«ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը վկայությունն է այն բանի, որ պաշտոնական Երևանն էլ տրամադրված չէ տարածքներ զիջելու». Քաղաքագետ
«Միանշանակ տեսանք, որ Նալբանդյանի հայտարարությունը քննադատության արժանացավ նախ՝ Արցախի արտգործնախարարի կողմից, հետո նաև՝ իրենց նախագահի խոսնակի՝ պարոն Բաբայանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքների հանձման հետ կապված հայտարարության մասին՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա գնահատմամբ՝ Դ. Բաբայանը բավականին կոպիտ տոնով ասաց՝ «գնացե՛ք, Նալբանդյանից հարցրեք, թե ո՞ր տարածքներն են, որ մեր անվտանգությանը չեն սպառնում». «Ինչը, բնականաբար, սպասելի էր, որովհետև Արցախում որևէ մեկը տրամադրված չէ տարածքներ զիջելուն: Ավելին ասեմ, պաշտոնական Երևանն էլ նման տրամադրություններ չունի, ՄԱԿ-ում նախագահ Սարգսյանի ելույթը դրա վկայություններից մեկն է: Այս պարագայում մենք, թերևս, արտգործնախարարի անզգուշության հետ գործ ունեցանք, և նա փորձեց դա շտկել՝ ասելով, որ կոնտեքստից կտրված էին խոսքերը, չնայած ակնհայտ է, որ կտրված չէին խոսքերը, բոլորս տեսել ենք այդ տեսագրությունները, և քննադատվում էր հենց տեսագրությունն ամբողջությամբ, ոչ թե՝ մամուլում գրված մեջբերումները: Կամ էլ Նալբանդյանը խոսում է այն տրամաբանության մասին, որը գոյություն ուներ մինչ 2014 թվականի օգոստոսյան այդ սրացումները սահմանին, և որն ամրագրվեց նաև ապրիլյան պատերազմով: Այսինքն՝ փաստն այն է, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք այդքան տարիներ բանակցվեցին, դրանց արդյունքն ապրիլյան պատերազմը եղավ»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե նոր մոտեցումներով, սկզբունքներով շարունակվի բանակցային գործընթացը, որևէ հույս չկա, որ արդյունքն այլ կլինի, քան մեկ այլ պատերազմ. «Որովհետև իրականում այդ Մադրիդյան սկզբունքները չաշխատող տարբերակ են և ընդամենը ժամանակ են տալիս կողմերին ավելի ամրապնդելու իրենց դիրքորոշումները: Հիմա, երբ Նալբանդյանը խոսում է այդ տրամաբանության մեջ, կարելի է ասել՝ դրանք ուշացած մոտեցումներ են»: