
Իսպանիայում կուսումնասիրեն Սահմանադրության բարեփոխման հնարավորությունը Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտության շուրջ՝ Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ մասին Սանչեսը հոկտեմբերի 11-ին հայտնել է լրագրողներին: «Որոշումը, որին մենք եկանք վարչապետի հետ, քաղաքական ճանապարհ, սահմանադրական բարեփոխման ճանապարհ բացելու մասին է»,-նրա խոսքը մեջբերել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Սոցիալիստների կուսակցության ղեկավարը հավելել է, որ այդ բարեփոխման քննարկումը վերաբերելու է այն բանին, թե ինչպես «Կատալոնիան կարող է մնալ Իսպանիայում, այլ ոչ թե լքել այն»:
Հոկտեմբերի 10-ի երեկոյան Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, հայտարարելով, որ այն դեռեւս ուժի մեջ չի մտնում:
«Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- ազդարարում է փաստաթղթի տեքստը, որը վերնագրված է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիրը»: Տեքստում նաեւ հռչակվում է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանրապետության դատական եւ հիմնարար ինստիտուտների համար»: Ենթադրվում է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք Է քվեարկության դրվի խորհրդարանում, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Բարսելմոնայի եւ Մադրիդի բանակցություններն անհաջողության մատնվեն:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը: Ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, եթե ինքնավարությունը հանդես է եկել Իսպանիայից անջատվելու օգտին, Մադրիդը մտադիր է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը եւ Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից: Նրա խոսքով՝ ժեներալիտետի պատասխանով պայմանավորված կլինի այն որոշումը, որը կառավարությունը կընդունի առաջիկա օրերին: Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին, քվեարկածների ավելի քան 90 տոկոսը հանդես է եկել Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին:
Կենտրոնական իշխանությունը փորձել է խանգարել հանրաքվեի անցկացմանը՝ այդ թվում՝ կիրառելով ուժային մեթոդներ: Տուժել է 893 մարդ: Մադրիդը չի ճանաչում կատալոնացիների կամաարտահայտման արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: