«Նորարարական մոտեցումները հայկական ՏՏ-ում շատանում են». Կարեն Վարդանյան
«Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո՝ նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում տեղի կունենա 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիան միջազգային ֆորումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ իրենց միության առաքելությունն է՝ Հայաստանը վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:
Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական երկիրը չի կարող լինել առանց նորարարության քաղաքականության և նորարարական գործընթացների. «Որպեսզի մենք կարողանանք հարթակ ունենանք, որտեղ քննարկում ենք նորարարության ներմուծումը տարբեր առումներով, մենք ստեղծեցինք Բիզնես ինովացիոն ֆորումի հարթակը»:
Կ. Վարդանյանն ասաց, որ իրենք հույս ունեն, որ բացի տեխնոլոգիական ոլորտից՝ իրենց կմիանան նաև այլ ոլորտները, և դա կլինի ընդհանուր Հայաստանի ինովացիոն հարթակ:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ իրենք ուրախ են լինել 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպման մասնակիցը. «Մենք փորձում ենք եղանակներ գտնել, որպեսզի օժանդակենք ՓՄՁ-ներին Հայաստանում: Մենք տեսնում ենք, որ մեծ պոտենցիալ կա ինովացիաների համար Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանակներում: Այս ֆորումը յուրահատուկ հարթակ է, որպեսզի բարձր տեխնոլոգիաների ինովացիոն մոտեցումները քննարկվեն: Այս հարթակում հնարավորություն է ընձեռվում պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի, գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին՝ հավաքվել մեկ տեղ ու քննարկել ինովացիոն տարբեր հարցեր: Մեզ էլ հնարավորություն է տրվում, որպեսզի մենք միասին քննարկենք նորամուծությունների քարտեզագրման աշխատանքները, որը մենք սկսել ենք 2 ամիս առաջ»:
Կ. Վարդանյանի խոսքով՝ տեխնոլոգիաներն այնքան արագ են փոխվում, որ այդ փոփոխության հետ անընդհատ նոորարարություն է պետք, որպեսզի դու կարողանաս իրեն հարմարեցնել քո կյանքին. «Կարծում եմ՝ նորարարական մոտեցումները հայկական ՏՏ-ում շատանում են, և ոչ միայն՝ ՏՏ-ում, այլև ընդհանրապես, ու նրանք արդեն պրոդուկտների և ավարտական սերվիսների տեսք են ընդունում, ու կարծում եմ՝ դա դրական տենդենց է: Ինչ վերաբերում է Հայաստանում դրա կիրառմանը, դրա մակարդակը բավականին ցածր է, բայց այս ամեն ինչը հենց դրա համար է արվում, որ հենց Հայաստանի ներսում ինովացիաների կիրառումը մեծանա»:
Է. Նեհերը նկատեց, որ նարարարությունները ոչ միայն ՏՏ ոլորտին են հարկավոր, այլև բոլոր ոլորտներին, և ամեն ընկերություն պետք է փորձի օգտագործել ճիշտ նորարարական արտադրանք:
Հարցին՝ Հայաստանում ՓՄՁ-ներն ինչքանո՞վ են ներդնում այդ ինովացիաները, և ի՞նչ ներդրումներ են դրա համար անհրաժեշտ, Է. Նեհերն այսպես պատասխանեց. «Հարցը նրանում է՝ արդյո՞ք նրանք պատրաստ են, որ այս նոր նորամուծական մեխանիզմները կիրառեն, ինչպես նաև այստեղ կա ներդրումների հարցը: Մեր քարտեզագրման նպատակն էլ հենց դա է, քանի որ որոշակի դեպքերում ընկերություններն ունեն իրենց գաղափարները, բայց այդ նորամուծությունը զարգացնելու համար հետագայում խոչընդոտների են հանդիպում, ու անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք կա՞ն ինչ-որ կազմակերպություններ, որոնք կարող են այդ ընկերություններին աջակցություն տրամադրել, որպեսզի նրանք իրենց նորամուծությունները բերեն նորմալ տեսքի»:
Կ. Վարդանյանի դիտարկմամբ՝ ինովացիան մտածողություն է, երբ դու նորովի ես մոտենում խնդրին: