման փորձ չունի, ի տարբերություն Ռուսաստանի, որը հայ գործընկերներին առաջարկում է ատոմային նախագծերի շարք։

Այսպիսով, Հայաստանի համար ավանդական ատոմային Էներգետիկայից հրաժարվելը հօգուտ ամերիկյան տեխնոլոգիաների նշանակում է էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի կորուստ և էներգետիկ անվտանգության նոր ռիսկեր: Դավթյանի արդարացի դիտարկմամբ՝ «փոխնախագահի հայտարարություններում նշված 9 մլրդ դոլարն ԱՄՆ-ն չի գրանցում ոչ որպես ներդրում Հայաստանի ատոմային համալիրում, ոչ էլ որպես երաշխավորված ներարկումներ նրա տնտեսության մեջ։

Խոսքը ոչ թե դասական իմաստով ներդրումների մասին է, այլ տեխնոլոգիական փաթեթի հնարավոր արժեքի հայտարարագրման, այդ թվում՝ սարքավորումների արտահանման, վառելիքի պայմանագրերի և սպասարկման մասին: Ֆինանսավորման աղբյուրները որոշված չեն, իսկ միջոցներն ինքնին, ըստ էության, ենթադրում են վճարում Հայաստանի կողմից ուղղակիորեն կամ պարտքային մեխանիզմների միջոցով: Այս համատեքստում հանրային դիսկուրսում ստեղծվող լավատեսությունը տնտեսական հիմք չունի»։

Հատկանշական է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Վենսի ատոմային «գայթակղություններին» բացասական արձագանքի բացակայությունը։ Հայտնի է՝ եվրոպացի դիվանագետների աջակցությամբ այնտեղ պարբերաբար քարոզչական ընկերություններ են նախաձեռնվում «Ռոսատոմի» մասնակցությամբ շահագործվող Մեծամորի ԱԷԿ-ի դեմ, որն իբր սպառնում է տարածաշրջանի «էկոլոգիական անվտանգությանը»։ Այստեղ էլ լռություն է, ինչը, իհարկե, պատահական չէ։

Հայտնի է՝ այցելելով Երևան և Բաքու, ամերիկացի հյուրը չի մեկնել Թբիլիսի, ինչը չի նշանակում, որ ուշադրություն չի դարձվում կովկասյան այդ երկրի նկատմամբ, որը ձգտում է հավասարակշռված արտաքին քաղաքական կուրս վարել և դիվերսիֆիկացնել առևտրատնտեսական կապերը։ Այսպես, վերջերս Կուլեվիում Վրաստանի առաջին նավթավերամշակման գործարանին ռուսական նավթի մատակարարումների կտրուկ աճի խորապատկերին Պետդեպարտամենտը կոչ է արել Իրակլի Կոբախիձեի կառավարությանը շարունակել կառուցողական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ և օգուտ քաղել Կովկասի նկատմամբ Թրամփի նախաձեռնություններից: Ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հաստատել էր ԱՄՆ-ի նշանակությունը Վրաստանի համար… «մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը կոնկրետ բովանդակություն ունենա։ Թբիլիսին մտադիր է ամրապնդել վրաց-ամերիկյան հարաբերությունները և դրա համար կանի հնարավորը»։

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի կողմից ուղղակիորեն և անուղղակիորեն ներդրվող արտատարածքային սկզբունքը կխթանվի նաև համակովկասյան համատեքստում։ Վերոնշյալը թույլ է տալիս ենթադրել, որ շահագրգիռ կողմերը քննարկում են Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղին Թրամփի անվան տխրահռչակ «բարգավաճման միջանցքին» միացնելու հնարավորությունը։ Այս առումով, հատկապես հետաքրքիր է Հայաստանի և Վրաստանի միջև նոր լրացուցիչ կապերի զարգացման մասին տեղեկատվությունը, մասնավորապես՝ Շիրակ-Վալե մոտավորապես 260 կմ երկարությամբ հատվածի կառուցման նախագիծը, որը կապում է Հայաստանը Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու հետ: Ի դեպ, մինչև իմպրովիզացված «Կովկասյան տրանսպորտային օղակի» փակումը դեռ շատ զարգացումներ կարող են տեղի ունենալ։

ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉԿԻՆ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031