«Արդյոք Լավրովի այցը տարածաշրջան բեմականացում չէ՞»

Հարցազրույց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

Պարոն Մինասյան, Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հետաքրքիր իրադարձություններ են զարգանում Ղարաբաղյան կարգավորման շուրջ: Նախ Էրդողանն է խոսում կարգավորման մասին՝ նշելով, թե առաջարկներ ունի, որոնք կներկայացնի Պուտինի հետ հանդիպմանը, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում են խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, Ադրբեջանի նախագահն է խոսել Ղարաբաղն ամեն գնով վերադարձնելու նպատակների մասին, Ադրբեջանի ԱԳ նախարարը Մինսկի խմբից բանակցություններում առաջընթաց է ակնկալում, և այս ֆոնին սպասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան: Կողմերն իրարամերժ հայտարարություններ են անում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ գործընթացներ են զարգանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ:

– Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջացել է նոր դինամիկա: Սակայն դա դեռ չի նշանակում, որ դրական արդյունքներ պետք է ակնկալել: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին` նոյեմբերի 16-ի հայտարարության մեջ համանախագահները շեշտում են մի քանի կետ: Առաջին` ընդլայնել Ժնևյան գործընթացը և պահպանել այդ դինամիկ մոտեցումը, երկրորդ` հիշեցնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանների մասին, սակայն առանց «Վիեննա» և «Սանկտ Պետերբուրգ» բառերի գործածության:

Մինսկի խմբի հայտարարությունը կոչ է անում լարվածությունը նվազեցնել և ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ի՞նչ են սրանք, եթե ոչ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանները: Երրորդ կետը, որի մասին խոսում են համանախագահները, կողմերին ուղղված կոնկրետ առաջարկներն են: Որո՞նք են այդ առաջարկությունները: Չգիտենք: Արդյո՞ք այն մասնակիորեն վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմաններին շփման գծում, և մյուս կողմից՝ Ադրբեջանի տարածքների մյուս հատվածները վերականգնելուն: Չգիտենք:

Ձեր կարծիքով` ԼՂ հակամարտությունը եղե՞լ է արդյոք Պուտին-Էրդողան բանակցությունների թեմա: Ի՞նչ շարունակություն կտա ռուսական կողմը թուրքական ցանկություններին՝ միջամտել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

– Ամեն ինչ կարծես թե ցույց է տալիս, որ Էրդողանը փորձել է խոսել Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Բայց մենք գիտենք` Ռուսաստանը չի ցանկանում, որ Թուրքիան միջամտի այս հակամարտությանը: Պետք է տեսնել` արդյո՞ք Լավրովի տարածաշրջանային այցը Հայաստան և Ադրբեջան՝ Էրդողան-Պուտին հանդիպման հետևանք է: Գուցե… Բայց դա արդյո՞ք ժեստ չէ, բեմականացում չէ, պարզապես Էրդողանին ցույց տալու համար, որ Պուտինը լուրջ է վերաբերվում Թուրքիայի խոսքին: Բայց իրականում ոչինչ չի փոխվի:

Տեսակետներ կան, որ Լավրովը տարածաշրջան է ժամանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում՝ փորձելով քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից առանձին: Սա որքանո՞վ է իրատեսական: Նման քայլերով Ռուսաստանը հետաքրքրվա՞ծ է ներկայումս:

– Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը փորձում է միայնակ մնալ խաղաղ գործընթացում: Ընդհանրապես հայտնի է, որ Մինսկի խումբը հաճախ գործում է՝ որպես միջազգային տիեզերակայան (International Space Station, Междунаро́дная косми́ческая ста́нция, МКС): Ինչ էլ որ պատահի Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում, Մինսկի խմբի համանախագահությունը պահպանում է իր միասնությունը և միասնականությունը, ինչպես որ ISS-ը կամ MKC-ը: Բայց մի որոշ ժամանակ է, որ ճաքեր կան Մինսկի խմբում:

Հիշեցնեմ, որ Ռուսաստանը հայտարարել էր` եթե Արևմուտքը չօգտագործի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այն վաղուց արդեն լուծված կլիներ: Դա ճիշտ և միաժամանակ սխալ գնահատական է: Ֆրանսիայի առաքելությունը Մինսկի խմբի միասնականության ամրապնդումն է, երբ լարվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Իսկապես, Ռուսաստանը չի կարող ստանալ այն, ինչ ցանկանում է այս հակամարտության կարգավորման հարցում: Բայց նա ցանկանում է որոշակի ձևով առաջնորդություն պահպանել: Մենք ականատեսն ենք դառնում ավելի շատ ռուսական դիվանագիտության սահմաններին, քան այս դոսյեի իրական առաջընթացին:

Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է լինելու Լավրովի այցի օրակարգը:

– Սովորական և գաղտնի հատվածով, ըստ երևույթին:

Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները դառնան բանակցությունների առարկա, երբ Ադրբեջանի նախագահն ըստ էության չի փոխել իր դիրքորոշումը, մերժում է այս համաձայնությունները՝ սպառնալով հակամարտությունը լուծել և Ղարաբաղը ստանալ ամեն գնով:

– Մինսկի խմբի հայտարարությունը կարդալիս՝ հասկանում եմ, որ համանախագահները մղում են Ադրբեջանին այդ ուղղությամբ: Ինչո՞ւ: Վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնևից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ: Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, և Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում: Հայաստանը համաձայնեց չքննարկել այդ պայմանները, քանի որ գիտեր, որ Մինսկի խումբը կվերադառնա այդ պայմաններին Ժնևյան հանդիպումից հետո: Անուղղակիորեն Հայաստանն օգնում էր Ադրբեջանին փրկել հոկտեմբերին, որպեսզի այսօր ավելի փխրուն դառնա:

Ի՞նչ սպասել հակամարտության կարգավորման բանակցություններից առաջիկայում:

– Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որևէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն:

Տեսանյութեր

Լրահոս