«Էրդողան-Պուտին հանդիպումն առանցքային դերակատարություն կամ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա»

Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հետ

Պարոն Զուրաբյան, նոյեմբերի 13-ին Սոչիում նախատեսվում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանի ու Պուտինի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Ղարաբաղի հարցը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կոնտեքստով կլինի այդ քննարկումը։

– Էրդողանի մտադրությունների մասին ավելի շատ, հավանաբար, կարող է Էրդողանը արտահայտվել։ Բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների և Թուրքիայում ապրող մեծամասնության էթնիկական ընդհանրությանը և այդ շահերի պաշտպանությանը մենք մշտապես ականատես ենք եղել։

Բնական է, որ Էրդողանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը և ամեն ինչ անելու է, որ կարողանա այս քաղաքական առևտրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ղեկավարից փորձել ստանալ ինչ-որ բան այս հարթակում, որն իրեն հնարավորություն կտա նաև Ադրբեջանին ներկայացնելու, որ Թուրքիան շահագրգռված է և ամեն ինչ անում է, որպեսզի այս հարցը ստանա ադրբեջանանպաստ լուծում։ Թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը, դա էլ շատ բարդ է կանխատեսել։ Մի բան պետք է հստակ պատկերացնել՝ Հայաստանի Հանրապետության շահերը լավագույնս կարող է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետությունը։

Հիմա նույնիսկ մեր դաշնակից հանդիսացող Ռուսաստանն ունի իր առանձին շահերը, և կարելի է համոզված լինել, որ իր շահերը մշտապես առաջնային են լինելու իր համար, ու դա շատ բնական է։ Բայց ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մի լուրջ պրոցես կարող է ընթանալ։ Սրանք զուտ պրոպագանդիստական հարթակում արտահայտված մոտեցումներ են, որ Էրդողանը բարձրաձայնում է։

Սակայն մի բան պետք է հստակ ֆիքսել՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, և այս հարցն իր լուծումների իրավական, քաղաքական հնարավորությունն ունի միայն Մինսկի խմբի շրջանակներում, և ես չեմ կարծում, որ այդ հանդիպումն ինչ-որ առանցքային դերակատարություն կամ ազդեցություն կարող է ունենալ մեր վրա։ Հակառակը, ավելին ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի համատեղ գործունեությունն ինչ-որ ոլորտներում, որ նրանք պատկերացնում են, որոշակիորեն՝ նաև միջազգային հանրության մոտ է մտահոգություն առաջացնելու։

Կարծում եմ՝ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումն ունենանք։ Ընդհանրապես Արցախի հետ կապված հարցի միակ շրջանակը, որ կարող է գործել և ազդեցություն ունենալ, դա Մինսկի խումբն է։ Այս հստակ համոզմամբ էլ պետք է շարժվել առաջ, ես չեմ տեսնում ուրիշ տարբերակ։ Կլինեն շահագրգիռ կողմեր և, ցանկացած պարագայում, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մշտապես գոյություն է ունենալու թե՛ Թուրքիան, թե՛ մնացած այլ պետությունները, որոնք մեզ շրջապատում են, և յուրաքանչյուրն առաջնորդվելու է իր շահերով։ Եվ կրկնեմ՝ մեր բոլորիս հրամայականն է՝ շարժվել Հայաստանի Հանրապետության շահերով։

– Ամեն դեպքում ռուս-թուրքական քաղաքական առևտրից կամ «մերձեցումից» պատմականորեն հայերը տուժել են։ Այժմ անհրաժեշտություն չե՞ք տեսնում՝ զգուշանալու կամ հակաքայլեր նախաձեռնելու։

– Գիտեք, տեկտոնական ճեղքվածքներում գտնվող բոլոր հարթությունները մշտապես վտանգների մեջ են ապրում, որովհետև դրանց շարժումն առաջացնում է վտանգ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք առաջնորդվենք հետևյալ սկզբունքներով՝ հիմնվենք միջազգային իրավունքի, միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության տեսակետներն արտահայտելու հնարավորություններին և առանձնապես մեծ ուշադրություն չդարձնենք երկու այս կամ այն պետության համագործակցությանը։ Ողջունելի է ցանկացած համագործակցություն, եթե հնարավոր է, ասենք, մեզնից հեռու։

– Ադրբեջանում ԶԼՄ-ները ողողվել են տարբեր տեղեկատվություններով, թե Էրդողանն ու Պուտինը քննարկելու են 5 շրջանի հանձնման, ԼՂ-ում ռուս խաղաղապահների հայտնվելու հարցերը՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց: Սա ազդակ է Ռուսաստանի՞ն, թե՞ նաև ուղղված է Թուրքիային։

– Բոլոր կողմերը, ինչպես նշեցի, առաջնորդվում են իրենց ուրույն շահերով։ Ադրբեջանն ունի իր շահերը, Թուրքիան՝ իր, Ռուսաստանն՝ իր, և յուրաքանչյուրն այդ համադրությունները փորձում է օգտագործել, որ իրենց երկիրը սպասարկող շահն առավելագույնս օգտագործեն։ Ես կարծում եմ, որ պետք է հետևել իրադարձություններին և հետո հետևություններ անել։ Թե ի՞նչ կլինի բանակցությունների արդյունքում, դա բավականաչափ մշուշոտ է։

Մի բան պետք է արձանագրել, որ Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծում ստանալ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության շրջանակներում ձեռք բերվող պայմանավորվածությունների արդյունքում։ Այս հարցը միջազգայնացված է, միջազգային հարթակում է գտնվում և այնտեղ է իր լուծումը ստանալու ինչ-որ մի փուլում։

– Հայաստանը կարծես առաջին անգամ առաջ է անցնում Ադրբեջանից այն առումով, որ համագործակցությունը խորացնելու է մի կառույցի՝ ԵՄ-ի հետ, որի հետ պայմանագրի ստորագրումն Ադրբեջանն անորոշ ժամանակով հետաձգել է, թեև մինչ այս բոլոր միջազգային կազմակերպություններին Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ են անդամակցել։ Սա ի՞նչ նշանակություն կունենա հետագա զարգացումների վրա։

– Եկեք մի բան արձանագրենք՝ ոչ թե առաջ է անցնում կամ ինչ-որ ժամանակ հետ է մնացել, Եվրամիություն-Ադրբեջան բանակցություններ նույնպես սպասվում են կնքվելիք համաձայնագրի շուրջ, այդ աշխատանքներն ընթանում են, և ես կարծում եմ, որ այստեղ Եվրոպական միությունը սպասարկում է Եվրոպական միության շահը, և դա տեղի է ունենալու։

Իհարկե, ողջունելի է, որ մենք այստեղ քայլ առաջ ենք կատարել և ավելի շուտ ենք կնքում այս համաձայնագիրը, բայց նաև պետք է հիշատակել մի շարք այլ հարցեր. կարծում եմ՝ շատ ոլորտներում Հայաստանը քայլ առաջ է՝ Ադրբեջանի համեմատ։ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք կողմնակից են միջազգային իրավունքի սկզբունքներին, բայց մենք ունենում ենք Սաֆարովի և նմանատիպ այլ դեպքեր։ Կարծում եմ, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը նմանատիպ երևույթները դիտարկում է, միշտ չէ, որ արտահայտվում է, բարձրաձայնում է այդ մասին, բայց բոլորը միջազգային հանրության աչքի առաջ է, և բոլորը շատ հստակ գիտակցում են։

Ինքս դժգոհ լինելով Հայաստանի ժողովրդավարության մակարդակից, պետք է արձանագրեմ, որ այն ընդհանրապես համեմատելի չէ Ադրբեջանի հետ, որովհետև Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության պրոցեսների շատ ցածր մակարդակ է։ Եվ, կարծում եմ, դա մեր տարբերությունն է Ադրբեջանից։

– Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հետ կապված մտավախություն այլևս չկա՞։

– Այս անգամ պետք է պայծառ լույսի ներքո կանխատեսել, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես զգացողություն ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, այս փուլում ամեն ինչ անում է, որպեսզի այս պայմանագիրը ստորագրվի։ Ես տեսնում եմ այդ աշխատանքը, բայց ակնհայտ է, որ ամեն ինչի մասին չէ, որ բարձրաձայնվում է, և միշտ չէ, որ բարձրաձայնվում է այն, ինչն առկա է։ Բայց փաստ է, որ ՀՀ-ն իրենից կախված ամեն ինչ արել է, որ համաձայնագիրը ստորագրվի։ Կարծում եմ՝ ԵՄ-ն էլ նույն մոտեցումն ունի, և նրանք էլ ամեն ինչ անելու են, որ պայմանագիրը կյանք ստանա։ Թե հետագայում ընդունվող հռչակագրում ինչ կարող է ներմուծել այս կամ այն երկիրը, միշտ էլ մտահոգիչ է, բայց եթե ոչ հայանպաստ ինչ-որ երևույթ կամ խնդիր լինի, բնականաբար, դա կարող է ինչ-որ բան ստվերել, կամ ինչ-որ բանի խոչընդոտել։ Պետք է իրատես լինել։ Բայց ԵՄ-ն ՀՀ-ից ոչ պակաս շահագրգիռ է, որ փաստաթուղթը կյանք ստանա։

– Ո՞րն է ԵՄ-ի շահը։

– Եվրոպական ինտեգրման թիվ մեկ կողմնակիցը ոչ թե եղել են այն երկրները, որոնց հետ ԵՄ-ն փորձել է ինտեգրացիոն գործընթացներ իրականացնել, այլ կարծում եմ, որ ավելի նախաձեռնող եղել է Եվրոպական միությունը, որովհետև հստակ գիտակցում է մի բան՝ քաղաքակրթությունների, հասարակությունների փոխհամագործակցության պրոցեսից շահում է ամբողջ աշխարհը։ Մենք մեկ-մեկ մոռանում ենք, որ քաղաքակրթություններն ինչ-որ տեղ նույն հարթության գան, ինչ-որ տեղ կարողանան լեզու գտնել այն հարթակներում, որոնք համամարդկային են։

Տվյալ դեպքում Հայաստանը և ցանկացած այլ երկիր կարող է գոնե 1 օգուտ տալ՝ ընդհանրապես մենք բոլորս, բացի ՀՀ քաղաքացի, եվրոպացիները՝ ԵՄ քաղաքացի լինելուց, այս երկրագնդի քաղաքացիներ ենք, և այս երկրագնդի քաղաքացիներ լինելով՝ պետք է գտնենք համագործակցության ուղիներ՝ համամարդկային քաղաքակրթությունը նոր հարթակներ տեղափոխելու համար։ Դա այս պրոցեսի գաղափարախոսությունն է, որ երկրները կարողանան ազատ սոցիալ-տնտեսական հարթակներում համագործակցել և ընդհանուր կանոններ մշակել դրա համար։

Տեսանյութեր

Լրահոս