«Լապշինի ձերբակալությունը նվեր էր Ղարաբաղի անկախության պայքարին». Արա Ղազարյան

«Փոքր եղբայրը հետևել էր մեծ եղբորը և փորձում էր նույն քաղաքականությունը վարել՝ պայքարել ազատ խոսքի դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ալեքսանդր Լապշինի նկատմամբ ձախողված քրեական հետապնդման մասին՝ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

Նա նկատեց, որ տվյալ դեպքում խոսքը գնում էր ճանապարհորդող բլոգերի մասին, ով բարյացակամ կարծիքներ էր արտահայտում Ղարաբաղում ապրող բնակիչների և Ղարաբաղի անկախության պայքարի մասին. «Հիմա բլոգերն ազատվել է ու շարունակում է խոսել: Կրկին սա հենց այն դեպքն է, երբ մարդու իրավունքն ազդեց քաղաքական գործընթացի վրա, անկասկած է, որ Ադրբեջանը կցանկանար 3 տարի և ավել Լապշինին պահել բանտում, բայց, ինչպես ժամանակին տարբեր փորձագետներ էին նշում, դա մեծ գլխացավանք կլիներ Ադրբեջանի համար»:

Ա. Ղազարյանի խոսքով՝ հիմա Ադրբեջանը հասկացավ, որ դա հակառակ էֆեկտն է տալիս, մարդիկ, ովքեր Ղարաբաղի տեղը չգիտեին, Ղարաբաղի տեղն իմացան, Ղարաբաղի բնակչության պայքարի մասին չգիտեին, իմացան. «Այսինքն՝ դա, կարծես թե, նվեր էր Ղարաբաղի անկախության պայքարին: Ամենահետաքրքիրն այն է, որ բլոգեր Լապշինը սկսել է խոսել և անբարյացակամ կարծիքներ է հայտնում իր դեմ հարուցված այդ քրեական գործի նկատմամբ, որի կրողն Ադրբեջանի կառավարությունն է»:

168.am-ը հետաքրքրվեց՝ հայտնի է, որ Լապշինը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել  միջազգային ատյաններին, ի՞նչ կարելի է ակնկալել այդ գործընթացից: Ի պատասխան՝ Ա. Ղազարյանն ասաց, որ Լապշինի գործով իրենց աշխատանքային խումբն արդեն մի անգամ դիմել է Միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների կոմիտե՝ ընդդեմ Բելոռուսի. «Այդ գանգատը մերժվել է կամ գուցե ընթացքի մեջ է, ես տեղյակ չեմ: Մտածում էի, որ Լապշինը հիմա ճիշտ կանի, որ դիմի, որովհետև այդ առաջին դիմումն արդեն կարող է համալրել նրա երկրորդ գանգատը, արդեն կարող է դիմել ոչ թե Մարդու իրավունքների կոմիտե, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետև արդեն սուբյեկտն Ադրբեջանն է, ոչ թե Բելառուսը:

Ի վերջո, հաստատվեց, որ այն, ինչ մենք նշել էինք առաջին գանգատում, ճշմարտություն  է, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվել: Ոչ մի դատարան վակուումում չի աշխատում, բոլոր դատարաններն օգտվում են դրսում հոսող ինֆորմացիայից. արդեն ձևավորվել է գլոբալ կարծիք, որ դա քաղաքական հետապնդում էր»:

Մեր ճշտող հարցին էլ՝ այսինքն՝ դիմելու դեպքում հավանականությունը մե՞ծ է, որ նա հաջողության կհասնի, և քաղաքական առումով դա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, Ա. Ղազարյանն այսպես պատասխանեց. «Իրավական առումով ավելի հիմնավոր է հիմա, քան նախկինում, քանի որ հիմա ինֆորմացիայի, փաստերի առատություն կա, նա պետք է դիմի ազատ արտահայտվելու իրավունքի հիմքով, երկրորդ՝ եթե ճիշտ է, որ նրա նկատմամբ եղել է մահափորձ քրեակատարողական հիմնարկում, ապա նա պետք է դիմի այդ հիմքով:

Եթե Լապշինը դիմի, կոնկրետ մեր գանգատների համար նա կարող է մեծ լումա ունենալ, և մեր գանգատները կարող են օգնել իր գանգատներին, որովհետև հիմքում ընկած են Ադրբեջանի պետության հայատյաց քաղաքականությունը, ռասիզմը: Այս հիմքով մենք առաջին անգամ արդեն կունենանք սուբյեկտ, որն արտասահմանցի է, որը ենթարկվել է այն նույն խախտումներին, ինչը ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները: Ես շատ կուզեի, որ դիմեր, որովհետև կգոյանա ողջամիտ համակցություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս