Բաժիններ՝

Ubi pus, ibi evacua (որտեղ թարախ, այնտեղ դանակ). Լատինական աֆորիզմ

Դեռևս 15-րդ դարում գրված Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» տրակտատում հանդիպում ենք պետությունների և տերությունների ձևավորման տարբեր եղանակների, նրանցից  յուրաքանչյուրի դեպքում տիրակալի հաջողության կամ անհաջողության պատճառների մեկնաբանությանը։ Պետության տիրակալի և վերնախավի քաջության ու բարեհաճության, ինչպես նաև դավաճանությունների ու խաբեությունների հետևանքների, իշխանությունը պահելու հմտությունների և այն կորցնելու պատճառների վերաբերյալ ներկայացվում է մանրամասն քննարկում։

Տիրակալի համար դժվարին պահին նրա շատ հպատակներ պատրաստ են հեշտությամբ դավաճանել նրան՝ հոգալով միայն սեփական բարեկեցության մասին։ Եթե այդ մարդիկ իրենց այդպես են դրսևորում փոքրոգության կամ բնածին անվճռականության պատճառով, այդպիսիններին պետք է օգտագործել, առավել ևս, եթե նրանք հմուտ են որևէ գործում։

Այն քաղաքացին, ում իշխանությունը բաժին է ընկել փողի միջոցով կամ շնորհվել է ի նշան բարեհաճության, ամբողջովին կախված է տիրակալի կամքից ու բարեհաճությունից, ում պարտական է իր իշխանությամբ։

Այսպիսով, բռնությամբ ու հանցագործությամբ պետության ղեկը ձեռք գցած իշխանավորը չի կարող վայելել ժողովրդի հարգանքն ու ակնածանքը, իսկ անորակ մերձիշխանական մտավորականությունը ցանկացած պահի կարող է դավաճանել իր տիրոջն ու անհետ կորչել։

Հաճախ հասարակությանը համեմատում են օրգանիզմի հետ: Երկուսն էլ ինքնակարգավորվող համակարգեր են:

Յուրաքանչյուրը կարող է յուրովի համեմատություններ անցկանցնել։ Որպես օրգանիզմի նորմալ կենսագործունեության ապահովման գրավական նշվում են  կենտրոնական նյարդային համակարգը (գլխուղեղ) և սիրտ-անոթային համակարգը։ Սրտի տևական կանգի դեպքում (5-7րոպե) զարգանում են անդառնալի փոփոխություններ այլ օրգան համակարգերում, այդ թվում գլխուղեղում՝ արդյունքում բերելով կենսաբանական մահվան։

Համեմատություն անցկացնելով մարդու օրգանիզմի և պետության կառավարման համակարգի միջև՝ կարող ենք փաստել, որ պետության սիրտը կառավարությունն է։ Միայն կառավարության լիարժեք ու կանոնավոր գործունեության պարագայում պետությունը կարող է առողջ լինել և երկար կյանք ունենալ։ Ցավոք այսօր մեր պետության սիրտը կանգ է առել։

Իսկ ի՞նչ կարող է անել գլխուղեղն առանց արյունամատակարարման։ Այն փորձում է իր վերջին իմպուլսներն ուղարկել օրգանիզմի գլխավոր շարժիչին՝ սրտին, նրանից արյուն, թթվածին ու սննդանյութեր խնդրելով։ Գլխուղեղի հյուսվածքում առաջանում են տոքսիններ (թույներ), որոնք ավելի են արագացնում գլխուղեղի  մահվան պրոցեսը։ Վերջին պաշարները ծախսելով մահանում է նաև գլխուղեղը։

Համեմատությունը շատ բնորոշ է ներկայումս մեր պետության գլխուղեղ համարվող մտավորականության համար։ Այն իր վերջին ջղակծկումներն է տալիս։ Իսկ այն անձինք, ովքեր գրավել են մտավորականների աթոռներն ու պարբերաբար ինչ-որ կոչումներ ու մեդալներ են ստանում որպես հայնտի ու անհայտ, խաղում են այն թույների դերը, որոնք նպատակադրել են վերջնականապես սպանել մեր պետությունն ու պետականությունը։

Եթե օրգանիզմում որպես գլխավոր պաշտպանական համակարգ գործում է իմունիտետը, ապա պետության մեջ պաշտպանության դերը տրված է դատական համակարգին։ Իմուն համակարգի լուրջ խանգարումների ժամանակ մեկնարկում են օրգանիզմի ինքնաոչնչացման պրոցեսները։ Ցավալի է, բայց փաստ, որ այսօր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ծանր հիվանդ է։ Այն գրեթե չի գործում, հետևրաբար կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և մեր պետությանը տանում է դեպի անկում։

Դիտարկենք մի քանի հիվանդություններ, տեսնենք, թե դրանք ինչքանով են համապատասխանում Հայաստանյան իշխանության ղեկին նստածների վարքագծին ու հասկանալի կդառնա նրանց կործանարար ազդեցությունը մեր պետության գոյության վրա։

Խաղամոլություն (Լուդոմանիա), խաղային կախվածություն կամ ախտաբանական գեմբլինգ – Այսպես են կոչվում այն հոգեկան շեղումները, որոնց հիմքում ընկած է մոլախաղերի հանդեպ ախտաբանական հակումը, ինչը բերում է աղքատացման, ընտանեկան և անձնական կյանքի քայքայման։ Խաղի վրա նրանք սկսում են ծախսել ավելի շատ ուժ և ցանկանում են ստանալ մեծ դրամական պարգև։ Կատարելով ավելի մեծ խաղադրույքներ՝ խաղացողն ընկնում է այսպես կոչված խաղային տրանսի մեջ։ Տրանսից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ ավարտվում է գումարը կամ ուժասպառ ընկնում է մի քանի օր խաղային մրցավազքից հետո։

 Ծերունական մարազմ (դեմենցիա) – Ծերունական մարազմի դեպքում աստիճանաբար զարգանում է գլխուղեղի կեղևի քայքայում։ Անձը չի կարողանում վերահսկել իր արարքները։ Կլինիկական ախտանիշներնից առավել հատկանշանական են վարքի փոփոխությունները, հիվանդն իրեն զգում է ուսուցչի դիրքում, փորձում է կրթել շրջապատող մարդկանց, համառորեն ապացուցում է իր ճշմարտացիությունը։ Նա կորցնում է ամոթը, կարող է խոսել էռոտիկ թեմաներով, դրսևորել սանձարձակություն։ Հիվանդությունը մարդուն դարձնում է խիստ ագրեսիվ, քծնող, չար, ագահ ու ժլատ։

Կոպրոլալիա կամ բարձրաձայն հայհոյելու կպչուն-անհաղթահարելի կիրք – Հերոնտոլոգիական պրակտիկայում կոպրոլալիան հանդիսանում է դեմենցիայի, ծերունական թուլամտության և շիզոֆրենիայի ախտանիշներից մեկը։ Կլինիկորեն արտահայտվում է հայհոյանքներով, որով անձը բարձր և էմոցիոնալ անվանում է կոնկրետ մարդկանց, որոնց հանդեպ ունի ախտաբանական հակակրանք։

Հաճախ կոպրոլալիայով տառապող անձը հայհոյում է ցուցադրաբար, մտադրված կերպով իր վրա ուշադրություն գրավելու նպատակով։

Մեծամտության մոլուցք  – Հոգեկան խանգարում է, որն արտահայտվում է սեփական անձի, կարողությունների, հնարավորությունների, հարստության, ճանաչվածության և ծայրահեղ ազդեցիկ լինելու գերագնահատմամբ։ Հիվանդի բոլոր մտքերն ուղղված են սեփական անձի բացառիկությանն ու արժեքին։ Հետևաբար, նրա բոլոր խոսքերն ուղղված են սեփական արժեքի մատնանշմանը։

Կլեպտոմանիա (գողության հակում) – Կլեպտոման կարող է դառնալ ցանկացած մարդ, անկախ սոցիալական կարգավիճակից և նյութական վիճակից։ Հիվանդը չի կարողանում իրեն հետ պահել գողության մոլուցքից, թեև գողոնը կարող է ոչ թանկարժեք իր լինել։

Պիրոմանիա (հրկիզելու հակում) – Պիրոմանիան հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է հրկիզելու անզուսպ ձգտումով։ Պիրոմանները հաճույք են ստանում ինչպես հրկիզելուց, այնպես էլ հրդեհին հետևելուց։ Հոգեբույժները կապում են հրկիզելու մոլուցքը սեփական ուժն ու իշխանությունը ցույց տալու ձգտման հետ։

Դիպսոմանիա (ալկոհոլային խմիչքների չարաշահում) – Հոգե-ախտաբանական համախտանիշ է, որի ժամանակ անձի մոտ առաջանում է ալկոհոլի չափից դուրս օգտագործման անհաղթահարելի ցանկություն։ Դիպսոմանիայի նոպային հաճախ ուղեկցում է հոգեբանական որևէ պատճառ, քրոնիկ սթրեսային գործոններ։ Որպես սկզբնապատճառ կարող են ծառայել նաև տագնապա-վախային խանգարումները։

Հոմիցիդոմանիա (մարդասպանության հակում) – Բնութագրվում է ագրեսիվ – սադիստական գործողություններով։ Ըստ հոգեբանների հոմիցիդոմանն իր արարքով կոմպենսացնում է իր ոչնչությունը, ստեղծագործելու և արդյունավետ գործելու անկարողությունը, հոգե-ֆիզիկական ագրեսիան։

Վստահ եմ, որ վերոնշյալն ընթերցելիս յուրաքանչյուրը վերհիշեց ներկայիս իշխանական համակարգի որևէ ներկայացուցչի։

Հասկանալի է դառնում, որ նմանատիպ իշխանության առկայությունը գուժում է մեր պետության որպես կենդանի օրգանիզմի մոտալուտ մահը։ Սպասելի է, երբ այդ գործընթացը նախաձեռնում են թշնամի ազգերը։ Սակայն, ամենավտանգավոր իրավիճակն այն է, երբ հայոց պետականության մահը ցանկանում են արձանագրել հայկական անձնագիր ունեցող դավաճաններն ու խաղամոլները, իրականությունից կտրված ու միայն սեփական քսակի ծանրությունը ամեն օր կշռող ալկոհոլ ու թմրամիջոց սիրողները։

Սակայն, ինչպես մարդու կյանքը կարելի է փրկել մահվան դեմ համառ պայքարի, անձնազոհության ու նվիրվածության շնորհիվ, այնպես էլ նույն համառ պայքարի միջոցով հնարավոր է փրկել սեփական երկիրը կործանումից։

Մարինա Խաչատրյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ
Բժիշկ-նյարդավիրաբույժ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս