
Բերձորի արվեստի դպրոց հաճախող սաների թիվն տարեցտարի ավելանում է

Բերձորի արվեստի դպրոցում գործում են երաժշտական տարբեր բաժիններ, ինչպես նաև կերպարվեստի և պարարվեստի խմբակներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերձորի արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի Տաթև Բաբայանը՝ նշելով, որ արվեստի դպրոցը մասնաճյուղեր ունի նաև այլ համայնքներում:
«Դպրոցն ունի 200-ից ավել սան: Միայն նկարչության խմբակ հաճախում է շուրջ 48 երեխա. նրանց քանակը տարեցտարի ավելանում է: Երեխաները մեծ սիրով են մասնակցում պարապմունքներին: Բազմազավակ և անապահով ընտանիքների համար խմբակներն անվճար են, իսկ մնացածների համար՝ ամսական 1000 դրամ է նախատեսված: Դասերի ընթացքում սովորում ենք գծանկար, գունանկար, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ և արվեստի պատմություն: Մասնակցել ենք տարբեր ցուցահանդեսների՝ արժանանալով մրցանակների: Այս տարի կազմակերպված համահայկական մրցույթին մեր սաներից ոմանք անցել են 2-րդ փուլ,-ասել է Տ. Բաբայանը և հավելել,- ես զբաղվում եմ նաև կավից հայկական ազգային մոտիվներով զարդեր պատրաստելով, ինչպես նաև ուլունքագործությամբ, որոնց մի մասը ցուցահանդեսների ժամանակ վաճառվում է: Ձեռքի աշխատանքները միշտ էլ հարգի են, ու թանկ են վաճառվում. դրանք հիմնականում գնում են այն մարդիկ, ովքեր հասկանում են ձեռքի աշխատանքով ստեղծված արվեստի գործերի արժեքը»: