
«Տիրանոզավրերի» խումբը վազելով անցել է քանթրիի մայրաքաղաքի փողոցներով

Տիրանոզավրերի հագուստով մարդկանց բազմությունը վազք է կազմակերպել ամերիկյան Նեշվիլ (Թեննեսիի նահանգ) քաղաքով: Այդ մասին հայտնել է UPI-ն: «Տիրանոզավրերը» հատել են Ջոն Սայգենթալերի անվան կամուրջը, որը նախատեսված է հետիոտների համար, այնուհետեւ վազել են նեշվիլյան Բրոդվեյով՝ քանթրի ամերիկյան երաժշտության մայրաքաղաքով:
Վազքն անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ դինոզավրերի վերազգեստավորվելու սիրահարները Նեշվիլում հավաքվել էին մեկ տարի առաջ: Վազքի կազմակերպիչները նշում են, որ միջոցառմանը մասնակցել է առնվազն 25 մարդ: Նրանք չեն բացառում, որ եւս մեկ վազք կկազմակերպեն Ծննդյան տոներից առաջ կամ Սուրբ Պատրիկի օրը:
1905 թվականին իր հայտնաբերվելուց հետո տիրանոզավրը դարձել է առավել մեծ ժողովրդականություն վայելող դինոզավրերի տեսակներից մեկը: Նա հայտնվում է «Կինգ-Քոնգ» (1933 թ.) ֆիլմում եւ հանգուցային դեր է խաղում «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգում» (1993 թ.) ու նրա շարունակություններում, այդ թվում՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ժապավենում, որը թողարկվել է 2015 թվականին:
Տիրանոզավրի փչովի հագուստը, որը վազքի մասնակիցներն օգտագործել են Նեշվիլում, թողարկում է Rubie Costume Co ընկերությունը՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի թույլատրագրով: Հագուստը լայն տարածում է գտել 2016 թվականին այն բանից հետո, երբ այն հագավ American Ninja Warrior հեռուստաշոուի մասնակիցը: Հագուստի գինը կազմում է շուրջ 50 դոլար: