Թուրքիան նախազգուշացրել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած թշնամական գործողության. Էրդողանի աշխատակազմ
Թուրքիան նախազգուշացրել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած թշնամական գործողության և կշարունակի խորհրդակցությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ՝ իր սահմանների մոտ Իրանից արձակված հրթիռի խոցման միջադեպի լույսի ներքո։ Այս մասին գրում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, հաղորդելով՝ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից:
«Իրանից արձակված հրթիռը թռել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվել դեպի մեր օդային տարածք՝ Հաթայ նահանգի ուղղությամբ։ Այն որսացել են և ոչնչացվել է ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից։ Հակահրթիռի բեկորն ընկել է Հաթայ նահանգի բաց տարածքում։ Զոհեր և տուժածներ չկան։ Մեր տարածքի և օդային տարածքի պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկվեն առանց վարանելու։ Ցանկացած թշնամական գործողություն կստանա անհրաժեշտ պատասխան՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Խորհրդակցություններն ու համագործակցությունը ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ կշարունակվեն այս ողջ ընթացքում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Բուրհանեթթին Դուրանը։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով Իրանից արձակված և Թուրքիայի կողմից խոցված հրթիռի հետ կապված միջադեպը:
«Մեր նախարարը փոխանցել է [Թուրքիայի] արձագանքը Իրանից բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ, որը հայտնաբերվել էր Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ ընթանալիս և հետագայում չեզոքացվել: Նա հայտարարել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի», – հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:



