«ՀՀ-ԵՄ փաստաթուղթը կստորագրվի առանց խոչընդոտների». գերմանացի վերլուծաբան

«Հանը Երևանում էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամկետները ճշգրտելու նպատակով»,-  168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:

Հիշեցնենք, որ Յոհաննես Հանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը, Հայաստանում է՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։  Մինչ այցը հանձնակատարը հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հստակություն չէր հայտնել փաստաթղթի ստորագրման վերաբերյալ: «Ինչ վերաբերում է նոր Համաձայնագրի ստորագրմանը, հիմա այն արդեն նախաստորագրված է, և մենք համոզված ենք, որ հաջորդիվ ստորագրումն է, ինչպես ասացի՝ հնարավորինս շուտ։ Ստորագրումը բխում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերից»,- ասել է նա։

Երևանում Յոհաննես Հանի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ըստ էության փորձել էր հստակեցնել ստորագրման ժամկետը: Նա նշել էր, որ Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ-ի հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նալբանդյանն ասել էր, թե  Բրյուսելում նոյեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ԱլԳ գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է լինել։

Ալեքսանդր Ռարը նախ նշեց, որ ԵՄ-ն ստեղծեց  Արևելյան գործընկերություն ծրագիրը Հայաստանին և մի քանի այլ երկրներին Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելու, նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Ռարի խոսքով, ԱլԳ շրջանակում ասոցիացումը ստեղծվեց այդ նպատակով. ԵՄ-ն ու ԱլԳ վեց երկրները, նախատեսվում էր, որ պետք է սկսեն ասոցիացվել ԵՄ-ի հետ:

Ըստ նրա, հենց այդ պատճառով երեք տարի առաջ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ այն քննարկելով ռուսական կողմի հետ: Ըստ նրա, ներկայումս ևս ԵՄ-ն չի հրաժարվել իր այդ քաղաքականությունից,  որը կիրառում է նաև Ուկրաինայի, Ադրբեջանի, Բելառուսի նկատմամբ, փորձում են ստեղծել բևեռներ, ուժեղներ և թույլեր, ինչի պատճառով անվտանգությունն այս մայրցամաքում չափազանց փխրուն վիճակում է Ռարի խոսքով, հենց այս պատճառով Հայաստանի հետ պատրաստված փաստաթուղթը վերանայվեց և ավելի պակաս հավակնոտ դարձվեց Եվրոպական միության տեսանկյունից: Բայց, ըստ նրա, նույնիսկ ոչ այնքան ուժեղ փաստաթղթի դեպքում ԵՄ-ն հետաքրքրված է ստորագրմամբ:

«Ամեն դեպքում մենք փաստաթղթին ծանոթ չենք: Հստակ ասել, թե այն ինչ է պարունակում, դժվար է: Պարզ է, որ կողմերն ամենայն հավանականությամբ փաստաթուղթը կստորագրեն: Ինձ համար այստեղ էականն այն է, որ փաստաթղթի ստորագրումն այնքան կարևոր է Եվրամիության համար, որ հանձնակատարն անձամբ է Երևան ժամանել դրա ստորագրման ժամկետները պարզելու նպատակով, ինչը նշանակում է, որ այն այնքան էլ անբովանդակ փաստաթուղթ չէ, այն խորացնելու է ՀՀ-ԵՄ գործընկերությունը: Եվրոպական միությունն Արևելյան գործընկերության երկրներից ակնկալում է անայլընտրանք ընթացք եվրոպական   ժողովրդավարության ճանապարհով, այլապես այդ երկրները կմեկուսանան»,- նման տեսակետ հայտնեց Ռարը՝ շարունակելով, որ Հայաստանն ընտրել է Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրացիայի ուղին, սակայն շարունակում է ավելի ցածր ձևաչափով համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչը թույլ կտա շարունակել համատեղ ֆինանսական պրոյեկտները, որոնք էական աջակցություն են Հայաստանի համար: Նրա համոզմամբ, Հայաստանի տեսանկյունից  այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ճիշտ է և չունի այլընտրանք:

Ռարի կարծիքով՝ նոյեմբերին փաստաթուղթը կստորագրվի առանց խոչընդոտների, քանի որ այն լավ մշակված է, բոլոր կողմերի հետ համաձայնեցված: «Ռուսաստանը Հայաստանին հասկացրել է, թե որոնք են անթույլատրելի կետերը, Հայաստանը դրանք ընդունել է և փաստաթուղթ կազմել, կարծում եմ՝ այս փաստաթղթի ստորագրումից որևէ կողմ չի դժգոհի»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս