Բաժիններ՝

Գյումրու որոշ գետնանցումներ ծառայում են՝ որպես հանրային զուգարան

168.am-ն այս անգամ որոշել է անդրադառնալ Գյումրու գետնանցումներին:

Գյումրու ասֆալտապատված, բանուկ փողոցներից Շիրակացի փողոցից հետիոտները դժվարությամբ են կարողանում անցնել՝ անգամ հետիոտների համար նախատեսված վերգետնյա անցումներից: Մեքենաների վարորդները մեծամասամբ չեն զիջում քաղաքացիներն, արագ են վարում, ինչը կարող է պատճառ դանալ ավտովթարների և դժբախտ պատահարների: Այս դեպքում մարդիկ կարող էին փողոցն անցնել այլընտրանքային ճանապարհով՝ Անանիա Շիրակացի արձանի մոտ գտնվող գետնանցումով: Այս ստորգետնյա գետնանցումը, իհարկե, բաց է, սակայն այնտեղ գարշահոտություն է տիրում, ինչի պատճառով մարդիկ այնտեղով չեն անցնում: Գյումրու քաղաքապետարանին էլ այս հարցը չի հուզում:

«Ինչո՞ւ անցումը չեն բարեկարգում: Ինչ Շիրակացին ասֆալտապատել են, չեմ կարողանում նորմալ փողոցն անցնել: Ոչ մի երաշխիք չկա, որ մեքենաների արագընթաց աշխատանքի պայմաններում ինձ վրաերթի չեն ենթարկի: Հատկապես, որ Շիրակացին թեք փողոց է, վերևից մեքենաների տեղաշարժը փողոցն անցնողի համար լավ տեսանելի չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տիկին Կարինեն:

Գարեգին Նժդեհ փողոցի վերջնամասում գտնող բնակիչներից մի երիտասարդ էլ մեզ հետ զրույցում նշեց, թե ոչ բարեկարգ գետնանցումների աստիճանների քարերը քանդում, ջարդում են կամ գողանում:

Կարդացեք նաև

«Էս ի՞նչ վիճակ է: Քաղաքում թմրամոլների պակաս էլ չի զգացվում, ինչի վկայությունը դրանցում երբեմն դատարկ ներարկիչների առկայությունն է»,- նշեց մեկ այլ զրուցակից:

Աղբակույտ, կեղտ, այրված նյութեր, որոշ դեպքերում՝ ներարկիչների առկայություն. այսպիսին է Գյումրու անբարեկարգ ստորգետնյա գետնանցումների վիճակը:

Քաղաքում, իհարկե, կան բարեկարգ և իրենց նպատակին ծառայող գետնանցումներ: Դրանցից մեկն, օրինակ, Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող գետնանցումն է, որտեղ հաջողությամբ կազմակերպված է ոչ պարենային ապրանքների առևտուրն ու սպասարկումը: Սակայն քաղաքապետարանի կողմից վարձակալությամբ և սեփականության իրավունքով տրված որոշ գետնանցումներ խայտառակ վիճակում են գտնվում:

Շիրակացի փողոցում, Խրիմյան Հայրիկի սկզբնամասում, Գարեգին Նժդեհ փողոցի միջնամասում և վերջնամասում գտնվող գետնանցումները քաղաքացիների համար ծառայում են՝ որպես աղբ թափելու վայրեր, նաև՝ որպես զուգարան: Գյումրու քաղաքապետարանը պնդում է, թե գետնանցումները պարբերապար մաքրվում են, սակայն որոշ գետնանցումներ մեր այցելության պահին նշված աշխատանքների կատարումը տեսանելի չէր:

Իսկ այն, որ բնակիչներից շատերին ընդհանրապես չի հուզում գետնանցումների վատ վիճակը. դրանց բարեկարգման, դրանցում առկա աղբն հեռացնելու անհրաժեշտությունը, պարզորոշ ձևով երևում է դրանց հանդեպ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքից:

«Մի՞թե կարելի է այսպես վարվել. խոզավարի են վարվում, անցումների մեջ ինչ ասես՝ թափում են: Մինչդեռ մի քանի գետնանցում կարելի էր բարեկարգել, որոնք հետիոտների՝ բանուկ փողոցները հարմարավետ անցնելուն կարող են ծառայել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ պապը:

Ամենավատն այն է, որ նույնիսկ սեփականության իրավունքով հանձնված գետնանցումներից մեկը խայտառակ վիճակում էր գտնվում. այնտեղ գարշահոտություն էր տիրում, պատերը քանդվել էին, քարերը՝ թափվել, դրանց վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպերը գողացել էին: Էլ ի՞նչ իմաստ ունի գետնանցումները որոշ մարդկանց վարձակալությամբ կամ սեփականության իրավունքով հանձնել, եթե նման խայտառակ վիճակում պետք է պահեն: Կամ, ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանն այս հարցի վրա ուշադրություն չի դարձնում:

Նշենք, որ ըստ Գյումրի համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքապետարանում հաշվառված է 6 անցում, որից երկուսը գտնվում են բավարար վիճակում, երկուսը կոսմետիկ վերանորոգման կարիք ունեն, իսկ մյուս երկուսում անհրաժեշտ է իրականացնել շինարարական աշխատանքներ՝ երեսպատման, հարդարման, ջրամեկուսացման և լուսավորության։ Երկու ստորգետնյա անցումում վարձակալական հիմունքներով գործում են առևտրի և սպասարկման կետեր։ Հնգամյա ժամկետում պետք է հիմնովին վերանորոգել և գործարկել մնացած բոլոր գետնանցումները: Վարձակալությունից գանձվող գումարները նախատեսվում է ուղղել անցումների հիմնանորոգմանը և լուսավորության ցանցի վերանորոգմանը։ Աշխատանքներ են տարվում՝ մյուս անցումները ևս, հնարավորության դեպքում՝ հանձնել վարձակալության:

Հետիոտնի շարժման անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևոր է ստորգետնյա և վերգետնյա (զեբռա) անցումների վերանորոգումը:

Նշենք, որ վերգետնյա անցումների գծանշումները հիմնականում կատարվում էին դեղին, անորակ, շուտ մաշվող ներկերով:

Դատելով առկա վիճակից, ստացվում է՝ անբարեկարգ գետնանցումների վարձակալությունից գոյացած գումարները բնավ էլ չեն ծառայում դրանց հիմնանորոգմանը, հետևաբար՝ այդ աշխատանքները պետք է իրականացնի Գյումրու քաղաքապետարանը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ վարձակալների կամ սեփականատերերի՝ գետնանցումները չբարեկարգելու պատճառներից մեկն էլ կարող է լինել դրանց հետագա օգտագործման ոչ շահավետ լինելը. բարեկարգեն, որ ի՞նչ անեն: 

Ինչպիսի՞ն են գետնանցումների վարձակալության գները 

Համացանցն ուսումնասիրելով՝ գտանք մի փաստաթուղթ, որը վերաբերում է Գյումրու գետնանցումներից մեկի վարձակալությանը:

Դեռևս 2011 թվականի հունիսին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, և հիմք ընդունելով գրանցման Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետական բաժնի կողմից ներկայացված ելակետային տվյալները՝ սեփականության իրավունքի վկայականը, վարձավճարի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը, ավագանին որոշեց հաստատել մրցույթով վարձակալության տրամադրելու նպատակով Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 30/3 հասցեի գետնանցումի վարձավճարի մեկնարկային գինը՝ տարեկան 360.000 դրամ գումար:

Կարծում ենք, այն գործարարների համար, որոնք գետնանցումները վարձակալելուց հետո կարողանում են դրանցում բիզնես կազմակերպել և շահույթ ստանալ, այս թիվը մեծ գումար չէ: 

Որքանո՞վ են գետնանցումները բիզնեսի տեսանկյունից շահավետ գործարարների համար 

Նախ նշենք՝ որոշ տեղեկությունների համաձայն, Գյումրու քաղաքապետարանը գետնանցումները սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ տրամադրում է իրենց ծանոթ-բարեկամներին: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ գետնանցումները վարձակալելը, դրանցում բիզնես կազմակերպելու և շահույթ հետապնդելու տեսանկյունից գործարարների համար ձեռնտու չէ: Դա հասկանալու համար որևէ վիճակագրական տվյալ նշելու անհրաժեշտություն չկա: Եթե տարեցտարի Գյումրու բնակչությունը նվազում է, առևտուրը` պակասում, գնողունակությունն ընկնում, գործարարի ինչի՞ն է պետք գետնանցումը վարձակալելը, բարեկարգելը և այնտեղ բիզնես կազմակերպելը: Կամ ի՞նչ տեսակի բիզնես պետք է կազմակերպի գործարարը դրանցում, որպեսզի շահույթ ստանա: Շահույթ ստանալու տեսանկյունից գործարարներին բիզնեսի որևէ տեսակի կազմակերպումն իրատեսական չէ Գյումրու այլ վայրերում, ուր մնաց` գետնանցումներում: Բոլորին էլ հայտնի է, որ գործարարների գերակշիռ մասն իր կապիտալը Հայաստանից դուրս է հանում:

Հիմնանորոգման ենթակա գետնանցումները պետք է հարմարեցված լինեն անվասայլակներով հաշմանդամների տեղաշարժին

 Քանի որ Գյումրու զարգացման հնգամյա ծրագիրը ենթադրում է քաղաքի բոլոր գետնանցումների հիմնանորոգում, ուրեմն Գյումրիում՝ Շիրակացի փողոցում, Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում, Գարեգին Նժդեհ փողոցի միջնամասում և վերջնամասում գտնվող գետնանցումներն հիմնանորոգումից հետո պետք է հարմարեցված լինեն նաև հաշմանդամների ազատ տեղաշարժին, ինչպես Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում՝ դատարանի մոտ գտնվող եռաթև գետնանցումն է:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս